Լուրեր
«Պոպուլիզմի ու ընթացիկ քաղաքական շահերի պատճառով կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված բոլոր քայլերն արվել են ուշացումով». Արտակ Զաքարյան
08.04.2020
ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԵՐԿՐՈՐԴ ԴԱՍԸ` ՎԵՐԱԴԱՐՁ ԴԵՊԻ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄ
Նախորդ գրառումներից մեկում անդրադարձել էի կորոնավիրուսից քաղվող առաջին դասին: Գրեթե բոլոր երկրներում էլ կառավարությունները համավարակը դիմավորեցին թերություններով ու սխալներով, կարելի է ասել անպատրաստ: Իսկ մեր երկրում՝ ընդհանրապես անլուրջ ու ակնհայտ սխալներով: Աշխարհն աստիճանաբար գալիս է այն համոզմանը, որ համավարակի և նրա սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարումը հնարավոր է դառնալու ուժեղ և էֆֆեկտիվ կառավարման շնորհիվ: Հետևաբար՝ մարդիկ ստիպված վերադառնալու են ուժեղ կառավարություններին:
Այս օրերին միջազգային մամուլը դարձել է ապագայի հայելի, ըստ որի՝ կորոնավիրուսից քաղվող ԵՐԿՐՈՐԴ ԴԱՍԸ փորձագետների և ոլորտային մասնագետների նկատմամբ վստահության վերականգնումն է: Մարդիկ ավելի շատ վստահում են ոչ թե կառավարությունների, այլ փորձառու գործիչների, փորձագետների ու մասնագետների հայտարարություններին ու վերլուծություններին: Կառավարությունները այս օրերին վերածվել են վիճակագրական տվյալներ հրապարակող և իրավիճակի հետևից վազող կազմակերպությունների:
2008թ. ֆինանսական ճգնաժամը, արաբական գարունները, 2015թ. փախստականների հետ կապված հարցերը, ռազմական բախումները, համաշխարհային ու տարածաշրջանային մի շարք նախաձեռնությունները, և համընդհանուր հիմնախնդիրները պատճառ դարձան արհեստավարժ կառավարությունների նկատմամաբ վստահության անկման և պոպուլիզմի հաղթարշավի համար: Սակայն համավարակային ճգնաժամը և դրա սոցիալ-տնտեսական հետևանքները կրկին մեծացնում են կառավարման մասնագիտական ներուժի անհրաժեշտությունը:
Համավարակի նախնական փուլերում փորձառու գործիչները, ոլորտային մասնագետները, կառավարման փորձագետներն ու առաղջապահական ոլորտի գիտական հանրույթը պարբերաբար նախազգուշացրել են կառավարություններին՝ անհապաղ միջոցառումներ իրականացնելու մասին: Ցավոք պոպուլիզմի ու ընթացիկ քաղաքական շահերի պատճառով կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված բոլոր քայլերն արվել են ուշացումով: Արդյունքում մեծ ռիսկերի են ենթարկվել հասարակության առողջությունն ու մարդկային կյանքերը:
Այսօր էլ համավարակի պայքարի առաջին գծում մասնագետներն են, իսկ համաշխարհային տնտեսության, սոցիալական կյանքի և բիզնեսի հետագա ճակատագիրը կախված է միմիայն ոլորտային մասնագետներից: Աշխարհում պրոֆեսիոնալիզմը վերականգնում է իր դիրքերը՝ ի հաշիվ պոպուլիստական ու մանիպուլյատիվ մոտեցումների: Սուտը, կեղծիքը, խաբեությունը և անպատասխանատվությունը նույնիսկ համաշխարհային Պողոսների համար այլևս անընդունելի են:
Մեզ կրկին անհրաժեշտ է լինելու կազմակերպել համահայկակական մասնագիտական ներուժի հավաքագրում և ներգրավում: Հայաստանի տնտեսության ու սոցիալական պատասխանատվության կարողությունների պահպանումն ու առողջացումը ծայրահեղ անհրաժեշտություն է: Կառավարության կազմում, առավել ևս օրենդիր մարմնում այսօրվա դիլետանտիզմը հակադարձ համեմատական է ստեղծված իրավիճակին: Ուստի Նիկոլի և կառավարության առաջին քայլը պետք է լինի ըստ ոլորտների մասնագիտական խորհրդատվական խմբերի ձևավորումը՝ հակաճգնաժամային կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր մշակելու համար:
Որպես կարևորագույն քայլ, անհրաժեշտ է շատ արագ վերականգնել քաղաքական հանդուրժողականության ու քաղաքացիական համախմբման միջավայրը: Դադարեցնել քաղաքական դատավարություններն ու տեղեկատվական հարձակումները: Սեփական իշխանությունը պահելը պետության ապագայի գնով՝ բոլորովին արդարացված չէ: Բոլոր տիպի մեծ կամ փոքր ներդրումները (անկախ նրանից թե ինչ ծագում ունեն դրանք), պետք է դառնան գերնպատակ: Պետք է վերանայվեն պետական բյուջեի ծասային և եկամտային մասերը, նախատեսվեն տնտեսության հակաճնաժամային ծրագրերի իրականացման համար պետական և մասնավոր սեկտորների և այլ ֆինանսավորման կոնկրետ աղբյուրները:
Բնականաբար անհրաժեշտ գործողությունների ցանկը շատ ավելի մեծ է: Իսկ դրանց կյանքի կոչելու համար անհրաժեշտ են միմիայն մասնագետներ: «Ոչինչ, որ դիլետանտ են, կաշխատեն կսովորեն» հարմարվողական մոտեցումը այլևս պետության դեմ նախապատրաստվող նոր տիպի հանցագործությունների շարքից են լինելու»: