Լուրեր
Մենք չենք ասում՝ դուք դավաճան եք, բայց տգետ եք հանցավորության աստիճանի․ Աշոտյան
27.04.2020
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Լավ է, երբ մարդը սեփական թերթ ունի եւ այդ թերթում տեքստեր տեղադրելու հնարավորություն։ Վատ է, երբ այդ նույն մարդը երկրի վարչապետ լինելով, աշխատելու կամ կենսական հարցերի մասին ժողովրդի առջեւ անմիջապես բացատրվելու փոխարեն կրկին մեզ հետ խոսում է իր անանուն հոդվածներով։
Հերթական այդպիսի զեղում Նիկոլն իր կայքի էջերին տեղադրեց երկու օր առաջ՝ Լավրովի հայտարարության, Արցախի խնդրի եւ ընդդիմության մասին։ Զավեշտալին, գիտե՞ք, որն է։ Որ անգամ այս «կամուֆլյաժի» ներքո նա կրկին դուխ չարեց հերքել ՌԴ ԱԳ նախարարի սկանդալային պնդումները, փոխարենը դիմելով իր սիրած հնարքին. հիվանդագին սեւեռվածությամբ խաղալով «նախկինների» քաղաքական կապիտալի հետ։
Խորը ցավ եմ ապրում, որ անձամբ Փաշինյանը եւ իրեն սպասարկող արտաքին քաղաքական թիմը համառորեն չեն հասկանում Արցախի խնդրի լուծման փուլային եւ փաթեթային մոտեցումների տարբերությունները։
Հյուսիս լինի թե Հարավ, Արեւելք թե Արեւմուտք. ոչ ոք չի կարող հարցականի տակ դնել Արցախի անկախության հարցը, քանզի այդ անկախության համար ժողովուրդը արյուն է թափել, իսկ նախկին իշխանությունը՝ այդքան ջանք ու աշխատանք դրել աշխարհաքաղաքական փոթորկալից միջավայրերում հետեւողականորեն ամրացնելով մեր բանակցային դիրքերը։
Չէ, մենք երբեք չենք ասել ու (դեռ) չենք ասում, որ դուք դավաճան եք։ Բայց տգետ եւ ամբարտավան եք հանցավորության աստիճանի։ Երկու տարվա ընթացքում բանակցային գործընթացում ստեղծված նախաաղետային վիճակը ձեր, բացառապես ձեր կոպիտ սխալներով լի քայլերի դառը արդյունքն է։
Ավաղ, կասկած չունեմ, որ մոտ ապագայում «a la Լավրով» հայտարարություններ կլսենք նաեւ Արեւմուտքից:
Ու ի՞նչ ես անելու այդ ժամանակ, Նիկոլ։ Հերթական հոդվա՞ծն ես գրելու, այս անգամ այն մասին, թե ընդդիմությունն հիմա էլ ԱՄՆ-ԵՄ զույգից է՞ «անսպասելի օգնություն ստանում» (մեջբերումս քո հոդվածից է)։ Թե՞ քեզ սպասարկող ֆեյքերով հերթական տխմարագույն տեսանյութը կպատվիրես «Թրամփը Նիկոլից վրեժ է լուծում իր կնոջը բարեւելու համար»։ Կամ էլ «Մակրոնը ուրացավ Նիկոլի պաչի՞կը»։
Այ հենց այդ ժամանակ կտեսնենք, Մադրիդյանն էր ավելի հայանպաստ ( Կազանյանն էլ հետը) թե այն ինչ կստանանք քո «շնորհիվ»։
Մեկ անգամ եւս ուզում եմ կրկնել անգամ գետաձիու նախանձը շարժող կաշվի հաստություն ունեցողների համար, որ մենք երբեք չենք բացառել փոխզիջումները, եթե արդյունքում խոսքը գնացել է Արցախի վերջնական կարգավիճակը ազատ կամաարտահայտությամբ որոշելու մասին, որն ունի պարտադիր իրավական ուժ եւ որի օրակարգը ոչնչով սահմանափակված չէ։
Եվ վերջում։ Նիկոլ, ոչ քո մամլո խոսնակի «կռուտիտներով», ոչ ընտանեկան թերթի անանուն խմբագրականներով, ոչ լուրջ դեմքով անհեթեթություններ արտաբերող պատգամավորներով, ոչ էլ ԱԳ նախարարի միայն քեզ բավարարող վերբալ կոմբինացիաներով այս հարցը փակել չես կարող։
Ինքդ պիտի խոսես։ Կարեւորը, դուխով։»։