Լուրեր

«Եթե շարունակում ես, նշանակում է՝ ընդունել ես, որ Սերժը ճիշտ էր, դու՝ սխալ»․ Էդուարդ Շարմազանովը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

07.05.2020

 «ՀՀ-ն Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք կորցրել է ՀՀ արտաքին քաղաքականության 30-ամյա ձեռքբերումները»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ արձագանքելով այսօր ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկումներին ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում նշել է, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը ներկայումս ստեղծվում է։

 «Գուցե լավ չհնչի, բայց կարծում եմ՝ ՀՀ արտաքին քաղաքականությունը ոչ թե փոխվում է, այլ ստեղծվում է: Դրանք բոլորովին տարբեր բաներ են. ուրիշ բան է՝ մի երկիր, որ բոլոր հարաբերություններում դիրքավորվել է, կներեք արտահայտությանս, որպես «ճ» կլասի երկիր, ուրիշ բան է՝ կա երկիր, որ ասում է՝ ես ՀՀ ժողովրդի ներկայացուցիչն եմ և իմ դիրքորոշումների հետ պետք է հաշվի նստել և վերաբերվել հարգանքով, այնպես, ինչպես մենք մեր բոլոր գործընկերների դիրքորոշումների նկատմամբ ցուցաբերում ենք բացառիկ հարգանք:

Բայց մենք ակնկալում ենք, որ նույն վերաբերմունքը կլինի մեր դիրքորոշումների նկատմամբ: Ես կարող եմ հավաստիացնել, որ այդպես էլ կա, քանի որ պարզապես չկա հնարավորություն այդպես չվերաբերվելու»,- ասել է նա։

Էդուարդ Շարմազանովը ցավով արձանագրեց, որ Նիկոլ Փաշինյանի 2 տարվա վարչապետության ընթացքում ՀՀ-ն վեր է ածել ոչ միայն «ճ», այլև «ֆ» կլասի երկրի, որի հետ որևէ երկիր լուրջ չի խոսում։

Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմը և անձամբ ինքն այս 2 տարվա ընթացքում քանդել են Հայաստանի արտաքին քաղաքական 30-ամյա բոլոր ձեռքբերումները։

«Ինչ վերաբերում է հայեցակարգին, ապա հայեցակարգի մասին կարող է խոսել նա, ով գիտի, թե ինչ է հայեցակարգը, ով իզմ-երի հայեցակարգ ունի, ով վստահելի գործընկեր է և, ամենակարևորը՝ ով որևէ դրական արդյունք է ցույց տվել»,- ասաց ՀՀԿ ԳՄ անդամը։

Նա թվարկեց, թե ՀՀ նախորդ իշխանության օրոք ՀՀ-ն ինչպիսի արտաքին քաղաքական ձեռքբերումներ է ունեցել։

Շարմազանովն ասաց, որ առաջինը՝ Հայաստանի Հանրապետությունը մտել է Եվրասիական տնտեսական միություն, որին Փաշինյանը դեմ էր և առաջարկում էր դուրս գալ այդ տնտեսական միությունից, իսկ այսօր Փաշինյանի ներկայացրած իբրև թե 2019 թվականի տնտեսական դրական ցուցանիշների առյուծի բաժինը նախորդ իշխանության ԵԱՏՄ անդամակցության արդյունքում է եղել ավտոներկրման գումարների հաշվին։

Այսինքն, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանն ինքը՝ լինելով վարչապետ, շարունակելով Սերժ Սարգսյանի իրականացրած քայլը, ընդունում է, որ այդ մասով դրական քայլ է տեղի ունեցել՝ դրանով իսկ հակասելով իր ավելի վաղ հայտնած դիրքորոշմանը։

Էդուարդ Շարմազանովը որպես ձեռքբերում ներկայացրեց նաև ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը, որը նախորդ իշխանության օրոք ստացավ Յուրի Խաչատուրովը։

Նրա բնորոշմամբ, դա հեշտ չի եղել, քանի որ կային պետություններ, որոնք դեմ էին դրան, և առաջինն իրենց իշխանության օրոք ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը դարձել է Յուրի Խաչատուրովը, և դա եղել է ձեռքբերում։

«ՀԱՊԿ-ի ռազմավարությունը 2015 թվականին ընդունվել է Երևանում, ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները, այդ թվում՝ Պուտինը, Նազարբաևը, Լուկաշենկոն գրավոր կերպով ընդունել են ՀԱՊԿ-ի պաշտոնական տեսակետը Ղարաբաղյան հարցով, որտեղ հստակ նշված է եղել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պարտադիր կամարտահայտությունը»,- նշեց Էդուարդ Շարմազանովը։

Գալով Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությանը՝ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնից Հայաստանը զրկվեց, ՀԱՊԿ-ում Հայաստանի դիրքերը թուլացան, ՀԱՊԿ-ի որևէ անդամ երկիր այլևս լուրջ չի վերաբերվում Նիկոլ Փաշինյանին։

«Ավելին՝ ՀԱՊԿ անդամ երկրի ԱԳ նախարար Լավրովն այս մի քանի տարիների ընթացքում դիվանագիտական ապտակն ապտակի հետևից հասցնում է Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, սա՞ է հպարտ քաղաքականությունը։

Գանք Ցեղասպանության միջազգային ճանաչմանը. այդ ձախողված, ինչպես ինքն է ասում, «ճ» կլասի քաղաքականության արդյունքում՝ եվրոպական գրեթե բոլոր կառույցները, Եվրոպայի ամենակայացած և ուժեղ ԵԺԿ-ն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, Թուրքիայի դաշնակից Գերմանիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ ինքն ի՞նչ է արել։

Ավելին՝ այդ «ձախողված քաղաքականության հայեցակարգի» շրջանակում Ալիևը բողոքում էր, որ բանակցությունների դռների ետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։

«Այդ ձախողված արտաքին քաղաքականության արդյունքում» 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո համանախագահները հայտարարեցին, որ Արցախը վերջնական փուլում պետք է դառնա բանակցային լիարժեք կողմ, իսկ Նիկոլ Փաշինյանի «ճ» և «ֆ» կլասի քաղաքականության արդյունքում հենց նա համարձակվեց ասել, որ Արցախը պետք է դառնա բանակցային կողմ, ապտակ ստացավ համանախագահներից և որևէ բան չխոսեց»,- ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

Խոսելով վերջին 2 տարվա արտաքին քաղաքական ձեռքբերումների մասին՝ Շարմազանովն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը վատթարացրել է ՀՀ մերձավոր դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունները։

Նրա համոզմամբ, այնտեղ գրեթե դաշնակցային հարաբերություն չկա։

«Հիշենք, թե ինչ էր նա ասում. ասում էր, որ հարաբերությունները փայլուն են, երբեք այսքան փայլուն չեն եղել։ Հիշեցնեմ նաև, որ քաղաքական առումով «Վալդայ» ռուսական ակումբի ֆորումում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Վիկտորի Լավրովն ուղիղ մեղադրեց ՀՀ իշխանությանը՝ ի դեմս Փաշինյանի, Արցախյան բանակցություններում ոչ կառուցողական լինելու մեջ, երբ Փաշինյանն ասել էր․ «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Սա՞ է Փաշինյանի նվաճումը։ Մեր մերձավոր դաշնակից Ռուսաստանից այս 2 տարվա ընթացքում որևէ լուրջ ներդրումային ծրագիր չի եղել, մեր մերձավոր դաշնակից Ռուսաստանից գազի գնի հետ կապված Լավրովն ասում է, որ դա քաղաքական հարց չէ, գնացեք «Գազպրոմ»-ի հետ բանակցեք։

Անդրադառնամ հայ-եվրոպական հարաբերություններին. Դուք որևէ օրակարգ այդ հարաբերություններում տեսե՞լ եք։ Որևէ դրական բան կա՞։ Ընդամենը 25 միլիոն եվրո՝ 2 տարվա ընթացքում, դա՞ էր հեղափոխության գինը։ Որևէ օրակարգ տեսե՞լ եք։ Եթե Արցախյան հիմնահարցում մեր իշխանության օրոք եղել է կոնսենսուս -1 Ադրբեջան, այսօր, դժբախտաբար, բոլորը մեղադրում են Նիկոլ Փաշինյանին և, ամենակարևորը՝ քննարկվում է փուլային լուծումը։

Մարդ պետք է ամոթի զգացում ունենա. նա կարողացել է քանդել այս 30 տարվա ձեռքբերումները։

Հայ-ռուսական հարաբերությունները խայտառակ վիճակում են, Արցախի հարցում խայտառակ վիճակ է, ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում՝ նույնը։ Եթե ինքը ուժեղ քաղաքականություն է վարում, ինչո՞ւ մինչև այսօր ԵՄ-ն չի վավերացրել համաձայնագիրը Հայաստանի հետ։ Այդ համաձայնագիրը մենք ենք կնքել, ինքն էլ ընդունել է, որ ճիշտ է, ու շարունակում է, եթե ընդունում է, որ դա ճիշտ է, ուրեմն ընդունում է, որ Սերժը ճիշտ էր, ինքը՝ սխալ։

ԵԱՏՄ-ին դեմ է եղել, այսօր շարունակում է, եթե դա ձախողում էր, ապա ինչո՞ւ ես շարունակում։ Նշանակում է, որ այդ հարցում ևս ընդունել ես, որ Սերժը ճիշտ էր, դու՝ սխալ։

Հայ-ամերիկյան օրակարգը՝ զրո։ Հիշեք Սերժ Սարգսյանի այցն ԱՄՆ, Սարգսյանը հանդիպում էր Բայդենի հետ, իսկ ո՞ւմ հետ է հանդիպում Նիկոլ Փաշինյանը՝ ամենաբարձր մակարդակի պաշտոնյան քաղաքապետը կամ փոխքաղաքապետն էին։ ԱՄՆ այցից մենք հիշում ենք այն 350 հազար դոլարը, որը ծախսվեց ինքնաթիռի վրա։ Եվ նման կերպ խոսում է Նիկոլ Փաշինյանը, ով ՀՀ 30 տարվա նվաճումները ոչ միայն զրոյացրել է, այլ ՀՀ-ն հասցրել է այն աստիճանի, որ երբեմնի վստահելի գործընկերն իր դաշնակիցներից այսօր աջից-ձախից անլուրջ վերաբերմունքի է արժանանում։

Ամենաճիշտը Մնացականյան Զորիկը բնորոշեց, որ հայ-ռուսական հարաբերություններում կան խնդիրներ, այն դեպքում, երբ Փաշինյանն ասում էր, որ փայլուն ու աննախադեպ են։ Սակայն աննախադեպ կերպով զրոյացվել է ՀՀ արտաքին քաղաքական ազդեցությունը։

Իրանի հետ հարաբերություններում միայն ոչխարների ուղիղ արտահանման թեման է գերակայում, Վրաստանի հետ հարաբերություններում՝ ոչ մի բան, ի՞նչ է արել։ Ցեղասպանության հետ որևէ կապ չունի, Արցախում մեր դիրքերը թուլացրել է։ Դուք հիշո՞ւմ եք, որ արտաքին գործերի որևէ նախարար մեզ ապտակի Արցախյան հարցով. չի՛ եղել նման բան։ Խորհրդարանական դիվանագիտության մեջ ի՞նչ կարող են ինձ ցույց տալ՝ որպես արդյունք, չկա որևէ արդյունք»,- ասաց Շարմազանովը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի պնդմանը, թե ՀՀ արտաքին քաղաքականության մեջ ամրապնդվում է հարգանքի բաղադրիչը, Էդուարդ Շարմազանովն ասաց․

«Որտե՞ղ է այդ հարգանքը։ «Վադայ»-ի ֆորումում Լավրովի ելո՞ւյթն էր հարգանքի նշան, որ հրապարակային ապտակեց ՀՀ իշխանությանը, կամ երբ նույն ֆորումում Իլհամ Ալիևը խոսքի իրավունք ուներ, ելույթ ունեցավ, իսկ ՀՀ ղեկավարությունից գոնե մեկ հոգի հրավիրված չէր Ալիևին արձագանքելու համար: Դա հարգանքի նշա՞ն է։

Երբ համանախագահները Փաշինյանի կոչին կամ առաջարկներին, որ՝ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, դեղին քարտ են ցույց տալիս, դա՞ է հարգանքի նշան։ Երբ սելֆի է խնդրում սրան-նրան, դա՞ է հարգանքի նշանը։

Արդյունք ցույց տվեք այդ հարգանքի նշանից, տեսնեմ՝ ո՞րն է այդ հարգանքի նշանը, որ Լավրովը բանակցությունների իրական էությունը հրապարակեց, ասաց, որ Ձեր ժողովրդին խաբում եք, հերի՛ք է գաք այստեղ մի բան ասեք, այնտեղ՝ մեկ այլ բան, և փուլային տարբերակ ես բանակցում անցյալ տարվա ապրիլից, համանախագահ երկրներն էլ չհերքեցին, սա՞ է հարգանքը։

Երբ գնում է ԱՄՆ և ֆեդերալ իշխանության որևէ պաշտոնյայի չի հանդիպում, դա՞ է հարգանքը, ես չեմ տեսել այդ հարգանքը, որտե՞ղ է դա։ Երբ որևէ երկիր քեզ լուրջ չի վերաբերվում, դա հարգանքի նշա՞ն է։ Ադրբեջանի դիրքերը բանակցություններում ուժեղանում են, դա հարգանքի նշա՞ն է։

Ինձ թվում է՝ հարգանքի ու ինքնիշխանության ընկալումները տարբեր են մեր մոտ, երբ մեր դաշնակից երկրի մամուլն առավոտից երեկո խոսում է ՀՀ-ում քաղբանտարկյալների առկայության մասին, դա՞ է հարգանքի նշանը։ Ես չեմ տեսնում, թե որտեղ է այդ հարգանքը»։

Արաքս Մարտիրոսյան

168.am

← Վերադառնալ ցուցակին