Լուրեր

«Ժողովրդի ձեռքերի վրա իշխանության եկած վարչապետն այլևս մատ է թափ տալիս իրեն «մարդ» դարձրածների վրա ու սպառնում հոսանքա- և գազազրկումներով». Արմեն Աշոտյան

28.04.2020

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Ժողովրդի ձեռքերի վրա իշխանության եկած վարչապետն այլևս մատ է թափ տալիս իրեն «մարդ» դարձրածների վրա ու սպառնում հոսանքա- և գազազրկումներով:
 
Այս կառավարությունն իրոք միայն լավ եղանակի, «լեն օրերի» կառավարություն էր, որն ընդունակ էր լոկ մակաբուծել տարիների ընթացքում ստեղծված պետական կառավարման համակարգի վրա՝ ջանասիրաբար ծծելով պետության միջոցներից պարգևավճարներ, շռայլ գործուղումներ և իշխանական բազմաթիվ այլ «կայֆեր»:
 
Այսօր Նիկոլ Փաշինյանը ծծեց նաև ժողովրդի լավատեսության վերջին կաթիլներն իր հանդեպ՝ տասնյակ հազարավոր մարդկանց թողնելով մեն-մենակ խորացող սոցիալական աղետի պայմաններում:
 
Միակ բանը, որ նա և իր՝ թյուրիմացաբար պետական Օլիմպոսին հասած ու արտոնությունների վրա թառած պարազիտ թիմը կարողանում է, նախկիններին անվանարկելն ու պիտակավորելն է:
 
Այսօր նմանատիպ հերթական մի օպուս տեսանք նրա մամլո խոսնակի կատարմամբ «Սաղ Սերժնա մեղավոր»  անտաղանդ պիեսի հերթական արարի տեսքով:
 
Սարի ծամոնի նման անհամ ու կպչուն «կոռուպցիոն» մեղադրանքները մեր հասցեին այլևս լուրջ չենք ընդունում ոչ միայն մենք, այլև կառավարության տոտալ անգործության և մեծամիտ դատարկության պատճառով օրվա հացի խնդիր ունեցող հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ:
 
Քանզի լավ գիտեն, որ «Սերժի դեմ» իրականացվող հերթական գրոհով ոչ իր տան ճրագն է վառ մնալու, ոչ էլ իր երեխեքին է կերակրելու»:

← Վերադառնալ ցուցակին