Լուրեր

«Սրանից հետո իմ ձեռքում է, կբարեփոխեմ»․ Գալուստ Սահակյանը հեգնեց լրագրողին

04.02.2020

ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ կասկածելու հիմքով բերման ենթարկելն Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանն «անհիմն բամբասանքներ» է համարում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, Ոստիկանության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Սահակյանը։
 
Հարցին՝ արդյոք Ոստիկանությունը Հայրապետյանի մոտ կհայտնաբերի՞ ապօրինի զենք-զինամթերք, Սահակյանն ասաց․ «Դրանք անհիմն բամբասանքներ են։ Մտածում եք՝ մենք պայքարում ենք Ոստիկանության դե՞մ։ Մենք պայքարում ենք արդարության համար»։
 
Լրագրողի դիտարկմանը, թե որպես նախկին իշխանություն ՀՀԿ-ն կարող էր Ոստիկանությունում այնպիսի բարեփոխումներ իրականացնել, որ իրենց դժգոհությունը հիմա չարտահայտեին, Սահակյանը հեգնեց․ «Սրանից հետո իմ ձեռքում է, կբարեփոխեմ»։
 
Նշենք, որ Ոստիկանության շենքի մոտ ի աջակցություն Ռուբեն Հայրապետյանի՝ հավաքվել են ՀՀԿ-ականներ՝ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը եւ այլ ՀՀԿ անդամներ, ինչպես նաեւ մի շարք քաղաքական գործիչներ։
 
Նշենք, որ այսօր Ռուբեն Հայրապետյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով։ Հավելենք, որ նրա փաստաբան Ամրամ Մակինյանին Ոստիկանությունը թույլ չի տալիս մուտք գործել Ոստիկանության շենք եւ իրավաբանական իր օգնությունը ցուցաբերել։
 
news.am
 
 
 

← Վերադառնալ ցուցակին