Լուրեր

Այս անգամ Փաշինյանը մեկ շատ կարևոր բան չնշեց. Շարմազանով

18.05.2020

ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր լայվում թերի է անդրադարձել Ադրբեջանի ֆաշիստական լեգիոնի դրվագին, որի ղեկավարներից մեկը եղել է Ադրբեջանի հերոս Մամեդ Էմին Ռասուլզադեն․

 
« Կարիք չկար նրան պապկա փոխանցել, որովհետև հոկտեմբերի 11-ին Ալիևը նման կերպ իրեն պահեց, ես ընդամենը 1 ժամ հետո իմ ֆեյսբուքյան էջում գրառում եմ արել և ներկայացրել եմ թե՛ ադրբեջանական լեգիոնի պատմությունը, թե՛ Նժդեհի գործունեությունը։ Եթե մինչ ասուլիսը Փաշինյանը չէր խոսում ադրբեջանական լեգիոնից, ասուլիսի օրը խոսեց, բայց ինքը մեկ այլ կարևոր բան չնշեց այս անգամ, չնշեց, որ Նժդեհի որևէ զինվոր Կարմիր բանակի դեմ չի կռվել, չնշեց, որ Նժդեհի գործունեությունը ուղղված չի եղել Խորհրդային միության դեմ, չնշեց, որ նույնիսկ Նժդեհը իր ջանքերով այն զինվորներին, որոնց ուղարկել էին Ղրիմ՝ Կարմիր բանակի դեմ, գնաց և իր հեղինակության շնորհիվ հետ բերեց և ուղարկեց Թրաքիա։ Այսինքն՝ կան մանրամասներ։ Այսինքն՝ կան մարնրամասներ, որ մեր պետության ղեկավարը պարտավոր է տիրապետել, պարտավոր չէ իմանալ շատ մանրամասներ, բայց երբ խնդիրը գնում է այս բանավեճով և միջպետական հարաբերությունների մակարդակով, ապա սրանք պետք է ներկայացվեր, որը, իհարկե, չարվեց և էլի հատվածական ներկայացվեց։ Իսկ ինչ մնում է ադրբեջանական լեգիոնին, ապա ադրբեջանական լեգիոնը բաղկացած է եղել 40 հազար մարդուց և կան Հիթլերի խոսքերը, որ պետք չէ հայերին և վրացիներին վստահել, պետք է վստահել մահմեդական լեգիոնին, իսկ մահմեդական լեգիոնի հոմանիշը հենց ադրբեջանական լեգիոնն է»։
 
 
Հիշեցնենք, որ Փաշինյանը իր վերջին ասուլիսում անդրադարձավ Ադրբեջանի նախագահի՝ ընդդեմ Գարեգին Նժդեհի արված հայտարարություններին, որում Ալիևը Նժդեհին և հայ ժողովրդին մեղադրում է ֆաշիզմին աջակցելու մեջ։ Փաշինյանն ասաց, որ ադրբեջանական քաղաքականությունը հետևյալն է` նրանք ուզում են նսեմացնել հայ ժողովրդի մասնակցությունը Երկրորդ աշխարհամարտին, մանավանդ Հայրենական մեծ պատերազմի հաղթական 75-ամյակի առիթով, և ցույց տալ, որ հայերը ֆաշիստական Գերմանիայի և նացիստների հետ համագործակցող ժողովուրդ են եղել։
 
«Խոսեմ փաստերով։ Շուրջ 600 000 հայ մասնակցել է Երկրորդ աշխարհամարտին, ընդ որում` 100 000 հայ մասնակցել է` բնակվելով Խորհրդային Միությունից դուրս։ 300 000 հայ զոհվել է կամ անհետ կորել։ 65 հայ ստացել է գեներալի կոչում։ Խորհրդային Միության պատմության մեջ 115 հայ գեներալ է եղել և 4 մարշալ։ Խորհրդային Միության հայազգի 107 հերոսներից 26-ը եղել են Լեռնային կամ Դաշտային Ղարաբաղից։ 27 հայ համարվում է «Փառքի ասպետ»։ Նշեմ, որ այդ փառքի շքանշանակիրներից մեկն իմ մայրիկի քեռին է։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին ձևավորվել է 6 հայկական դիվիզիա` ընդհանուր 60,000 զինվորով»,-ասաց Փաշինյանը։ Փաշինյանը ցույց տվեց այդ հագուստներից մեկի լուսանկարը՝ նացիստական տարբերանշաններով։ Բացի այդ ՀՀ վարչապետը նշեց, որ աշխարհամարտի տարիներին Գերմանիայում լույս է տեսել «Ադրբեջան» լեգեոներական պաշտոնաթերթը, և ցույց տվեց դրա համարներից մեկի առաջին էջը։
 
Փաշինյանը հիշեցրեց նաև, որ Ադրբեջանի առաջին հանրապետության ղեկավարներից մեկը՝ Մամեդ Էմին Ռասուլզադեն, սերտորեն համագործակցել է նացիստական Գերմանիայի և նացիստական կուսակցության հետ։ Նրա անմիջական մասնակցությամբ ստեղծվել է ադրբեջանական խմբավորում, որի ղեկավար կազմը դասընթացներ է անցել նացիստական հետախուզական դպրոցներում։
 
hraparak.am

← Վերադառնալ ցուցակին