Լուրեր

«Կա՛մ Նիկոլ Փաշինյանը պետք է կտրականապես փոխի իր կողմից վարվող քաղաքականությունը, ընդունի իր սխալները, կա՛մ ժամանակ առաջ պետք է գտնենք նոր վարչապետ».Գագիկ Մինասյան

25.04.2020

 «Աշխարհի բոլոր երկրներում համավարակն ու դրա թողած սոցիալ-տնտեսական հետևանքները հաղթահարելու համար իրականացվում է ուժերի մոբիլիզացիա, աշխարհի բոլոր երկրները համախմբում են իրենց ուժերը, որպեսզի հաղթահարեն այն, մեզանում ճիշտ հակառակն է տեղի ունենում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Մինասյանը:

Նա համոզված է, որ հասարակության տարբեր շերտերում առկա հիասթափությունների պատճառն այս և այլ հարցերում վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունն է:

 Արձագանքելով մեր դիտարկմանը, թե վարչապետն իր տեսաուղերձում Հայաստանում հիասթափության ալիքի այլ պատճառներ էր մատնանշել՝ Գ. Մինասյանն ասաց.

«Ինքը պատճառը ճիշտ չի նշում. պատճառը հիմնականում այն է, որ Նիկոլ Փաշինյանը կարևորագույն հարցերում իրարամերժ հայտարարություններ է անում»:

Հիշեցնենք՝ վարչապետը մասնավորապես ասել էր. «Խորքային առումով Հայաստանում տեղի է ունենում մեծ հիասթափություն, որովհետև փայի բաժանում տեղի չի ունենում: Մաֆիոզ մտածողությունը մեր իրականության մեջ շատ մեծ է: Հիասթափված են բոլորը, նրանք, ովքեր հույս ունեին փայ ստանալ, նրանք, ովքեր ուզում էին մեծացնել իրենց փայը կամ վերցնել ուրիշի փայը»:

Ի լրումն՝ մեր զրուցակիցը հիշեցրեց գործադիրի ղեկավարի երկու տարիների վարած քաղաքականության մի քանի դրվագներ.

«Ինքը նախ ասում էր, որ հասարակությունը հպարտ քաղաքացիների միավորում է, և նրանցից յուրաքանչյուրը վարչապետ է, ըստ էության, և ինքն ունի 3 միլիոն վարչապետների հասարակություն, բայց դրանից հետո ասում է, որ այս հասարակության աղքատության պատճառն այդ հասարակության անդամների գլխում է, ասում էր, որ ունի 600.000 լոդր քաղաքացի:

Այս ոլորտը միակ ոլորտը չէ, որն ինքն իրարամերժ հայտարարություններով ուղղակի կազմաքանդում է.

Նա պարբերաբար նշում է, թե իր համար միևնույն է՝ հի՞ն, թե՞ նոր պետական կառավարման աշխատակից, կարևորը, որ նա բարեխիղճ լինի և զերծ լինի կոռուպցիայից, մյուս կողմից՝ վերջերս հայտարարեց, թե նախորդ իշխանության ժամանակ աշխատած պետական կառավարման համակարգի ներկայացուցիչներից ինքը պետք է ձերբազատվի (գռեհիկ ձևով էր ասում՝«Սերժի կադրերից» պետք է ձերբազատվի):

Այսպիսի հայտարարություններն ուղղակի կազմաքանդում են պետական կառավարման համակարգը, մղում այն անգործության, ինչի հետևանքները մենք տեսնում ենք ցանկացած բնագավառում:

Հաջորդ ոլորտը, որտեղ իրարամերժ հայտարարություններով կազմաքանդում է տարիների հետևողական աշխատանքի ընթացքում ձեռք բերված արդյունքները, արտաքին հարաբերությունների ասպարեզն է:

Ե՛վ Արևմուտքի հետ կապված նրա հայտարարությունները, և՛ դաշնակից Ռուսաստանի ու Իրանի Իսլամական Հանրապետության վերաբերյալ արտահայտություններն էապես նվազեցնում են այն մակարդակը, որը մենք ձեռք ենք բերել տարիների հետևողական աշխատանքով:

Մի քանի օրինակներ բերեմ. ԱՄՆ ներկայացուցիչ Ջոն Բոլթոնի Հայաստան այցից հետո ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ցանկացած օր կարող է փակվել Հայաստանի և Իրանի սահմանը:

Իրանի նման երկիրը դա չի կարող մոռանալ և լուրջ չընդունել նման հայտարարությունները»:

Ըստ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահի՝ այս քաղաքականությամբ է պայմանավորված տարբեր ոլորտներում արձանագրվող նահանջը. «Ունենք էական նահանջ, որն իսկապես թուլացնում է մեր առաջընթացի պոտենցիալը, նվազեցնում մեր արտաքին հեղինակությունը»:

«Ճանապարհը մեկն է՝ կա՛մ Նիկոլ Փաշինյանը պետք է կտրականապես փոխի իր կողմից վարվող քաղաքականությունը, ընդունի իր սխալները, կա՛մ ժամանակ առաջ պետք է գտնենք նոր վարչապետ»,- եզրափակեց Գագիկ  Մինասյանը:

Զարուհի Դիլանյան

168.am

 

← Վերադառնալ ցուցակին