Լուրեր

Մեդիան, խոսքի ազատությունը եւ քաղաքական կուսակցությունները

11.06.2020

Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամները օրերս մասնակցել են Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի եւ Ռոբերտ Շուման ինստիտուտի կողմից կազմակերպված դասընթացին:

Օնլայն ռեժիմով անցկացված դասընթացը կրել է «Մեդիան, խոսքի ազատությունը եւ քաղաքական կուսակցությունները» խորագիրը:

Երիտասարդները ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանի հետ քննարկել են մտածելու ազատության հիմնահարցը եւ վերջինիս կարգավորմանն ուղղված իրավական մեխանիզմները:

Դասընթացի ընթացքում բանախոսությամբ է հանդես եկել հեռուսատամեկնաբան, քգթ., դոցենտ Աբրահամ Գասպարյանը, ով խոսել է մեդիադաշտի եւ քաղաքականության մեջ եղած սերտ կապի եւ Հայաստանում լրատվամիջոցների առջեւ ծառացած մարտահրավերների մասին:

Պատասխանելով մասնակիցների հարցերին բանախոսը անդրադարձել է նաեւ քաղաքական գործընթացներում լրատվամիջոցների ունեցած դերակատարության կարեւորությանը:
Վեբինարի ընթացքում քննարկվելիք երրորդ թեման նվիրված է եղել թշնամական միջավայրում քաղաքական հաղորդակցությանը: Քաղաքական խորհրդատու, Grassroots Political Consulting LLC ընկերության տնօրեն Դենիել Ֆարաչին երիտասարդներին պատմել է տրանսատլանտյան եւ մերձավորարեւելյան փորձի, ինչպես նաեւ քաղաքական ու հասարակական դաշտերում ատելության խոսքի դրսեւորումների ու դրանց դեմ պայքարի մասին:

«Այս վեբինարի ժամանակ բարձրաձայնված խնդիրները խորացրին մեր այն համոզմունքը, որ խոսքի եւ մամուլի ազատությունը առողջ եւ ժողովրդավարական հասարակություն ունենալու հիմնական գրավականներից են: Ատելության խոսքը, անազատ ու կողմնակալ մամուլը անընդունելի են ցանկացած պարագայում» ,- նշեցին մասնակիցները:

 

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

← Վերադառնալ ցուցակին