Լուրեր

«Կյանքը և ինքնորոշման համար պայքարն Արցախում շարունակվում են». Արտակ Զաքարյան

14.04.2020

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԿՅԱՆՔԸ ԵՎ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Այսօր Արցախն ամփոփելու է իր նախագահական 6-րդ ընտրությունների երկրորդ փուլը: 6-րդ անգամ արցախցիներն ընտրելու են իրենց նախագահին (նախորդ նախագահական ընտրությունները տեղի են ունեցել 1996, 1997, 2002, 2007, 2012թթ-ին): Ընդհանուր առմամբ անկախության հռչակումից առ այսօր Արցախն անց է կացրել թվով 15 համապետական ընտրություններ:

Արցախի ժողովուրդն իր կյանքի ու պայքարի գնով վաստակել է ազատ և արժանապատիվ ապրելու, ժողովրդավարական և ժամանակակից հասարակություն ունենալու իրավունքը: Այսօր էլ Արցախի սահմաններն ու անվտանգությունը հսկող մեր զինվորականների գերնպատակը թիկունքում ամուր, կայուն և զարգացող պետություն ունենալն է:

Արցախում անցկացված բոլոր ընտրությունները փաստել են, որ մարդու իրավունքները, մասնավորապես ընտրելու և կառավարմանը մասնակցելու իրավունքը, անօտարելի են և բոլոր ժողովուրդներն ինքնորոշման իրավունքի ուժով կարող են ազատորեն որոշել իրենց քաղաքական կարգավիճակը:

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնաքարն է: Հետևաբար լեգիտիմ, կայուն, անցնցում և համերաշխության միջավայրում անցկացվող ժողովրդավարական ընտրությունները ապագայի հաջողությունների գրավականն են:

Արցախի նորընտիր նախագահը և իշխանությունները պետք է շարունակեն առանձնահատուկ պատասխանատվություն ու դերակատարում ստանձնել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: Դրանով հանդերձ նրանց ակտիվ ներգրավվածությունն առանցքային նշանակություն պետք է ունենա և լիարժեք արտահայտի Արցախի ժողովրդի հավաքական դիրքորոշումը: Այսօրվա ընտրություններով ու դրանից հետո ևս, արցախյան կյանքում այդ հավաքականությունը որևէ կերպ չպետք է խաթարվի:

Ուզում եմ հավատալ, որ այսօր ընտրվող նախագահին շնորհավորելու են Արցախում գործող բոլոր քաղաքական ուժերը և որևէ մեկի մտքով չի անցնելու համաշխարհային համավարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում փորձ անի այլ զարգացումներ հրահրել: Իսկ ապագայի համար վստահ եմ, որ արցախյան ընտրություններն արժանանալու են նաև միջազգային շնարհավորանքների ու միջպետական համագործակցության պատրաստակամության:

Մաղթում եմ, որ համավարակն անվնաս շրջանցի Արցախի ընտրական գործընթացը, իսկ Հայաստանի անհույս իշխանություններն էլ վերջապես գիտակցեն, որ կորոնավիրուսի համավարակն ավարտվելուց հետո ավարտին է մոտենալու նաև իրենց լեգիտիմության պաշարները»:

← Վերադառնալ ցուցակին