Լուրեր
ԼՂ հակամարտության փուլային կարգավորման վերաբերյալ Լավրովի հայտարարությունը Հայաստանի ներկայիս իշխանությունների հախուռն քաղաքականության արդյունքն է. Շարմազանով
23.04.2020
«Ես կարծում եմ, որ Լավրովը պատահական չի հրապարակել է ղարաբաղյան բանակցությունների ներկա փուլի օրակարգը՝ դրանով իսկ տեղեկացնելով Հայաստանի հասարակությանը, թե իրականում ինչ փաստաթուղթ է քննարկվում ներկայումս կողմերի հանդիպումների ժամանակ»: Նման կարծիք InfoPort.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման վերաբերյալ:
Նա ընդգծեց, որ ղարաբաղյան հակամարտության փուլային լուծումն ընդունելի չէ հայկական կողմի համար. «Վերադարձ անցյալին ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակներին չի կարող լինել»։
Շարմազանովի կարծիքով ՝ այս հայտարարությունն Արցախի հարցում Հայաստանի ներկայիս իշխանությունների հախուռն քաղաքականության արդյունք է։ Նրա խոսքով ՝ ի սկզբանե Հայաստանի նոր իշխանությունները ղարաբաղյան հարցում սխալ շեշտադրումներ են արել ՝ որպես անկյունաքար դիտարկելով անվտանգության հարցը։ Մինչդեռ, ինչպես ընդգծեց նախկին փոխխոսնակը, արցախյան հարցում անկյունաքարայինը կարգավիճալի հարցն է, մյուս բոլոր հարցերը, այդ թվում նաև անվտանգության հարցը, ածանցյալ են կարգավիճակի խնդրից։
«Ստացվում է, որ ԱՀ բնակչության անվտանգության համապատասխան հստակ երաշխիքներ ստեղծելու դեպքում Արցախը կարող է անցնել Ադրբեջանի կազմ»,- տարակուսեց Շարմազանովը։
Նա նկատեց, որ Լավրովի խոսքերը նաև Հայաստանի իշխանությունների կողմից հնչեցվող ոչ կոնստրուկտիվ հայտարարությունների արդյունք են։
«Ոչ կառուցողական հայտարարություններով հանդես գալու փոխարեն կարելի էր կապիտալիզացնել ղարաբաղյան հարցի վերաբերյալ այն դրական ժառանգությունը, որը բաժին էր հասել նախկին իշխանություններից եւ այդ կետից շարունակել, այլ ոչ թե հախուռն քայլերով սկսել զրոյից», - նկատեց է նախկին փոխխոսնակը ՝ ընդգծելով, որ կարելի էր նաեւ խորհուրդ հարցնել այդ գործընթացում փորձ կուտակած նախկին իշխանությունների ներկայացուցիչներից:
«Մենք թշնամիներ չենք, մեր նպատակն է գործող իշխանությանը թուլացնելը չէ, հատկապես այնպիսի համազգային հարցերում, ինչպիսին ղարաբաղյանն է: Այո, մենք կարող ենք քննադատել այս իշխանությունների ներքին օրակարգը և այդ քննադատությունը նպաստում է հենց երկրի դիրքերի ամրապնդմանը, բայց երբեք չենք գնա ապակառուցողական քայլերի համահայկական հարցերի շուրջ», – եզրափակեց Շարմազանովը:
infoport.am