Լուրեր
Հերթական առցանց դասընթացը ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչների մասնակցությամբ
27.05.2020

Մայիսի 26-ին տեղի է ունեցել «Սոցիալական մեդիայի մարքեթինգը (SMM) քաղաքական կուսակցությունների համար» խորագիրը կրող դասընթաց: Այս դասընթացը առցանց ռեժիմով իրականացված թվով երկրորդ դասընթացն էր, որը կազմակերպվել էր Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի եւ Ռոբերտ Շուման ինստիտուտի կողմից:
Ծրագրին բանախոսությամբ հանդես է եկել Ավստրիայի Ժողովրդական կուսակցության (ÖVP) թվային հաղորդակցության բաժնի անդամ Ադեմիր Յատիչը: Բանախոսությունը նվիրված է եղել ճգնաժամային իրավիճակներում քաղաքական կուսակցությունների դիրքավորմանը սոցիալական մեդիադաշտում, նախընտրական շրջանում քաղաքական կուսակցությունների քարոզչությանը եւ սոցիալական մեդիադաշտի ընձեռած հնարավորությունների արդյունավետ տնօրինմանը:
Դասընթացի շրջանակներում ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները բանախոսություն են ունեցել նաեւ սոցիալական մեդիադաշտում կոնտենտի ստեղծման վերաբերյալ: Բանախոսությունը վարել է սոցիոլոգ, SPRING PR կազմակերպության համահիմնադիր Նոնա Մելքոնյանը, ում հետ երիտասարդները քննարկել են սոցիալական ցանցերում քաղաքական բովանդակության ստեղծման կարեւորագույն կետերին եւ սոցիալական մեդիայի ներգրավվածությանը ներկայիս քաղաքական կյանքին:
Ծրագրի ընթացքում երիտասարդ քաղաքական գործիչները հարցուպատասխանի միջոցով բանախոսներից ստացել են իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: Նրանց խոսքով դասընթացը հագեցած է եղել սոցիալական մեդիայում իրենց քաղաքական գործունեությունը ճիշտ կազմակերպելու համար անհրաժեշտ տեղեկատվությամբ:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն