Լուրեր

«Գործող կառավարությունն առ այսօր չի արել մի քայլ, որը դրական արդյունք ունենա». Արտակ Զաքարյան

23.05.2020

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գործող կառավարությունն առ այսօր չի արել մի քայլ, որը դրական արդյունք ունենա և կոչվի հանուն Հայաստանի Հանրապետության։

1. Արցախի հարցում մտել են վտանգավոր տեղապտույտի մեջ, որը կարող է «սադրել» նոր ավանտյուրա։

2. Հակաճգնաժամային հստակ քաղաքականության բացակայությունը, նոր ռիսկեր ու ծանր սոցիալակսն մարտահրավերներ է բերում մանր ու միջին բիզնեսի համար։

3. Հակահամաճարակային ծաղրուծանակի վերածված կարանտինով՝ լուրջ վտանգի առաջ են կանգնեցրել հանրային առողջության պահպանմումը։

4. Հակահամաճարակային խառնաշփոթով մեծ հարված են հասցնում երկրի արտաքին իմիջին՝ ինչի արդյունքում, դեռ երկար ժամանակ ուշքի չի գալու պետության համար եկամտաբեր տուրիզմն ու նրան սպասարկող ենթակառուցվածքները։ Դրանով, ավելի մշուշոտ են դարձրել նաև ներդրումային քաղաքաքականությունը։

5. Հոգևոր- մշակութային, ընտանեկան և ազգային ինքնության հիմնարար արժեքների բացահայտ և/կամ թաքնահարույց ոտնահարմամբ՝ թուլացնում են ազգային պետականության և Հոգևոր Հայաստանի կենարար ուժը։ Այսինքն՜ մեր ազգի ու տեսակի գոյաբանական բացառիկ հենարանը։ Ավելի պարզ՝ հարվածում են այն արժեքներին, որով մենք առ այսօր պահպանել ենք մեր հայկական ինքնությունը։

6. «0»-ից սկսվող անհասկանալի արտաքին քաղաքականության արդյունքում «վթարային վայրեջք» են կատարում հայ-ռուսական բազմաֆունկցիոնալ ռազմավարական հարաբերությունները՝ իրենց տխուր հետևանքներով հանդերձ։

7. ՀՀ-ԵՄ, ՀՀ-ԱՄՆ շատ կարևոր հարաբերություններն առայժմ սահմանափակվում են մերթ ընդ մերթ հնչող քաջալերող հայտարարություններով՝ առանց ռեալ պոլիտիկի։ Այսինքն չկան կոնկրետ գեներացվող շահեր, բացի նրանից, որ արևմտյան երկրների մի շարք պաշտոնյաներ գովել են Փաշինյանի «հաշվետվողականությունը և թափանցիկությունը»։ Օրակարգերում ՀՀ շահերց բխող կոնկրետություն դեռևս չի նկատվում։

8. Անվտանգային և պաշտպանական քաղաքականության հարցերում միակ հույսը մնացել է հայկական Բանակը, որը շարունակում է պատվով կատարել իր առաքելությունը՝ անկախ օրվա իշխանություններց։

9. Դատաիրավական համակարգը վերածվում է քաղաքականացվող բալագանի։ Իրավապահ մարմինները «մխրճվել» են ներքաղաքական պայքարի «ճահիճում», որտեղ և՛ առաջ գնալն է վտանգավոր, և՛ ետդարձը։ Տեղում կանգառն էլ կարծես երես չի փրկում։

10. Արցախյան առաջին պատերազմի հորոսների, մի շարք զորահրամանատարների, և 2016թ ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների գլխավոր պատասխանատուների շուրջ ձևավորած տեղեկատվական և «իրավա-քաղաքական» ֆարսի միջոցով, անուղակի կերպով, փորձում են կոտրել հասարակության բարոյահեգեբանանական ոգին։

11. Պետության էքս-նախագահների, նախկին պաշտոնյաների դեմ սկսել են կեղծ, շինծու և զավեշտի վերածված «դատավարություններ», որի արդյունքում ավելի են խորացնելու ներքաղաքական ճգնաժամը՝ վնասելով ժողովրդավարական համախմբմանը։

12. «Փայլուն» կադրային քաղաքականությամբ, կեղծ վիճակագրությամբ և հակասական հայտարարություններով մսխում են լեգիտիմ իշխանության համար անհրաժեշտ հանրային վստահության պաշարները։

Այս շարքը կարելի է շարունակել, բայց եղածն էլ քիչ չէ։ Գործող իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ունեին շատ լավ ստարտային պայմաններ՝ էֆեկտիվ աշխատելու համար։ Բայց պարզվեց, որ պետության շահերի համար, իշխանության էֆեկտիվությունը հասել է զրոյի։ Միակ բանը, որն այսօր բխում է պետության շահերից, սահմանադրության մատնանշած ճանապարհով գործող կառավարության փոփոխությունն է։

Շատ ավելի խելացի և գովելի կլինի, եթե իշխանություններն ու ընդդիմությունը (բոլոր կարող ուժերը) այս հարցը լուծեն համագործակցաբար՝ առանց ցնցումների։ Նման նախադեպեր քաղաքակիրթ աշխարհին հայտնի են։ Դա քաղաքական մշակույթի կատարյալ ձևերից մեկը կարող է լինել՝ հանուն Հայաստանի Հանրապետության։

հ.գ. Կլինեն մարդիկ, որ կհարցնեն «իսկ արդյոք ես հավատու՞մ եմ այս առաջակին»։ Պատասխանը մեկն է. կրիտիկական պահերի մեր ժողովուրդը միշտ կայացրել է ճիշտ որոշում։ Ես հավատացել, ու հավատում եմ մեր ժողովրդի ու նրա ներկայացուցիչների իմաստությանը։ Այլապես կորուստներն անդառնալի են լինելու՝ եթե նույնիսկ ընդդիմությունն ամեն օր գովերգի այսօրվա իշխանություններին»:

← Վերադառնալ ցուցակին