Լուրեր

«Պարտավոր եք խմբակցության նիստ հրավիրել եւ ձերոնց բացատրել ախոռի եւ Ազգային ժողովի տարբերությունը». Մարգարիտ Եսայան

11.05.2020

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դուք հիմա պարտավոր եք խմբակցության նիստ հրավիրել եւ ձերոնց բացատրել ախոռի եւ Ազգային ժողովի տարբերությունը»

Արդեն շատ գրվեց, խոսվեց մայիսի 8-ին երկրի օրենսդիր մարմնում ձեր խմբակցության խայտառակ պահվածքի, ծեծուջարդի, խուլիգանության մասին։ Դուք անձամբ ձեր աչքով տեսաք, թե ինչ կատարվեց։ Բայց, ինչպես եւ սպասվում էր, ԱԺ ամբիոնին մոտենալով դուք ձեզ թույլ տվեցիք հերթական խայտառակությունը՝ ձեր ելույթով արդարացնելով բռնությունը, կռիվ-ղալմաղալը ԱԺ դահլիճում։ Եվ վատ մոր պես, իրականությունն աղավաղեցիք, ու արդարացրիք չար երեխաներին, իսկ ավելի ճիշտ՝ ինքներդ ձեր ելույթով մաս դարձաք այդ խայտառակությանը։Հիմա, պարոն Փաշինյան Նիկոլ, ճիշտ ժամանակ է հիշեցնել ձեզ ձեր երբեմնի ելույթներից մեկը եւ կոչ անել ձեր իսկ խոսքերով․«Դուք պարտավոր եք անհապաղ խմբակցության նիստ հրավիրել եւ ձեր պատգամավորներին բացատրել ախոռի եւ Ազգային Ժողովի տարբերությունը»։
Հրավիրեք եւ բացատեք, որ փողոցային պահվածքը այդ շենքում երբեք արդարացված չի եղել։ Եթե անգամ եղել են նման երեույթներ, ապա անմիջապես հնչել են դատապարտող գնահատականներ եւ ԱԺ նախագահների եւ պատգամավորների կողմից։
Մինչդեռ դուք արդարացրիք այդ կռիվը եւ անգամ թեթեւ, ձեւի համար նկատողություն չարեցիք օրինազանց պատգամավորներին։
Իսկ ԱԺ նախագահը առաջնորդվեց․ «Մայա խատա ս կռայու», տրամաբանությամբ/անգամ ինձ թվաց այդ խայտառակությունը նրան դուր եկավ/։

Դուք պատկերացնո՞ւմ եք ինչ նվեր արեցիք «կիրթ» Ալիեւին, Շուշիի ազատագրման օրը, երբ դատարան բերեցիք Արցախի առաջին նախագահին, մեր երկրի նախկին չորս վարչապետի եւ ապա, այս կռիվ-խայտառակությունը, ընդ որում, ամբողջ կառավարության ներկայությամբ։ Նաեւ՝ վարչապետի։ Դուք չունեք պետական մտածողություն։Չունեք։
«Էս չե՞ք, արա»: Հեղինակային իրավունքը գիտեք ումն է։

Հիմա փորձենք հասկանալ, թե ինչո՞ւ հավուր պատշաճի ի զորու չեղաք կարգուկանոն հաստատել եւ սաստել ձեր քպականներին, ինչո՞ւ ձեր ներկայությունն անգամ քպականներին չզգաստացրեց, մի՞թե նրանք իրենց դեռ փողոցներում են զգում,մի՞թե փողոցից գալով, մնացին փողոցում, անկենսագրություն մարդիկ, որոնցից յուրաքանչյուրը, իմ տպավորությամբ, այդ քստմնելի տփոցու մեջ փորձում էր պաշտպանել փողոց չվերադառնալու իր հնարավորությունը։ հնարավոր է։ Հակառակ դեպքում ոնց բացատրես հետեւից մարդուն խփելը, քացով խփելը, գլխին դոմփելը։ Ի՞նչ է այս պահվածքի անունը, պարոն Փաշինյան։ Մտածեք։

Ըստ իս, դուք չդատապարտեցիք բռնությունը, հակառակը՝ պաշտպանեցիք, մի քանի պատճատով։
Պատճառները ակնառու են․

Ա․Դուք թույլ առաջնորդ եք, Փաշինյան Նիկոլ, դուք երբեք չեք եղել եւ այսօր էլ չեք այն հեղինակությունը, որի մեկ հայացքից անգամ ձեր կուսակցականները կպապանձվեին,թեկուզ զուտ հարգանքից ելնելով։ Իսկ սա նշանակում է,ձեզ հարգալից չեն ընդունում ձեր իսկ թիմում։

Բ․Դուք վախենում եք ձեր թիմից, հակառակ դեպքում ինչ կերպ բացատրել այն շողոքորթությունը, որը հնչեց ձեր նույն օրվա ելույթում, երբ լալահառաչ ողբում էիք, թե մեծամասնության անդամ կանանց սպառնում են բռնաբարել, հայհոյում են եւ այլն։
Դարձյալ ռոբասերժական, սերժառոբական ձեր լալահառաչ «նեյնիմներով» փորձեցիք մարդկանց ապակողմնորոշել։ Չկա նման բան եւ դուք դա ինձանից լավ գիտեք։ Պարզապես,միշտ, երբ ձեր բոլոր փաստարկները եւ ասելիքը ավարտվում է, դուք այդ բառակապակցություններն եք բղավում, փորձելով մարդկանց մեջ արթնացնել ատելության հին բնազդները։ Չի ստացվում, պարոն Փաշինյան ,մարդիկ արդեն երկու տարի ամեն ինչ տեսան ու հասկացան, հասկացան, որ չարաչար սխալվել են ու ձեր «նախկինների» թեմայով օպերաները այլեւս ոչ մեկին չեն համոզում, այլեւս տեսանելի է, որ դա կեղծ օրակարգ էր, որի վրա դուք խաղարկեցիք այս ամբողջ Սոդոմ-գոմորը։

Գ․ Բռնաբարության եւ հայհոյանքի մասին եւս երկու խոսք․․․Գրել եմ արդեն, հիմա մի թեթեւ կրկնեմ՝ դրանով դուք տվեցիք ձեր ինքնախոստովանական ցուցմունքը։Ուղիղ երկու տարի առաջ ապրիլի վերջին ես ինքս անձամբ եմ հարց հղել ձեզ, ի դեպ, ոչ թե լալահառաչ կամ՝ վախվորած, այլ՝ հուժկու եւ բարկացած՝ հարցրել եմ, ինչու եք մեր հեռախոսների համարները եւ տների հասցեները հրապարակում հնչեցրել եւ կոչ արել զանգել, սպառնալ, պարտադրել, որ քեզ ընտրենք։ Դուք այն ժամանակ իմ ուղիղ հարցին ի պատասխան ձեզ հատուկ ձեւերով՝ առանց զրուցակցի աչքերի մեջ նայելու չքմեղացար, թե դուք այդ ամենի հետ կապ չունեք եւ «ժողովուրդն է» հայհոյում։ Դե, ուրեմն,այսօր, ուղիղ քո աչքերի մեջ նայելով ասում եմ քեզ՝ հիմա էլ նույն ժողովուրդը քեզ ու քո կանանց է հայհոյում։ Սերդեչնի պրիվետ օտ Զիմզիմովա-3։ Այո, բումերանգը սկսել է ետ վերադառնալ։ Հարվածները լինելու են շատ ցավոտ, շատ ուժգին։ Չկասկածեք։ Եվ դրան դուք եք եկել ձեր գործողություններով եւ պահվածքով։ Մի քանի ամիս առաջ էլ մեծամասնության խմբակցության մի պատգամավոր էր իր ելույթում հնչեցրել, թե գնացել է ինչ-որ գյուղ եւ անձամբ է լսել, թե ժողովուրդը ինչպես է նախկիններին հայհոյում եւ ասել էր, նախկինները իբր մոլորության մեջ են, թե ֆեյքերն են հայհոյում։ Այդ երիտասարդին պարզապես մի բան ունեմ ասելու՝ տղա ջան, հենց որ ձեր նավը ամբողջովին տիտանիկ կդառնա, չեմ կասկածում, դու առաջինն ես լքելու խորտակվող նավը, բայց անձամբ ես, եւ, վստահ եմ իմ շատ ընկերներ եւս կտրականապես դեմ ենք լինելու, որ դու ափ դուրս գաս եւ հիմա էլ մեր կողմերում ֆռֆռաս․ ինչպես արել ես միշտ։Եվ դու մենակ չես։ Նայիր 88-իդ, տես քանիսդ որտեղից որտեղ եք եկել։

Դ․ Պարոն Փաշինյան, իսկ բռնությունը չդատապարտելով եւ մեղավորներին հավուր պատշաճի նկատողություն չանելով, Դուք գրեցիք ձեր իսկ մահախոսականը։ Գիտե՞ք ինչու՝ փողոցից եկածները մի օր էլ «պադյեզդում»  ձեզ են ծեծելու եւ այնքան արագ է դա լինելու, որ չեք հասցնելու պադյեզդներում ասֆալտ փռել։
Եվ գիտե՞ք ինչու, որովհետեւ այն մեծամասնությունը, որը դուք լցրեցիք Ազգային ժողով, ձերը չէ, դուք այդ մեծամասնության հետ ոչ մի կապ չունեք, այն փաթաթել են ձեր վզին, որովհետեւ ձեր տեսակով եւ բնավորությամբ դուք այդ պահի ամենահարմարն էիք՝ երկրի կազմաքանդման գործընթացը ղեկավարելու համար։ Դուք արդեն հասկանում եք սա ու վախենում եք։
Սա է հիմնական պատճառը, որ մայիսի 8-ին դուք չկարողացաք սաստել ձեր խմբակցությունից ոչ մեկին։ Ոչ մեկին։

Ե․Հիմա, երբ հողը երերում է եւ դուք դա զգում եք, հաստատ՝ զգում եք, քանի որ ամեն ինչից բացի ձեր մեջ ինքնապաշտպանական բնազդները շատ արթուն են, դուք հայտնվել եք պատային վիճակում։

Զ․Վերջում՝ վերադարձնելով ձեր դիմանկարը, ձեր իսկ կոչը վերադարձնելով ձեզ՝ պարոն Փաշինյան, առաջարկում եմ երկուշաբթի խմբակցության նիստ հրավիրեք, անձամբ ձեր նախաձեռնությունը թող լինի, որովհետեւ ոչ Մակունցը/նա ձեզ առաջինն է հարվածելու/, ոչ Միրզոյանը/ նա արդեն ձեզ հարվածում է/ այդ բանը չեն անելու, ուրեմն, հրավիրեք խմբակցության նիստ եւ բացատրեք ձեր 88 -ին, որ Ազգային Ժողովը ախոռ չէ․․․․
Առայժմ բացատրեք, իսկ մնացյալը՝ հընթացս․․․․

Հ․Գ․Անգամ հարկ չեմ համարում անդրադառնալ սիրո եւ համերաշխության միֆին։

Չկա ոչինչ անձնական։ Ի տարբերություն Ձեզ, ես իզմ ունեմ»:

← Վերադառնալ ցուցակին