Լուրեր

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը համավարակի պայմաններում շարունակում է համագործակցությունը իր միջազգային գործընկերների հետ

21.05.2020

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը համավարակի պայմաններում շարունակում է համագործակցությունը իր միջազգային գործընկերների հետ՝ իրականացնելով մի շարք կրթական ծրագրեր

 
Ներկայումս աշխարհում տիրող նոր կորոնավիրուսային համավարակի պայմաններում Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը շարունակում է համագործակցել միջազգային կառույցների հետ: Երիտասարդների մասնակցությունը միջազգային կրթական ծրագրերին վերջին ամիսների ընթացքում տեղափոխվել է համացանցային տիրույթ:
 
Օրերս Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի եւ Ռոբերտ Շուման ինստիտուտի հետ համատեղ կազմակերպվել էր «Հակաճգնաժամային կառավարումը քաղաքական կուսակցություններում» (Crisis Management for Political Parties) խորագիրը կրող առցանց դասընթաց, որի ընթացքում քննարկվել է արտակարգ դրության եւ պանդեմիայի ժամանակ քաղաքական կուսակցություների գործունեությունը, այդ թվում՝ ընտրարշավների կազմակերպումը: Անդրադարձ է կատարվել նաեւ համավարակի պատճառով քաղաքական կուսակցություններում առաջացած այլ խնդիրներին եւ դրանց լուծման եղանակներին:
 
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները մասնակցել են նաեւ Ռոբերտ Շուման ինստիտուտի կողմից կազմակերպված «Եվրոպայի զարգացումը. Օրենքի գերակայություն» (Fundament for Prosperity and European Development) թեմայով ծրագրին, որի ժամանակ քննարկվել է օրենքի գերակայության առաջնահերթության խնդիրը, հակակոռուպցիոն պայքարը եւ վերջինիս արձանագրած արդյունքները տարբեր երկրների օրինակներով:
Ազգային Ժողովրդավարական ինստիտուտի (National Democratic Institute) կողմից կազմակերպվել էր մեկ այլ դասընթաց, որը վերաբերում էր ֆոկուս խմբերի հետ տարվող աշխատանքներին եւ լավ զրուցավար լինելու առանձնահատկություններին:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը միջազգային կառույցների հետ երկկողմանի նախաձեռնությամբ շարունակելու է առցանց ռեժիմով իրականացնել ծրագրված դասընթացները:
 

← Վերադառնալ ցուցակին