Լուրեր

Սանավիացիայի ոլորտում այդքան լուսաբանված ծրագրի էությունը շատ խոցելի է․ Կարեն Ավագյան

07.05.2020

Եվ այսպես, ի՞նչ ունենք առողջապահության ոլորտում՝ հիմք ընդունելով կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը

Փորձել եմ կառավարության ծրագիրը և դրա հիման վրա ներկայացված կառավարության ծրագրի կատարողականի ընթացքի և արդյունքների մասին հաշվետվությունը համեմատել և վեր հանել արված աշխատանքը, տրված խոստումները և աշխատանքի որակն ու արդյունավետությունը: Սիմվոլիկ նկատառում է, բայց կարծում եմ անհրաժեշտ է ընդգծել, որ թե կառավարության ծրագրում և թե հետագայում ներկայացված կառավարության ծրագրի կատարողականի ընթացքի և արդյունքների մասին փաստաթղթերում հատկացված է ոչ ամբողջական 2 էջ, որտեղ առարկայական նյութը շատ սակավ է: Չկան հստակ քայլեր կամ խնդիրների առաջարկվող ձևակերպված լուծումներ:

Կառավարության ծրագրում առողջապահության ոլորտի ամրագրված առաջնահերթություններ են՝ հանրային առողջության պահպանում ու բարելավում, առողջապահական ծառայությունների հասանելիություն և մատչելիություն, բժշկական ապահովագրության համակարգի ներդրում, միջազգային ստանդարտներին համապատասխանող կլինիկական ուղեցույցների, ընթացակարգերի ներդրում, մարզային բժշկական կազմակերպությունների արդիականացում և այլն:

Այս առաջնահերթությունների իրականացման վերաբերյալ կառավարության ծրագրի կատարողականի ընթացքի և արդյունքների զեկույցում նշված են բազմաթիվ թվեր և ստեղծում է տպավորություն կատարված «հսկայական» աշխատանքի մասին, բայց կատարողականը լուռ է մի շարք այլ ակնհայտ փաստերի մասով: Թվերի հիմնական մասը ձևավորվել է իներցիոն սկզբունքով՝ ժառանգություն մնալով նախկին կառավարությունների ծրագրերից: Դրանում կարող եք համոզվել համեմատելով կառավարությունների ծրագրերը: Մարզային բժշկության կազմակերպմանն արդիականացման փոխարեն, այսօր ունենք մարզային ծննդատների և հիվանդանոցների բաժանմունքների փակման բազմաթիվ օրինակներ: Մինչ այժմ չկան ներդրված միջազգային ստանդարտներին համապատասխանող կլինիկական ուղեցույցների, ընթացակարգեր: Առողջապահական ապահովագրության համակարգը հասկանալի է, որ կարճաժամկետ իրականացման ծրագրերից չէ, բայց ակնկալվում է իրականացրած քայլերի ներակայացում: Պետք էր գոնե հաշվետու այս ժամակահատվածի համար արդեն ուսումնասիրություններ լինեին թե ապահովագրական համակարգի որ մոդելի կիրառումն են կառավարությունում առավել նպատակահարմար գտնում և երբ ու ինչ փուլերով է սկսվելու իմպլեմենտացման գործընթացը:

Մատչելի ու հասանելի բժշկական ծառայությունների մասին խոսելիս առաջին ամենակարևոր կետը մնում է դրանց որակը: Միգուցե բացարձակ թվերով որոշակի աճ նկատելի է,. Բայց որակական առումով ունենք հետընթաց՝օրինակ ստենտավորման ծրագիր (լրատվամիջոցների հրապարակումներ ստենտերի որակական հատկանիշների վերաբերյալ): Անհրաժեշտ է անպայմանորեն խոսել նաև առողջապահության ոլորտի աշխատողների աշխատավարձերի մասին: Կառավարությունը որպես ձեռք բերում է ներկայացնում այն, որ բուժաշխատողների աշխատավարձերը որոշակիորեն բարձրացվել է: Ավելորդ չեմ համարում հիշեցնել, որ նախարարների աշխատավարձերն աճել են 100-200 տոկոսով: Այս պայմաններում խոսել կառավարության գործուն քայլերի մասին առողջապահական համակարգի բարելավման մասով, կարծում եմ տեղին չէ:
Ի՞նչ ունենք սանավիացիայի ոլորտում կամ այսպես կոչված «helicopter» ծրագիր:

Սանավիացիայի ոլորտում այդքան լուսաբանված ծրագրի էությունը շատ խոցելի է, քանի որ դրա համար նախատեսված փոխադրամիջոցը հիվանդ տեղափոխելու համար նախատեսված չէ և ծախսատար է: Առողջապահական ծրագրերից օգտվողների թվային արտահայտության մասով պետք է նշենք, որ այդ թվերը նախկին կառավարությունների ներկայացրած թվերից ունեն միայն չնչին տարբերություններ: Մատուցված ծառայության քանակի աճի մասով պետք է նշել, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև դրանց որակական հատկանիշների վրա, որոնք ըստ ոլորտային մասնագետների այսօր էականորեն զիջում են անհրաժեշտի միջազգային չափորոշիչներին:

Նախարարության ձեռքբերումների մեջ ներառված չեն օպտիմալացման անվան տակ փակվող հանրապետության առողջապահական համակարգի համար կարևոր նշանակություն ունեցող բազմաթիվ բուժհաստատություններ, ինչպիսին են
ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը, Թոքաբանության ազգային կենտրոնը, մարզային արյան փոխներարկման կենտրոնները: Մասնագիտացված կենտրոնների փակումը օպտիմալացում իրականացնելու վատագույն ձևն է: Մշտապես պատերազմի սպառնալիքի տակ ապրող մեր երկրի համար փոխներարկման կենտրոնները ոչ միայն առողջապահական համակարգի կայացման, այլ ավելի շատ ստրատեգիական նշանակություն ունեն:

Հիշեցնեմ, որ նկատառումները կատարված են հաշվի առնելով կառավարության ծրագիրը և կառավարության ծրագրի կատարողականի ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: Հակասություններն ու դիտարկումները վեր են հանվել միայն այդ երկու փաստաթղթերի ծրագրային դրույթների ուսումնասիրություններից:

Հ.Գ. Կորոնավիրուսի կանխարգելման, տարածման և հաղթահարման աշխատանքներին կանդրադառնամ ավելի ուշ:

Կարեն Ավագյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր

← Վերադառնալ ցուցակին