Լուրեր
«Մարդիկ գուցե համբերատար են, բայց համաճարակն ու տնտեսությունը երկար չեն սպասում». Արտակ Զաքարյան
24.03.2020
ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բիզնեսն աշխարհում խորը մտահոգված է իր ապագայով և նրան անհրաժեշտ են երաշխիքներ: Համաշխարհային քաղաքական ու տնտեսական առաջատարները պետք է կարողանան մի կողմ թողնել բոլոր տիպի միջպետական տարաձայնությունները և համատեղ գործողություններ սկսեն: Այլապես, ստեղծված իրավիճակը շատ ավելի անելանելի դրության մեջ է դնելու ամեն ինչ:
Հայաստանի իշխանությունները լավն են, վատն են, լեգիտիմ են թե ոչ, թավշյա են թե բյուրեղյա՝ այլևս զրո նշանակություն ունի: Եթե նույնիսկ նրանցից յուրաքանչյուրը Չերչիլի կամ Դը Գոլի կատեգորիայի գործիչ «ճանաչվի», միևնույն է՝ ոչինչ ինքնություն անել չեն կարող: Որովհետև ստեղծված իրավիճակում Հայաստանի տնտեսությունը մեծ կախում ունի արտաքին աշխարհից: Հետևաբար հենց այսօրվանից մեր արտաքին քաղաքականության ու դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները ականջները սրած և աչքները չորս արած պետք է կարողանա նպաստավոր դիրքավորվել գերտերությունների և միջազգային կազմակերպությունների կուլուարներում՝ համաշխարհային տնտեսության վերաֆորմատավորման ու առողջացման ծրագրերում Հայաստանի տնտեսական կարողությունները ներառելու համար:
“Մեծ քսանյակի” երկրները հաջորդ շաբաթվա ընթացքում, Սաուդյան Արաբիայի նախագահությամբ նախատեսում են անցկացնել կորոնավիրուսի հետևանքներին նվիրված վիրտուալ գագաթաժողով: Ըստ միջազգային մամուլի՝ համաճարակային կանխարգելման հարցերի հետ մեկտեղ քննարկվելու է նաև հնարավոր ֆինանսա-տնտեսական ճգնաժամին առընչվող հարցեր:
Ելնելով 2008-09թթ. (Վաշինգտոնյան և Լոնդոնյան գագաթաժողովներ) ֆինանսա-տնտեսական ճգնաժամի հաղթահարման հաջողված փորձից՝ մասագետները գտնում են, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, հենց «Մեծ քսանյակ»-ը կարող է լինել համաշխարհային գլոբալ համակարգողը: Առաջիկա գագաթաժողովը ցույց կտա, թե որքանով «Մեծ քսանյակը»(տնօրինելով համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 90%-ը և բնակչության գրեթե 2/3-ը) շահագրգիռ կլինի և ցանկություն կունենա ստանձնելու այդ պատասխանատվությունը:
Ի տարբերություն 2008-09թթ., այսօր համաճարակը սպառնում է նաև միլիոնավոր մարդկանց առողջությանը: Հետևաբար G20-ի գագաթաժողովը ամենայն հավանականությամբ՝ համաճարակի կանխարգելման նպատակով կհաստատի առողջապահական համակարգերի համատեղ գործողությունների ծրագիր, ինչպես նաև կանդրադառնա համաշխարհային տնտեսությանն աջակցման, հակամարտությունների և հակասող շահերի բացառմանն ու փոխադարձ վստահության վերականգնման անհրաժեշտությանը: Տրամաբանական է, որ G20-ի ձևաչափում ընդգրկվի նաև ԱՀԿ-ն (առողջապահության համաշխարհային կազմակերպությունը):
«Մեծ քսանյակ»-ի վիրտուալ գագաթաժողովը կարող է նաև լավ օրինակ հանդիսանալ միջազգային ու տարածաշրջանային այլ կազմակերպությունների համար՝ ջանքերը միավորելու և ստեղծված բարդ իրավիճակից համատեղ ելքեր փնտրելու համար:
Առաջիկայում անչափ կարևոր է, որպեսզի համաշխարհային հանրությունը տեսնի, որ կորոնավիրուսային համաճարակի և համաշխարհային ֆինանսա-տնտեսական հնարավոր ճգնաժամերի կառավարման ղեկին կանգնած են ծանրակշիռ, պատասխանատու և պրոֆեսիոնալ առաջնորդներ ու կազմակերպություններ:
Աշխարհն արդեն հոգնել է թեթևսոլիկ, դեկլարատիվ և սինթետիկ քաղաքական գործիչներից: Ոչ մի պոպուլիզմ, PR տրյուկ կամ մանիպուլյացիա այլևս չի փրկելու որևէ պետության կամ անհատի դեմքը: Անհրաժեշտ են գործնական լուծումներ և շատ արագ: Մարդիկ գուցե համբերատար են, բայց համաճարակն ու տնտեսությունը երկար չեն սպասում»: