Լուրեր

ՀՀԿ-ն երբեք չի եղել անձի կուսակցություն, այն եղել է քաղաքական ճանապարհ անցած մարդկանց գաղափարական միավորման արդյունք. Սամվել Նիկոյան

02.04.2020

Ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեսուն տարի առաջ այս օրը` 1990 թվականի ապրիլի 2-ին, հռչակվեց Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը՝ որպես ռազմաքաղաքական կառույց։

Այն ռազմական էր, քանի որ Արցախյան ազատամարտի սկզբում կազմավորված «Անկախության Բանակ» ռազմաքաղաքական միավորումը կազմակերպական հենք հանդիսացավ ՀՀԿ-ի ձևավորման և հիմնադրման համար եւ քաղաքական էր, քանի որ 1967 – 1987 թթ ընդհատակում գործող Ազգային Միացյալ Կուսակցության մի շարք անդամներ ձևավորեցին նորաստեղծ Հանրապետական կուսակցության գաղափարաքաղաքական հենքը։

 Մի կողմից Արցախյան ճակատում Հանրապետական կուսակցությունը մասնակիցն էր ազգային ազատագրական պայքարի՝ իրականացնոլով իր գաղափարախոսական հայրենատիրության գաղափարը, մյուս կողմից ակտիվ պայքար էր մղում Հայաստանի անկախացման համար։

Քաջ գիտակցելով, որ անկախ պետականություն ունեցող ժողովուրդներն են ի վիճակի լուծել իրենց ազգային հիմնախնդիրները և, որ Ղարաբաղյան պատերազմում կամավորական ջոկատներն ի վիճակի չեն լինելու ինքնուրույն լուծելու մեր ազգի առջև ծառացած խնդիրները, կուսակցությունն իր ներդրումն ունեցավ կամավորական ջոկատների համակարգող խորհրդի ստեղծմանը՝ նպաստելով հայոց պետական Ազգային Բանակի ձևավորմանը, որից հետո հայտարարեց իր ապառազմականազման մասին՝ զբաղվելով միայն քաղաքական գործունեությամբ։

Հանրապետականն իր ձևավորմամբ ոչ միայն լուծում էր մեր ժողովրդի առջև ծառացած ազգային ազատագրական և անկախության՝ հանրության մոտ ստեղծված պահանջը, այլև նրա ղեկավար մասը դեռևս 60-ական թվականներից հանձն էր առել անկախ պետություն ունենալու և հայրենատիրության վեհ գաղափարներ հասարակությանը մատուցելու պատասխանատվությունը։

ՀՀԿ-ն երբեք չի եղել անձի կուսակցություն, այն եղել է քաղաքական ճանապարհ անցած մարդկանց գաղափարական միավորման արդյունք։ Տարբեր ժամանակներում Հանրապետական կուսակցության ղեկավարած լիդերները՝ հիմնադիր նախագահ Աշոտ Նավասարդյանը, ՀՀ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, սպարապետ Վազգեն Սարգսյանը և ՀՀ երրորդ նախագահ ներժ Սարգսյանը մեր նորանկախ պետության արժանի զավակներից են։

ՀՀԿ-ն, որպես ՀՀ նորանկախ պետության առաջին կուսակցություն, ունենալով երեք տասնամյակների պատմություն, գիտակցելով իր հզոր անցյալը, Արցախյան ազատամարտի եւ անկախ պետականության իր ներդրումները, պետականաշիության դժվար, տանջալից, միևնուն ժամանակ արդյունավետ փորձը, ի վիճակի է խորը վերլուծություններ կատարել և վստահաբար նայել ապագային և շարունակել մնալ Հայաստանի քաղաքական դաշտում իբրև նպատակ, գաղափարախոսություն և կենսագրություն ունեցող ազդեցիկ քաղաքական ուժ։

Քսան տարի առաջ մեր կուսակցությունն անվանեցին Պատերազմի կուսակցություն։ Մի գուցե դա այդպես էր, քանի որ Հանրապետական կուսակցությունը քաջ գիտակցում էր, որ որևէ ժողովրդի դեռևս չի հաջողվել պատերազմից փախչելով խաղաղություն գտնել։ Այդ իսկ պատճառով այն միշտ եղել է, կա ու կլինի Հայոց բանակի կողքին։ Այս օրերին երբ մեր ժողովուրդը անդրադառնում է ապրիլյան պատերազմի իրադարձություններին, մենք գնահատում ենք դա, որպես մեր ժողովրդի հաղթանակ, քանի որ ադրբեջանական բանակը չկարողացավ իր առջև դրած հիմնական ռազմական եւ քաղաքական խնդիրները լուծել, մինչդեռ Հայկական Բանակն ապացուցեց, որ ինքը միայնակ կարող է լուծել Արցախի և Հայաստանի Հանրապետությունների անվտանգության խնդիրները և Ադրբեջանին պարտադրել մուրալ խաղաղություն

Այս օրերին, երբ մեր ժողովրդի առջեւ կանգնած է մեկ այլ փորձություն՝ համաճարակ, Հանրապետական կուսակցությունը կոչ է արել և կոչ է անում բոլոր կուսակից ընկերներին և ժողովրդին ցուցաբերել զսպվածություն, օրինապաշտություն և համախմբվածություն, որպեսզի համատեղ ուժերով կարողանանք հաղթահարել մեր ժողովրդի առջև ծառացած այս փորձությունը»:

← Վերադառնալ ցուցակին