Լուրեր
«Եթե աշխարհը փոխվելու է, ապա ինչպիսի՞ն է լինելու այդ նոր աշխարհի մարդը». Արմեն Աշոտյան
05.04.2020
ՀՀԿ փոխմախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Համաճարակի մեկնարկի հենց սկզբից «գլոբալ մտածողները», հետո՝ ավելի փոքր տրամաչափի մտավորականները, հետո՝ գրեթե բոլորը գրում են այն մասին, որ աշխարհն համավարակից հետո այլեւս երբեք նույնը չի լինի։
Կանխատեսումների, տեսակետների, հոդվածների եւ վերլուծությունների պակաս, թե ինչպիսին է լինելու նոր աշխարհի քաղաքական, տնտեսական, քաղաքակրթական եւ սոցիալական նկարագիրը, չկա։
Մեզ, միամիտներիս, կարծես թվում է, թե այսօրվա ռիսկերը, վաղվա հոգսերը եւ նոր ապագայի վախեցնող հեղհեղուկությունը վերապրելու մեր ուժը նախկին կյանքի ենթագիտակցական ստերեոտիպների եւ դրվագային երջանկության ռեպլիկացիաների մեջ է։
Այնինչ կարեւոր հարցը մնում է դեռ անպատասխան.
Եթե գալիք աշխարհի փոփոխությունն անխուսափելի է, ապա ինչպե՞ս մենք կարող ենք մնալ նույնը։
Արդյո՞ք այս պարտադրված մեկուսացումը ներքին կատարսիսի վերջին շանսն է։
Արդյո՞ք տարիներ շարունակ մեզ որպես նորաձեւ հրամցված սպառողական արհեստականությունների տակ մեր իրական, պարզ ու բարոյական մարդկային ինքնության բյուրեղները «դրսի կամար ապրելու» փոշուց ազատելու ժամանակը չէ։
Մի խոսքով.
Եթե աշխարհը փոխվելու է, ապա ինչպիսի՞ն է լինելու այդ նոր աշխարհի մարդը»: