Լուրեր

«Ի՞նչու է Արցախը առանցքային». Մարգարիտ Եսայան

26.02.2020

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեսբուքյան իր էջում գրել է.

«Ի՞նչու է Արցախը առանցքային

Երեկ սկսվեց ՀՀ երրորդ նախագահի դատավարությունը, թեման մտացածին է, անհիմն եւ կեղծ, եւ եթե արդարադատությունը հաղթի, ապա դա բոլորի համար ակնհայտ կդառնա։ Անգամ 37 թվին մեկ անձի ցուցմունքով մարդու վրա գործ չէր հարուցվում։
Ըստ էության, այնպիսի զավեշտալի սցենար է մշակված, ըստ որի տվյալ մեկ անձը, փաստորեն, նաեւ ինքն իր դեմ է ցուցմունք տվել։

Երեկ Սերժ Սարգսյանի աջակիցները այդ անձին <ամոթ> էին վանկարկում։ ՀՀ երրորդ նախագահը իր համախոհներին երեկ դիմեց կոչով եւ հիշեցրեց՝ <Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում> , համախոհները դատարանի մոտ էին հավաքվել այդ նույնը հաստատող պաստառներով։

Եվ, միայն կարճատեսը, կամ պարզունակ մտածողության մարդիկ կարող էին չհասկանալ, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանը հենց դա ասաց եւ ինչու էին նրա համախոհները դատարանի մոտ հավաքվել հենց այդ պաստառներով; Երեկ պատմական օր էր, որը ոչ հեռու ապագայում բոլորը կհիշեն ամոթով։ Դատարանում էին Արցախի երկու հերոսներ․․։

Եվ հենց երեկ մեր երկիրը , Նիկոլի թեթեւ ձեռքով պարտվել էր քարոզչական պատերազմում, Ալիեւի հետ հանդիպում-շոուն, դրա վառ ապացույցն է, նաեւ այն, որ հենց երեկ Էրդողանը հայտարարեց, կրկնելով Ալիեւի խոսքը՝ <Ղարաբաղը Ադրբեջան է>։ Մինչդեռ ՀՀ այսօրվա վարչապետը դեռ ոչ մի անգամ չի ասել․<

«Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»: Դատելով նրա բոլոր քայլերից՝ երբեք էլ չի ասելու։Ինչես Խոջալուի ճշմարտության մասին են լռում։ Ամոթ։
ՀՀ երրորդ նախագահը, թերեւս առաջին անգամն էր իր հրաժարականից հետո մասնակցում այսպիսի բազմամարդ հավաքի , ուստի հարկ համարեց շեշտել, որ ոչ մի դատ ու դատաստան իրեն չի վախեցնում, ասաց նաեւ, հավատում է, որ իր համախոհները եկել են արդարադատությունը պաշտպանելու, հույս հայտնեց, որ դեռ կան արդար դատարաններ։ Ասաց նաեւ գլխավորը՝ ինքը հաստատակամ է մեկ հարցում եւ դա Արցախն է, Արցախի անվտանգությունը եւ անկախ կարգավիճակը։

Եթե դատենք, խորքային, կհասկանանք, որ Սերժ Սարգսյանի խոսքը ուղղված էր եւ ներսին եւ դրսին։ Հիշեք, Զագրեբում եւս նա հայտարարել էր այս մասին, որից հետո նրա վրա կարվեց այս անշնորհք գործը եւ ահա, երեկ առիթ էր հրապարակավ, ի լուր ամենիքի եւս մեկ անգամ կրկնել եւ հաստատել այս խոսքը։ Ակնհայտ է՝ այս դատական շոու- գործերը անհիմն են եւ ունեն մեկ նպատակ՝ Արցախի հարցը իջեցնել, հավասարեցնել պողոսների ճաշակին, որպեսզի այդ շոուների աղմուկի մեջ չլսվի այն ամոթալի վախճանը, որը նախապատրաստում է այսօրվա վարչապետը, որպեսզի զմայլված վարչապետի մասկի-շոուներով, պողոսները չնկատեն անգամ , որ մենք ազգովի տանուլ տվեցինք գլխավորում՝ կորցրինք Արցախը եւ մեր երկրի անվտանգությունը։

Հ․Գ․ Ի դեպ, դատարանում ոտքի կանգնելու մասին․ որոշ լրատվամիջոցներ դեպքերի հերթականությունը աղավաղել էին, գուցե եւ ոչ միտումնավոր, երբ գրել էին, թե ՀՀ երրորդ նախագահը ոտքի չկանգնեց դատարանի հարցին պատասխանելիս։ Իրականում այդպես չէր։ Ինքս դատարանի դահլիճում էի եւ բոլորի պես լսեցի, երբ պարզվեց, որ կանգնած խոսելիս բարձրախոսներից լավ չի լսվում, դատավորն ինքը խնդրեց, որ բոլորը նստած պատասխանեն։ Չկար ոչ մի դեմարշ, ինչպես «վերլուծել» էին ոմանք, դեմարշ չկար նաեւ նրանում, երբ Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց դատարանի մոտ հավաքվածներին եւ, սրտացավություն դրսեւորեց, երբ ասաց, գնացեք, չմրսեք։ Երբ ամենահասկանալի, պարզ -մարդկային սրտացավությունն է այլ կերպ մեկնաբանվում, ես չգիտեմ էլ ինչ ասեմ»:

← Վերադառնալ ցուցակին