Լուրեր
«Երբ առաջին նախագահը ասում է մի քննադատեք իշխանությանը». Մարգարիտ Եսայան
10.04.2020
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երբ առաջին նախագահը ասում է մի քննադատեք իշխանությանը, հիմա դրա ժամանակը չէ, ես լռում եմ ու մտածում, այն կոդերի մասին, որ, անկասկած կա նրա այդ հորդորի խորքերում։ Երբ Փաշինյան Նիկոլը ասում է , իր ընտանիքին քննադատում են, ես դարձյալ լռում եմ, եւ չեմ էլ ուզում արձագանքել։ Քանի որ սրա ասածի մեջ ոչ մի կոդ էլ չկա, սա մանր ժուլիկություն է, որը ամեն անգամ էս մարդը բերում-փաթաթում է հասարակության վզին։ Երբ ասում է արգելափակեք իմ ընտանիքը քննադատողներին, ես մտածում եմ, ճիշտը իր իսկ ընտանիքը արգելափակելն է, թեկուզ մեկ անգամ։
Գուցե հարկ կա հավաքվեն իրար գլխի, առանց նկարահանող սարքերի, պարզ, մարդավարի նստեն եւ հասկանան, որ իրենք ընդամենը մեկ առանձին վերցրած ընտանիք են եւ ոչինչ՝ ավելին ու չի կարելի իրենց ամեն մի կերած փիփերթը կախել հասարակության ականջներից եւ ապաշնորհ նկարչի պես խզբզել իրենց չեղած դիմանկարը։ Երբ առաջին նախագահը ասում է, թե երկրորդ եւ երրորդ նախագահների քարոզչական միջոցները չպիտի հասարակության մեջ ատելություն սերմանեն, ես դարձյալ լռում եմ։ Պարզապես նստում եւ վերհիշում են այն ամենը ինչ անցավ-դարձավ այս երկրի, այս հասարակության գլխով տարիներ առաջ, տարիներ շարունակ եւ տարիների մեջ։ Երբ եթե դու իրենցից չէիր, ուրեմն ոչ մեկն էիր։
Օրինակներ, որքան ուզեք։ Երբ դու ապրում էիր կիսաքաղց, մութ, մոլոր, բայց՝ երջանիկ, քանի որ քեզ այդ պահին համոզել էիր, թե երկիրդ պատերազմի մեջ է/իրականում այդպես էր/ ու տղերքը պատերազմի դաշտում են ու դու էլ քո երեխեքի հետ պարտավոր ես այստեղ դիմանալ ու ապրել/, մեկ էլ, երբ պարզվեց լույսը կա, լույսը տվեցին, քո աչքերն էլ բացվեցին ու տեսար, երբ դու խարխափում էիր մթության մեջ, բայց հոգիդ լուսավոր էր, այդ ընթացքում տղերքը, գիտեք, թե որ տղերքը, ահագին սեփականության տերեր են դարձել, ֆռֆռում են ծառայողականներով, հողեր եւ գործարաններ են սեփականացնում ջրի գնով, փարթիներ են անում փարիզներում․․․։
Իսկ դու դեռ շարունակում էիր կոպեկը կոպեկին դնել եւ հայտնի «յարմորկայից» գնածդ մի բուռ ոսպի ու բրնձի համար ուրախանալ, քանի որ երեխեքդ մի քանի շաբաթ սոված չէին լինելու։
Եղան, որ անմիջապես քոչները կապեցին ու հեռացան։
Հեռացան պատերազմի մեջ թողնելով մնացողներին։Ես նրանց չեմ դատում, ես ո՞վ եմ, որ դատեմ, բայց եւ թույլ չեմ տալիս, որ նրանք ինձ դատեն։ Նրանք ո՞վ են, որ դատեն։
Երբ խժդժությունների, ատելության, մանիպուլյատիվ մաստեր կլասով իշխանության եկածները այսօր քիչ են համարում միլիոններով ստացած իրենց փողերը, ես դարձյալ ոչինչ չեմ ասում։
«Նվիրյալ»լինելու գաղափարը ոտատակ են տալիս, ես դարձյալ լռում եմ։ Եռաբլուրը թող ների իմ լռությունը։
Եվ, գիտեք՝ ինչո՞ւ, որովհետւ այսօր այն օրն է, երբ Հուդայի մեկ համբույրով Հիսուսին խաչեցին։
Այսօր այն օրն է, երբ 30 արծաթով Հուդան մատնեց իր ուսուցչին․․։
Այո, այսօր շատ պատասխանատու օր է, ամեն մեկիս համար։ Սեփական հոգու հետ կռիվ տալու, սեփական հոգու ներսում բուն դրած հուդային վանելու, մերժելու, կամ, գուցե նրան հասկանալու եւ ներելու օրն է։
Եթե Հիսուսը չխաչվեր, մարդկությունը փրկություն չէր ունենա․․։
Սա իմ կարծիքը չէ, ուրիշներն են փորձում ինձ համոզել։
Ես համամիտ չեմ, բայց, ոչինչ չեմ ասում․․․։
Ես կուզեի, որ Հիսուսը մեզ ցույց տար դեպի տաճար տանող ճանապարհը առանց խաչվելու ու չարչարանքի։
Ես կուզեի, որ Հիսուսը մեզ ուսուցաներ ներելու արվեստը, բայց՝ առանց խաչվելու։
Ես կուզեի, որ Հիսուսը մեզ տաներ դեպի լույսը՝ առանց խաչվելու․․․
Ես կուզեի, որ Հիսուսի խաչը մենք չթողնեինք միայն Հիսուսի ուսերին։
Ես կուզեի, որ այդ խաչը տանեինք բոլորս մեկ մարդու պես, այդ խաչի ծանրության տակ կքած, արյունաքամ ու տառապանքով։
Ես կուզեի, որ ոչ թե Աստծո որդին գար մեզ փրկելու իր կյանքի, իր խաչվելու գնով, այլ մենք կանգնեինք եւ փրկեինք նրան։
Մինչդեռ մենք կանգնած նայում էինք , թե ինչպես են Հիսուսին խաչում եւ անզոր էիմք, վախկոտ՝ նրան խաչողների առաջ։
Ես կուզեի կռիվ տալ եւ արյունաքամ լինել հանուն Հիսուսի փրկության, որը հենց մեր փրկությունն էր լինելու։
Հիսուսին փրկելով մենք մեզ պիտի փրկեինք, պարտավոր էինք կռվել այդ կռիվը։
Բայց մենք չունենք այդ համարձակությունը։
Եվ ամեն անգամ ինքներս մեզ համոզում ենք, թե գալու է Հարության օրը․․․
Փաստորեն ոչինչ չի փոխվել, հետեւություն չենք արել, եւ մեր հույսը դարձյալ թողել ենք Աստծո որդու վրա, նրա խաչվելու եւ Հարություն առնելու հրաշքի վրա։
Եվ, քանի որ Աստված Սեր է, ամեն տարի գալիս է այդ օրը․․․»: