«Ուղղակի ցավալի է, որ երկրի առաջին դեմքը բացարձակ սուտ է խոսում։ Դա նշանակում է, որ նա չի արժևորում այն պաշտոնը, որն ինքը զբաղեցնում է։ Տնտեսությանը քիչ թե շատ տիրապետող մարդկանց համար, ովքեր գիտեն, երբ են շուկայում դոլար վաճառում կամ երբ են շուկայից դոլար գնում, վարչապետի բացատրությունն ուղղակի ծիծաղելի է։ Նույնիսկ առաջին կուրսի ուսանողը դա կարդալիս կափսոսա, որ երկրի վարչապետը նման բան է ասում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը։
Հիշեցնենք, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Որքան էլ զարմանալի թվա, այսօր Կենտրոնական բանկն արտարժույթի շուկայից 8.1 միլիոն դոլար է գնել։ Սա այլ բացատրություն, քան ֆինանսական շուկայի վստահություն կառավարության վարած հակաճգնաժամային քաղաքականությանը, չի կարող ունենալ: Մարդիկ վստահում են մեր վարած քաղաքականությանը, մարդիկ վստահում են դրամին»։
«Դրանով ԿԲ-ն փորձում է դրամն արժևորել, և դա որևէ կապ չունի դրամի նկատմամբ մարդկանց վստահության կամ այս ճգնաժամային իրավիճակում կառավարության վարած քաղաքականության հետ։ Այն քանակի դոլարները, որ ԿԲ-ն վաճառել է, ըստ էության, այն դոլարների քանակի 1/3-ն է, որը նախորդ դարի հնարավոր եղավ կուտակել մեր պահուստային ֆոնդում, այն էլ՝ շնորհիվ ավտոմեքենաների ներկրման, որը, փաստորեն, բերեց արտարժույթի պահուստների կտրուկ ավելացմանը։
Եվ ընդամենը մեկ ակցիայի արդյունքում ԿԲ-ն այդ կուտակած դոլարների մեկ երրորդը ստիպված էր նետել շուկա, որպեսզի կասեցներ դրամի կտրուկ արժեզրկումը։ Սա է։ Եվ մի կողմից՝ ծիծաղելի է, մյուս կողմից էլ՝ վիրավորական, որ երկրի առաջին դեմքը նման հայտարարություն է անում»։
Ռազմիկ Մարտիրոսյան