Լուրեր
«Զոհրաբ ջան, ախր ափսոս չէր ժամանակդ ու ջանքերդ». Արտակ Զաքարյանը՝ Զոհրաբ Մնացականյանին
04.05.2020
ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպում-քննարկումը, իբրև թե վերաբերում էր արցախյան հակամարտության բանակցային գործընթացին։
- Զոհրաբ ջան, ախր ափսոս չէր ժամանակդ ու ջանքերդ, որ գործադրեցիր այդ ամորֆ միջավայրում՝ ըստ էության ոչինչ չասելով։ Միթե պարզ չէր նախապես, որ այդտեղ հետաքրքրողը հարցի կարգավորումն ու Արցախի ճակատագիրը չէր։ Նրանք մի խնդիր ունեին և օգտագործելով ԱԳ նախարարի (նախկին փոխնախարարի) ներկայությունն ու զսպվածությունը՝ փորձում էին նախկին իշխանություններին և Սերժ Սարգսյանին ներկայացնել որպես Արցախի հարցում վատ բանակցողի և զիջումների գնացողի։
Եթե իրականում հանձնաժողովին հետաքրքրեր բուն բանակցությունները, ապա այդ նիստը կլիներ դռնփակ։ Պարզ է, որ մամուլի ներկայությամբ Զոհրաբ Մնացականյանը ոչ մի էական բան չէր ասելու՝ բացի հերթապահ հայտարարություններից, որոնք սովորաբար արվում են։ Հետևաբար նիստի ակնհայտ նպատակն էր որոշ պատգմավորների կատարմամբ, նորից խաբել քաղաքացիներին՝ անցյալի մասին ակնհայտ հիմարություններ դուրս տալով։
Վերջում կրկին տեղին է հիշել ավետարանական ճշմարտությունը. «Ձեր սրբությունները մի տվեք շներին և մի շաղ տվեք ձեր մարգարիտները խոզերի առաջ, որպեսզի նրանք չտրորեն իրենց ոտքերով և չշրջվեն ու պատառոտեն ձեզ» (Մատթ. 7,6): Արցախյան հարցը մեր քաղաքական սրբություններից մեկն է, որը չի կարելի ծառայեցնել ներքաղաքական հաշիվներ մաքրելուն»: