Լուրեր

«Ոչ միայն կորոնավիրուսը, այլ նաև քաղաքական դիլետանտիզմն է սկսել փոխանցվել օդակաթիլային եղանակով». Հայկ Մամիջանյան

07.06.2020

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Կարդացի Արման Մուսինյանի երեկվա հրապարակումը ու հասկացա, որ ոչ միայն կորոնավիրուսը, այլ նաեւ քաղաքական դիլետանտիզմն է սկսել փոխանցվել օդակաթիլային եղանակով։ Ես չէի զարմանա, եթե նմանօրինակ գրառում աներ մսուրի ходунок-ից մեծ քաղաքականության պատգամավորական բազկաթոռ տեղափոխված որեւէ իմքայլական, բայց առաջին Նախագահի քաղաքական թիմը առաջ գոնե աչքի էր ընկնում փորձառությամբ։
Համեմատել հաղթած ռազմական գործողություններ՝ Ապրիլյան պատերազմը արդեն իսկ ձախողած հակահամաճարակային պայքարի հետ սովորական քաղաքական մանիպուլյացիայից անդին է։

1. Բա որ պատերազմի կանխատեսումը ձախողվել էր, ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը մեր իշխանության օրոք աշխատանքից ազատված ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանին «ցուցմունքի դիմաց» խորհրդական կարգել։

 2. Բա որ բանակը կռվում էր «80-ականների զենքով», ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանի օրոք (հաճախ դեռեւս մեր կողմից կնքված վարկային պայմանագրերի միջոցներով) գնվում 70-ականների զենքեր։

3. Բա որ դիզվառելիքը գողացվել էր, ո՞ւր են քրեական գործերը։

4. Բա որ կոռուպցիան խժռել էր զինված ուժերը, ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանի թիմակից Անդրանիկ Քոչարյանը փաստում, որ դիրքերում ոչ սպառազինության, ոչ վառելիքի, ոչ էլ սննդի պրոբլեմ չի եղել։

Ինչ վերաբերվում է այսպես կոչված տարածքային կորուստներին, ապա կարծում եմ, որ դրանց ծավալի, նշանակության եւ ռազմական գործողությունների նպատակահարմարության մասին պիտի խոսեն այն մարդիկ, որոնք ժամանակին շահել ու պահել են այդ հողը։ Դրանց թվին ոչ ես, ոչ Դուք չենք պատկանում։

Երբ Նախագահ Տեր-Պետրոսյանը Ապրիլյանի եւ Սասնա Ծռերի ժամանակ համախմբվելու կոչ արեց՝ ինքը գիտեր, որ դիմացի կողմը դա ըստ արժանվույնս կգնահատի եւ կընկալի։ Եվ դա գնահատվեց։ Այլ կերպ ասած՝ նա գիտեր Սերժ Սարգսյանին։ Ցավն այն է, որ նա գիտի նաեւ Նիկոլ Փաշինյանին…

Իշխանությունններն անցողիկ են (կոնկրետ այս իշխանույթունը՝ արդեն անցած), պետությունն է մնայուն։ Մենք չենք մի քանի ամիս առաջ խախտել «համաճարակային ներքաղաքական հրադադարը»։ Հիշենք, որ համավարակի տարածման առաջին շրջանում մեր թիմը հրապարակային եւ ոչ հրապարակային աջակցություն է առաջարկել իշխանություններին։ Բայց իրենք նույնիսկ այդ հարցում «սեւ ու սպիտակ» են խաղում։ Թե քանի կյանքեր կփրկվեին, եթե մեր առաջարկները ընդունվեին, արդեն չենք իմանա։ Ուստի մեզ սթափության ու հայրենասիրության դասեր տալու փոխարեն` իշխանությանը բացատրեք, որ “black” professionals matter. իրենց իսկ հորինած ու սնած ատելության քարոզը մի կողմ դնեն գոնե օրհասական պահերին եւ օգտվեն պրոֆեսիոնալների խորհուրդներից»:

← Վերադառնալ ցուցակին