Լուրեր

«Կան հաղթանակ կերտողներ ու կան հաղթանակի մակաբույծներ». Հայկ Մամիջանյան

17.04.2020

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կան հաղթանակ կերտողներ ու կան հաղթանակի մակաբույծներ

Այսօր Ալեն Սիմոնյանը իր հարցազրույցում նշել է, որ 2016 թվականի ապրիլին հայ ժողովրդի տարածը «հաղթանակ անվանել չի կարելի» եւ խոսել 100-ից ավելի զոհերի մասին։ Ուշադրություն դարձրեք՝ օրհներգ փոխող, կաթողիկոս փոխող երեսփոխանը հիմա էլ որոշել է Ապրիլյան հաղթանակը փոխի։ Հիշեցնեմ, որ իրենց իսկ կողմից ստեղծված հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը 2016 թվականի ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողություններում մեր արդյունքը որակում է հաղթանակ։ Հիշեցնեմ, որ մի քանի անգամ բարձրաձայնվել է, որ ռազմական գործողությունների զոհերի թիվը 75 է։ Այն մարդկանց որակումը, որոնք նպատակադրված խեղաթյուրում են զոհերի թիվը արդեն տվել եմ ՝ սրիկայություն է։

Ինչ վերաբերվում է ՀՀԿ-ի գործունեությանը.
Ես ու Ալեն Սիմոնյանը մոտ նույնքան ժամանակ ենք զբաղվում հասարակաքաղաքական գործունեությամբ, բայց ես հպարտանում եմ այն փաստով, որ երբեք այդ գործունեությունը ի հաշիվ ինքնասիրությանս չեմ ծավալել։ Երբեք գումար չեմ վաստակել որեւէ խոշոր գործարարի կողմից պարբերական հրապարակային ստորացումներ ու հայհոյանքներ ստանալով։ Երեւի հենց դրա համար էլ հիմա կարմիր գույնի Range Rover չունեմ։
Ուստի թույլ չեմ տա, որ իմ ու ընկերներիս քաղաքական գործունեությունը որոշ մարդիկ ներկայացնեն որպես շղարշ կամ страховка։ Չնայած ո՞նց կարող եմ ընկերոջը դավաճանած մարդուն բացատրել, թե ինչի է նշանակում հավատարմությունը թիմին (գեներալ Արթուր Վանեցյանի ականջը կանչի)։

Հա, մեկ էլ. Ալեն Սիմոնյանը լավ կլինի շախմատից չխոսի՝ իրեն ավելի սազական է օնլայն дурак-ը։

ՀԳ
Եթե պարոն Սիմոնյանի մտքով անցնի ինձ դատի տալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով՝ զրպարտության համար, ապա վստահ եմ, որ կլինեն շատ ու շատ մարդիկ, որոնք սիրով կհաստատեն իմ նշած փաստը։ Այդ ժամանակ ասածներս արդեն կհաստատվեն դատարանում»:

← Վերադառնալ ցուցակին