Լուրեր

Խիստ շատ թվով մարդիկ ու «իրավապաշտպան» կազմակերպություններ են կասկածելի նպատակներով քիթները խոթել բանակ. Արտակ Զաքարյան

16.02.2020

Վերջին շրջանում բանակում արձանագրված ոչ մարտական կորուստների խնդրի ու Արցախյան հիմնախնդրի կարգավորման ընթացիկ զարգացումների մասին «Փաստինֆո»-ն զրուցել է պաշտպանության նախկին փոխնախարար, քաղաքական գործիչ Արտակ Զաքարյանի հետ։

-Պարոն Զաքարյան, ցավոտ խնդրից սկսենք զրույցը։ Երեկ տեղեկացանք, որ հերթական ոչ մարտական կորուստն ունենք բանակում։ Տարեսկզբից խաղաղ պայմաններում բանակում մահացած զինծառայողների թիվն արդեն 13-ի  է հասել։ Մտահոգիչ դեպքերի այս  շղթայի  խորքային պատճառները որո՞նք կարող են լինել։

-Ցավում եմ տեղի ունեցած ողբերգությունների համար: Սա մի երևույթ է, որ անկախ քանակից, մեկ զոհը, վիրավորն անգամ մեզ վրա ծանր է անդրադառնում: Պատճառները խորքային են: Առաջին հերթին այն հասարակության ներսում տիրող բարոյահոգեբանական, սոցիալական և միջանձնային հարաբերությունների արդյունք է: Հասարակության մեջ ներմուծված անհանդուրժողականությունը, դաժանությունն ու ծայրահեղականությունը խիստ բացասաբար են անդրադառնում հասարակական կյանքի բոլոր ոլորտների՝ այդ թվում նաև բանակային կյանքի վրա: Իմ համոզմամբ, ամենամեծ պատճառն այն է, որ խիստ շատ թվով մարդիկ ու «իրավապաշտպան» կազմակերպություններ են կասկածելի նպատակներով քիթները խոթել բանակ: Սպայական անձնակազմի վրա բարոյահոգեբանական ճնշումները, իրավական սահմանափակումները հաճախ օբյեկտիվորեն բացասաբար են անդրադառնում սպայի կողմից զինվորների նկատմամբ պատշաճ վերահսկողության ու դաստիարակության վրա: Ստացվում է, որ մենք սպայի «ձեռքերը կապել ենք», ու նրանից պահանջում ենք կարգուկանոն և արդյունավետ վերահսկողություն: Ինչ վերաբերում է վերջին մեկուկես ամսվա ընթացքում ունեցած ոչ մարտական կորուստների հաճախականությանը, ապա խնդիրը շատ ավելի լուրջ կարող է լինել: Պետք է քննարկվի բոլոր հնարավոր վարկածները՝ նույնիսկ ամենաանհավանական թվացող: Այն կարող է ստանալ նաև ներքաղաքական նշանակություն՝ կապված ղարաբաղյան հարցի կարգավորման հետ: Առայժմ փակագծեր շատ չեմ ցանկանում բացել:

-Վարչապետ Փաշինյանը խնդիրը պայմանավորեց քրեական ենթամշակույթով,  այն իջեցրեց վարտիքի մակարդակի, սակայն ստեղծված իրավիճակը, թերեւս լուրջ վերլուծության կարիք ունի։ Ո՞րն է քաղաքական իշխանության անելիքը Ձեր կարծիքով։

-Այսպես կոչված քրեական ենթամշակույթն, իհարկե, կարող է բացասական է անդրադառնալ: Մենք չպետք է ինքնախաբեությամբ զբաղվենք: Նմանատիպ հարաբերություններ կա մեր հասարակության մեջ, այն կա ցանկացած հասարակության մեջ՝ ամենազարգացած երկրներից մինչև ամենահետամնաց ու աղքատ հասարակությունները: Աշխարհի բոլոր բանակներում էլ այդ և նմանատիպ երևույթներ կան, բայց զոհերի, կորուստների ու դժբախտ պատահարների պատճառները միայն դրանում փնտրելը դիլետանտություն է: Եվս մեկ անգամ կրկնում եմ, սպան է բանակի ողնաշարը, ուժեղ, գիտակից, պետության և հասարակության կողմից իրավական և սոցիալական ամուր պաշտպանվածություն ունեցող սպան միայն կարող է լավագույն երաշխիքը լինել մարտունակ, կարգապահ ու արդիականացվող բանակ ունենալու համար:

-Ասում են՝ բանակը հասարակության հայելին է։ Երկրում տիրող ատելության մթնոլորտը, «դավադիրների» չդադարող փնտրտուքը ազդո՞ւմ է բանակի բարոյահոգեբանական մթնոլորտի վրա։

-Իհարկե, դրա մասին արդեն խոսեցինք: Բանակն ամենամեծ երիտասարդական կազմակերպությունն է հետևաբար երիտասարդ տարիքին բնորոշ ցանկացած դրսևորում կարող է այնտեղ տեղ գտնել: Բանակը տղամարդկանց ամենամեծ կոլեկտիվն է, որում հաճախ բախվում են ամենատարբեր ամբիցիաներ: Դրա կառավարողը չպետք է լինի արդեն իսկ վնասակար դարձող քաղաքացիական վերահսկողությունը, որն այլևս ոչ մի օգուտ չի տալիս բանակին: Բանակով չպետք է զբաղվեն, կամ բանակից չպետք է խոսեն դիլետանտները: Բանակը պրոֆեսիոնալ զինվորականների, գործի խորը գիտակների, փորձառություն ու հեղինակություն ունեցող մարդկանց կարիք ունի միայն: Իսկ դա սպան է, որպես այդպիսին դաստիարակված ու իր գործին նվիրված սպան:  Միայն վարտիքի, կիսավարտիքի, մայկայի, սնունդի բարելավման փորձերը դեռ հարցի լուծում չեն: Խորքային ռեֆորմներ են պետք: Մենք ժամանակին դրանք սկսել էինք:

- Միեւնույն ժամանակ, անհանգստացնող քննարկումներ են սկսվել սոցցանցերում։ Տպավորությունն այնպիսին է, թե կրկին հրապարակ է նետվում  «հայաստանցի» «ղարաբաղցի» վտանգավոր թեզը։ Սա ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ առհասարակ մեր անվտանգային խնդիրների ու նաեւ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վրա։

-Դա պետության ու նրա անվտանգության դեմ ուղղված կամ ուղղորդված հերթական էմոցիոնալ տեռորը կարող է լինել: Ես ինքս չեմ հանդիպել նման գրառումների սոցցանցերում, բայց եթե ասում եք, ուրեմն հերթական լուրջ մտահոգության առիթն ունենք: Իշխանափոխության ընթացքում և Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանությունը նվաճելու ողջ գործընթացներում սոցցանցերը ամենատարբեր կեղծիքների միջոցով տեղեկատվական էմոցիոնալ տեռոր էին անում՝ հասարակությանն ալեկոծելու համար: Եթե ոմանք, ինչպես Դուք եք ասում «հայաստանցի-ղարաբաղցի» թեզն են հրապարակ նետում և կրկին մեր ժողովրդի բաժանման սխեմա են կիրառում՝ այնպես ինչպես սև ու սպիտակը, հինն ու նորը, նախկինն ու ներկան են, ապա Փաշինյանը հենց այդտեղ պետք է փնտրի ամենամեծ դավաճանությունն ու դավաճաններին, եթե, իհարկե, իր ծրագրի մի մասը չէ դա:

-Օրերս էլ հայտնի դարձավ, որ  ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը շնորհավորում է այսպես կոչված  «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցչին՝ Ադրբեջանի  մեջլիսի պատգամավոր ընտրվելու կապակցությամբ։ Սա ի՞նչ է նշանակում, այդ կառույցը համանախագահները  լեգիտիմացնո՞ւմ  են ։

-Իմ կարծիքով դա նշանակում է, որ բանակցային գործընթացում տեղ են գտել մութ անկյուններ, գուցե նաև նորամուծություններ, որոնց մասին Փաշինյանենք վախենում են բարձրաձայնել: Դժվարանում եմ վստահորեն պնդել այն՝ ինչով մտահոգված եմ, որովհետև դեռ բավարար տեղեկատվություն չունենք, թե ի՞նչ է կատարվում բանակցային մութ սենյակներում: Սակայն դեսպան Կասպրշիկի հանդիպում այսպես կոչված ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ այո, վերջիններիս բանակցային գործընթացում դերակատարում տալու քայլ էր:

-Ի վերջո, ներկա գործընթացը բանակցությո՞ւն է, թե՞ այլ բան։ Իշխանությունը այդուհանդերձ խուսափում է այս եզրույթից։ 

Բանակցություն է, ոչ այլ ինչ: Բանակցություն, որի հեռանկարները դեռևս  խոստումնալից չեն:

 

Հեղինակ՝ Մ.Ղ.

Աղբյուր` Փաստինֆո

pastinfo.am

← Վերադառնալ ցուցակին