Լուրեր

«Համատարած անպատասխանատվություն». Մարգարիտ Եսայան

06.05.2020

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Համատարած անպատասխանատվություն

Կամ, կարանտինի խճանկար/փազլը հավաքվում է առանց մեծ ջանքի/
Հավատանք թե՝ ոչ, վիրուսը կա։ Աշխարհում այսօր դա է իշխող ուժը եւ բոլոր պետությունները իրենց օրը, ծրագրերը, պլանները, սպասելիքները եւ վախեր կառուցում են այս վիրուսի շուրջ եւ վիրուսի շրջանակներում։

Շատ պետություններում անասելի ընդգծված զսպվածություն կա, պետական մակարդակով պատասխանատվություն, լրջախոհություն եւ զգուշավորություն։ Միայն մի քանի երկրներ են, որ ի սկզբանե մատների արանքով էին փորձում ծիկ անել վիրուսին եւ դրանից բխող վտանգներին։ Եթե նկատեցիք, դրանք հիմնականում այն երկրներն էին, որոնց ղեկավարները, կառավարիչները պոպուլիզմի անսպառ պաշար ունեն, որոնք իշխանության են եկել պոպուլիզմի ձին հեծնած եւ դեռ շարունակում են իրենց ձին քշել/ մեր լեզվամտածողությամբ, ճիշտ է ասել, դեռ շարունակում են իրենց էշը քշել։ Եւ Միացյալ Նահանգները եւ Մեծ Բրիտանիան եւ Իտալիան եւ էլի մի քանիսը ծափ-ծիծաղով, դիմավորեցին վիրուսը եւ տեւական ժամանակ փորձում էին անլրջացնել պահը եւ վտանգը։Մեր երկրի մասին, կխոսեմ՝ հատուկ կարգով։ Արդյունքում, Մեծ Բրիտանիայի վարչապետը անձամբ վարակվեց, Թրամփը սկսեց իրարամերժ հայտարարություններ անել, Փաշինյանը, դե, գիտեք, քարոզարշավ ոչինչի համար, էլ կորոնոն ում շունն է, էլ պինցետով կհանենք, տնական օղիով կմաքրենք։

Եվ երբ ամբողջ աշխարհում հայտարարվում էր կարանտին, երբ Հռոմի Պապը միայնակ էր աղոթում, երբ անգամ տաքարյուն իտալացիք վերջապես լրջացան, մենք, Հայաստանում, դեռ դռնեդուռ ընկած քարոզ էինք անում, նախկիններին վատաբանում, ՍԴ անդամներին փոխելու մասին էինք մտածում, Իտալիայից, Իրանից եկած ինքնաթիռների ուղեւորներին ջերմագին դիմավորում եւ, փոխանակ ապահովեինք այդ մարդկանց եւ բոլորի առողջական անվտանգությունը, փոխանակ պետության պահանջով որոշ ժամանակով մեկուսացնեինք այդ մարդկանց, ազատ ուղարկեցինք իրենց տները եւ ասացինք, գնացեք, մեկուսացեք։

Իսկ իշխանությունը, վարչապետով, նախարարով եւ նազիր-վեզիրներով ճիշտ նույն պահին ազատ ու անկաշկանդ պաչիկ-պուչիկներ էին անում Սյունիքում՝ Գորիսից-Մեղրի, Քաջարանից-Ագարակ։ Հետո, տեքստիլ մի ամբողջ ֆաբրիկայի աշխատողներ վարակվեցին, հետո ինչ-որ այլ ձեռնարկություն, եւ հոպլա, եկավ պահը․․ Եվ մեր երկրում եւս հայտարարվեց կարանտին, հրահանգ տրվեց ինքնամեկուսանալ։

Հայտարարվեց արտակարգ իրավիճակ, թվաց, մի պահ լրջացան բոլորը։ Մարդիկ զգաստացան։ Իսկ վարչապետը վրա-վրա տեստ էր հանձնում յուր տիկնոջ հետ, ասում էին տեստեըը բացասական են։ Նույն այդ պահին օրենսդիր մարմնում կրքերը եռում էին, նիստեր, բղավոցներ, իրար գլխի հավաքված 132 մարդ եւ , ոչ մի դիմակ, ոչ մի ձեռնոց ու ոչ մի լրջություն։ Հետո, հատուկենտ դիմակներ հայտնվեցին։ Հետո, պարզվեց պիտի տեստավորել նաեւ պատգամավորներին եւ աշխատակազմը, բայց ինչու չարվեց, գիտության համար դեռ անհայտ է։
Եվ, ահա , մայիսի 4-ին պարետատունը որոշ ազատություն տվեց իբր ինքնամեկուսացվածներին։ Միայն մեկ ակնթարթ վերհիշեք բանկերում, սիթիներում եւ այլ վայրերում մարդկային կուտակումները նաեւ մայիսի 4-ից առաջ։

Հիշեցի՞ք; Օք, անցնենք առաջ։
Եվ մենք երեկ տեսանք ինքներս մեզ՝ ազատ ու սանձարձակ, բացօթյա սրճարանների սուրճին կարոտած, Կասկադին ու այգիներին կարոտած, փողոցներում երթեւեկությունը դարձավ խցանային։
Հետո՞, հետո ազգովի սպասենք վարակի հերթական բումին։

ՀՀ քաղաքացիներին ազատություն տվողները, կարանտինը, դե-ֆակտո վերացրածները շատ լավ գիտակցում են, որ իրենց այս որոշման արդյունքում վարակվածների թիվը ահռելի մեծանալու է։ Առողջապահության նախարարը չի էլ թաքցնում, հակառակը, կարծես շատ մեծ ուրախությամբ խոսում է հնարավոր տասնյակ հազարավոր վարակակիրների մասին։ Վարչապետը իր մոտ է կանչում առողջապահության նախարարին եւ պարետին, բայց դեսից—դենից, անիմաստ եւ բովանդակազուրկ զրույցը իրականում ցույց տվեց, որ համատարած անպատասխանատվությունը չոքել է մեր դռանը եւ պահի լրջությունը ոչ ոք չի գիտակցում, կամ, որն ավելի վտանգավոր է, գիտակցաբար են մեր ժողովրդին տանում փորձության։

Ով մեռավ-մեռավ, ով էլ չմեռավ, դե, ինչ արած։
Եվ այլ հարց է՝ ինչո՞ւ հենց հիմա վարչապետը նստեց այն երկուսի հետ նույն սեղանի շուրջ։ Կպարզվի։ Համբերել է պետք։
Ասում են կորոնայից հետո աշխարհը փոխվելու է։

Ես առանձնապես չեմ հավատում։
Հավատում եմ, որ դժվար է լինելու, որ շատ տնտեսություններ ոչնչանալու են, ճնշվելու են, շատ պետություններ հայտնվելու է խաղից դուրս վիճակում, բանկրոտ վիճակում, բայց եւ վստահ եմ, շատերն էլ ավելի գերիշխող դիրք են ստանալու եւ ճնշումը ավելի թույլ եւ անհասիկ պետությունների նկատմամբ շատ է ուժեղանալու, կետաձկան պես խոշորները կուլ են տալու մանրներին եւ աշխարհի քարտեզում եթե ոչ աշխարահագրորեն, ապա, քաղաքական եւ տնտեսական, որ ավելի կարեւոր է՝ նաեւ արժեհամակարգային իմաստով, տեղի են ունենալու անսպասելի ձեւափոխություններ։

Եվ սա չի լինելու խզբզանք, սա լինելու է հեռահար, կանխավ մտածված, գծագրված եւ նպատակային գծագրություն։
Ես այս համատեքստում եմ դիտարկում նաեւ մեր երկրում երկու տարի առաջ կատարվածը, իշխանափոխությունը իր բոլոր ատրիբուտներով եւ ՀՀ այսօրվա իշխանության խամաճիկային բնութագիրը։

Ոչինչ չի պատահում այս երկրագնդի վրա հենց այնպես, ամեն բան պլանավորված է եւ մենք այս պլանի մեջ ամենափոքր վինտիկը չենք անգամ, եթե անգամ վինտիկ ենք, ապա այն ոչ մեկին պետք չէ։պարզապես պետք է մեր աշխարհագրությունը։
Ինչո՞ւ այսքան հեռվից եկա, բացատրեմ։ Շատերիս համար էր հստակ, որ այս ամբողջ ընթացքի մեջ․

Ա․ Բացակայում էր ամենակարեւորը՝ պետության պատասխանատվությունը իր քաղաքացիների, իր ժողովրդի հանդեպ։
Բ․Բացակայում էր իշխանության պատասխանատվությունը իր հպարտ եւ ոչ հպարտ քաղաքացիների հանդեպ։
Գ․Բացակայում էր նույն այդ քաղաքացիների պատասխանատվությունը ՝ իրենց սեփական անձի, իրենց ընտանիքների, իրենց հարազատների եւ շրջապատի հանդեպ։
Դ․Բացակայում էր քաղաքացիների անձնական պատասխանատվությունը՝ երկրի, պետության եւ ժողովրդի հանդեպ։
Ե․Համատարած անպատասխանատվության մեջ մենք դիմավորեցինք այս համաշխարահային վարակը։
Զ․ Շարունակում ենք ապրել համատարած անպատասխանատվության մեջ։
Է․Անգամ վիրուսի նահանջից հետո/եթե նահանջի/ շարունակելու ենք ապրել համատարած անպատասխանատվության մեջ։
Ը․ Անգամ այս ճգնաժամի պահին մեր երկրից չվերացավ չարությունը, ատելությունը, հայհոյանքը, չարախոսությունը, սամասուդը եւ վենդետան եւ այլ <հեղափոխական> ներմուծություններ
Ամփոփեմ․

Մենք այդպիսին չէինք, մեզ այդպիսին են դարձել պոպուլիստ իշխանությունը, վարչապետը, նրա շրջապատը, այն քաղաքական ուժերը, որ այսօր նստել են Ազգային ժողովում, նաեւ՝ բոլոր պետական կառույցները։

Հ․Գ․ Կարեւորը՝ խորին ակնածանքս եւ երախտագիտությունս բոլոր բուժաշխատողներին եւ ուսուցիչներին։
Առողջ եղեք․․․․
Հետո կամաց-կամաց պարզվում է կորոնան ո՞ւմ շունն էր․․․»:

← Վերադառնալ ցուցակին