Լուրեր
Արտակարգ դրությունը երկարաձգվում է ոչ այնքան առողջապահական նպատակներից ելնելով, որքան քաղաքական․ Մարգարիտ Եսայան
12.06.2020
Ես հետևում էի ԱԺ-ի դիմաց Ռուբեն Մելիքյանի իրականացրած ակցիային: Նա որևէ կարգ չի խախտել և ինձ խիստ զայրացրեց ոստիկանության պահանջը։ Այս մասին նշեց ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը, ով միացել է ոստիկանության Արաբկիրի բաժնի դիմաց հավաքված քաղաքացիներին, որոնք հավաքվել էին ոստիկանության դիմաց ի պաշտպանություն ԱԺ-ի դիմացից բերման ենթարկված Ռուբեն Մելիքյանի և մի քանի այլ իրավապաշտպանների:
«Իմ կարծիքով արտակարգ դրությունը երկարաձգվում է ոչ այնքան առողջապահական նպատակներից ելնելով, որքան քաղաքական: Ես հասկանում եմ, որ օրվա իշխանությունը այսօր մտահոգ է, մարդկանց համբերության բաժակը արդեն լցվում է և չեն ուզում այս վիճակը հանդուրժել: Սակայն սա երկար չի կարող տևել, մարդիկ աշխատելու և սոցիալական խնդիրներ լուծելու պահանջ ունեն և իշխանությունը ոչ միայն չի աջակցում քաղաքացիներին, այլև սեղմած է պահում: Ես այստեղ եմ, որովհետև Ռուբեն Մելիքյանին շատ հարգում եմ, համարում եմ մեր օրերի լավագույն իրավապաշտպաններից մեկը և համարում եմ որ իր քայլերը օրենքի շրջանակում են իրականացվել»:
Մարգարիտ Եսայանը նշեց, որ ակցիային իր ներկայությունը բողոք է առ այն, որ ոստիկանությունը և իշխանությունը սխալ գործողություններ են իրականացնում:
«Ես վստահ եմ, որ քաղաքացիների հիասթափությունը մեծանում է: Վստահ եմ, որ մարդիկ ընդվզելու են: Արդեն տեսնում ենք ընդվզումներ, կառավարության մոտ սոցիալական խմբերի բողոքներ: Եթե դու մարդկանց համարժեքը չես տալիս և խանգարում ես նրանց աշխատել, բնականաբար, այդ մարդիկ պետք է ընդվզեն: Իհարկե, բարդ իրավիճակ է, բայց այսօրվա իշխանության քայլերը ես չեմ համարում ստեղծված իրավիճակին համարժեք և մարդասիրական»,- նշեց նա:
tert.am