Լուրեր

Ակնհայտ է, որ կա չերևացող «ձեռք», որը ղեկավարում է Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Արցախի հերոսամարտի հետ կապված այլ մարդկանց նկատմամբ կատարվող գործընթացները. Ա. Աշոտյան

25.02.2020

Այն ամենը, ինչ կատարվում է և՛ Սերժ Սարգսյանի, և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Արցախի հերոսամարտի հետ կապված այլ մարդկանց նկատմամբ, այլևս դադարել է լինել պարզապես զուգադիպություն: Ակնհայտ է, որ կա, այսպես կոչված, չերևացող կարգավորող «ձեռք», որն այս գործընթացները ղեկավարում է:

 
Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի դիմաց, որտեղ ընթանում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով առաջին դատական նիստը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
 
«Միաժամանակ, մեկուկես տարվա ընթացքում Հայաստանի իշխանությունների կողմից հանցավորության աստիճանի ապիկար բանակցային քաղաքականությունը մեզ թույլ է տալիս եզրակացնել, որ Հայաստանի շուրջ որոշակի պարտավորությունների օղակ է սեղմվում բանակցային գործընթացում»,- հավելեց նա՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ դատարան մտնելուց առաջ այն հայտարարությանը, թե «Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»:
 
Դիտարկմանը, թե Ապրիլյան պատերազմից հետո բանակցությունները փակուղու մեջ էին մտել, Աշոտյանն արձագանքեց, որ Ապրիլյան պատերազմից հետո Հայաստանը տարավ նաև դիվանագիտական հաղթանակ, մասնավորապես՝ Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում, Ժնևում:
 
«Այդ հանդիպումները տեղի են ունեցել Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո՝ 2016 թ. մայիսից մինչև 2017 թի ժնևյան հանդիպում, և այդ բանակցային գործընթացում Հայաստանը կապիտալիզացրեց Ապրիլյան պատերազմում իր հաղթանակը՝ այնպիսի պարտավորությունների փաթեթ ձեռք բերելով, որ պարտավոր էր իրականացնել նաև Ադրբեջանը»,-ասաց Աշոտյանը:
 
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը մեղադրվում է պետական բյուջեից 0,5 մլրդ դրամի հափշտակությունը կազմակերպելու մեջ:
 
tert.am
 

← Վերադառնալ ցուցակին