Լուրեր
Փաշինյանի հանցավոր քայլերը պետք է կանխվեն. Էդուարդ Շարմազանով
20.02.2020
«Երբ Ալիևը խոսեց պատմական տվյալների մասին, Փաշինյանը պետք է նրան հիշեցներ, որ նույն Մյունխենի Բավարիա ֆուտբոլային ակումբը 18 տարով մեծ է Ադրբեջանի պատմությունից: Դա հիանալի քայլ կլիներ, որովհետև հաջորդ օրն ամբողջ եվրոպական մամուլն այդ վերնագրերով նյութեր կտարածեր և գնդակը, խփված գոլից հետո կրկին կհայտնվեր մեր դաշտում: Ինչու՞ չասեց, ինչու՞ լռեց, փաստերով չէի՞ն խոսում, փաստ էր, շատ կարևոր, հիմնարար փաստ, չնայած՝ պետք է իմանար, որ ասեր»,- Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Փաշինյան-Ալիև հանդիպմանը, ասաց ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը:
Շարմազանովը գտնում է, որ Ալիևը շատ թույլ էր բանավիճում, և կարելի է եղած փաստերի հաշվին հաղթել նրան:
«Այնպես չէր, որ Ալիևը պատրաստված էր, նա իր պատմաիրավական թերի գիտելիքներով էր հանդես գալիս, և նրա գնահատականները նվերներ էին հայկական կողմին, հարմար առիթ, Ադրբեջանի դարպասին գեղեցիկ գոլ խփելու համար: Գիրք է տարել հետը, այդ գրքի մեջ շատ բան կա գրված, բայց Փաշինյանը միայն վերնագիրն է կարդացել, դրա համար էլ միայն կազմը ցույց տվեց, եթե բովանդակությանը ծանոթ լիներ, մեջբերումներ էլ կաներ: 1921 թ. հունիսի 12-ին Ադրբեջանի ԽՍՀ-ի ազգային խորհուրդը միաձայն որոշել է լեռնային Ղարաբաղը ճանաչել Հայաստանի ԽՍՀ-ի անքակտելի մաս: Դա էլ գրված այդ գրքում: Ի՞նչ պահանջենք մի մարդուց, ով սեպտեմբերի 2-ին ասում է՝ այսօր Արցախի անկախության օրն է՝ Խորհրդային Ադրբեջանից, այն դեպքում, երբ 1991 թ. դրությամբ մենք, Արցախի մասով, արդեն երեք տարի արդեն անկախացած էինք Ադրբեջանից», - նշեց նա:
Շարմազանովը թերի է համարում նաև Փաշինյանի պատմական գիտելիքները և գտնում, որ այդ թերության պատճառով նա չկարողացավ մեր երկիրը պատշաճ ներկայացնել այդ լուրջ հարթակում.
«Կներեք, բայց Տիգրան Մեծին օրինակ բերելն անլուրջ էր, եվրոպական բազմաթիվ պետություններ կան, որոնք նույնպես այդ ժամանակ, որպես այդպիսին, գոյություն չեն ունեցել, նույն Գերմանիան, ֆրանսիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն: Պետք է իմանալ, որտեղ ինչպես խոսել: Խոջալուի մասին խոսելիս էլ՝ Ալիևին պետք էր հիշեցնել, որ ինքն է սանձազերծել Ապրիլյան պատերազմը, ինքն է հերոսի կոչման արժանացրել հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի մարդասպանին, մեր եզդի եղբայր Քյարամ Սլոյանին գլխատած ստահակին ինքն է պարգևատրել ու խրախուսել», - ասաց բանախոսը:
«Կամ, որ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ Այազ Մութալիբովի հարցազրույցն ինքը կարդացել է ռուսական «Արգումենտ ի ֆակտ» լրատվականում, ինչպե՞ս է կարդացել, եթե Մութալիբովն այդ լրատվականում հարցազրույց չի տվել, այլ տվել է «Նեզավիսիմայա գազետային» (1992 թ.)՝ Դանա Մազալովային»,- փաստերը ճշգրտում է Շարմազանովը:
Նա վստահ է՝ անծանոթ ներկաները կարծիք են կազմել, որ Հայաստանն ագրեսոր է, Ադրբեջանը՝ խաղաղարար, որովհետև Փաշինյանը պատասխանողի դերում էր, քան՝ հարցնողի.
«Նույնն է, որ, ասենք, Թալեաթ փաշան գա, մեզ մեղադրի ցեղասպանության մեջ»,-զայրանում է նա:
Զրույցի ընթացքում Yerkir.am-ը փորձեց կարծիք լսել նաև սպասվող հանրաքվեի մասին: Շարմազանովը խիստ կտրուկ էր այս հարցում.
«Ով այո ասի այս հանրաքվեին, այո է ասելու Ստամլբուլյան կոնվենցիայի վավերացմանը, այո է ասելու տրանսգենդերությանը, և իր այո ասելով հավանության է տալու նախարարի այն որոշմանը, որ կարելի է 20 միլիոն դրամ տրամադրել տրանսգենդերություն քարոզող ֆիլմին»,- մեկնաբանում է ԱԺ նախկին փոխխոսնակը:
Նրա կարծիքով՝ Փաշինյանի իշխանությունը հանցավոր քայլեր է իրականացնում, որոնք անհապաղ պետք է կանխվեն:
«ՀՀԿ-ն երկու պաշտոնական հայտարարություն է արել այս հակասահմանադրական հանրաքվեի վերաբերյալ և հստակ նշել դրա հակասահամանդրական լինելը: Նիկոլ Փաշինյանի ռեժիմի կողմից այս հանրաքվե ասվածը ոտքից գլուխ հակաօրինական գործընթաց է, այն նպատակ ունի կուլ տալ դատական իշխանությունը և գրպանում ունենալ սահամանդրական դատարան: Այս ամենը հակասում է թե՛ ժողովրդավարությանը, թե՛ սահամանդրությանը, և ՀՀԿ-ն չի՛ պատրաստվում մաս կազմել Նիկոլ Փաշինյանի ռեժիմի իրականացրած կեղտոտ գործընթացներին, և չենք գնալու ընտրության, դա կեղծ օրակարգ է», - մանրամասնեց Շարմազանովը:
ՍԴ-ի դեմ իրականացվող գործընթացները, ըստ Շարմազանովի, միջամտություն են արդարադատությանը և սպառնում են ՀՀ-ի անվտանգությանը. «Այդ հանրաքվեն միջամտություն է արդարադատությանը, բայց սա առաջին դեպքը չէ: Հոտկեմբերի 2-ին Ազգային ժողովի վրա արշավը նույնպես միջամտություն էր արդարադատությանը, դեկտեմբերի 9-ին ընտրությունների ժամանակ և դրանից առաջ արված ատելության քարոզը նմանապես միջամտություն էր, Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, երբ հասարակությանը բաժանվեց սևերի ու սպիտակների, նմանապես միջամտություն է եղել արդարադատությանը, մայիսի 19-ի՝ դատարանների շրջափակումները նմանապես միջամտություն էր արդարադատությանը, այդ ամենին անվանել միայն միջամտություն, սխալ կլինի, դրանք կոնկրետ քրեական հանցագործություններ են»:
Ըստ Շարմազանովի՝ ՀՀԿ-ն տարիուկես է, որ այս ապաշնորհ քաղաքական գործողությունների դեմ պայքարում է. «Մենք և՛ ստամբուլյան կոնվենցիայի վավերացումն ենք մերժել, և՛ հայագիտական առարկաների՝ բուհերից դուրսբերումը: Ես նույնիսկ դեռ խորհրդարանում եղած ժամանակ առաջարկել էի, որպեսզի հայագիտական առարկաների եղած ժամերն էլ ավելանան: Նաև մենք ենք եղել առաջիններից մեկը, որ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը համարել ենք անօրինական և անձնական վենդետա: Բոլոր օրինական միջոցներով պետք է պայքարել՝ հասնելու արտահերթ խորհրդարանական ընտրության, որովհետև այն, ինչ այսօր անում է Փաշինյանը, հիմնականում ապազգային, հակապետական գործողություններ են և թուլացնում են մեր պետության հիմքերը, սպառնում մեր ազգային անվտանգությանը»,- եզրափակեց Շարմազանովը:
Գևորգ Գյուլումյան
yerkir.am