Լուրեր

Oտարերկրյա կապիտալը փախչում է Հայաստանից. Գագիկ Մինասյանը՝ հակադարձում է Փաշինյանին

03.02.2020

Որևէ երկրի այդ թվում Հայաստանի տնտեսության ու կառավարության տնտեսական քաղաքականության նկատմամբ վստահության հիմնական ցուցանիշը օտարերկրյա ուղղակի ներդրումների փոփոխման դինամիկան է։ 

 
«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց, տնտեսագետ, ԱԺ ֆինանսական և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Մինասյանը՝ անդրադառնալով այն պնդմանը, թե դոլարային ներհոսքը վկայում է Հայաստանի տնտեսության ու կառավարության տնտեսական քաղաքականության նկատմամբ վստահության աճի մասին։
 
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է այդ պնդման հեղինակը։ Փետրվարի 1-ին նա իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Հունվարի գնումների ծավալը այսպիսով դարձավ 37.8 միլիոն դոլար: Դոլարային այս առատությունը, ըստ էության, կապիտալի ներհոսքի նշան է և վկայում է Հայաստանի տնտեսության ու կառավարության տնտեսական քաղաքականության նկատմամբ վստահության աճի մասին»:
 
Գագիկ Մինասյանը պաշտոնական վիճակագրությանն է հղում անում՝ խոսելով ներդրումների մասին. «Ըստ պաշտոնական տվյալների Հայաստանում 2019թ.-ի հունվար-սեպտեմբերին զուտ ուղղակի ներդրումները կազմել են մոտ 67 մլն ԱՄՆ դոլար, ինչը 47%-ով քիչ է 2018թ.-ի ցուցանիշի նկատմամբ: Սա խայտառակ վատ, բայց կանխատեսելի դինամիկա է և պայմանավորված է Հայաստանում հաստատած անձիշխանությամբ։ Նիկոլ Փաշինյանի կողմից դատական իշխանությունները իրեն ենթարկեցնելու անթաքույց ու հակասահմանադրական գործողությունները, կառավարության նիստում տնտեսվարողներին ապօրինի սննկացմամբ սպառնալը, «Լիդիան»-ի ու «Սպայկա»-ի հետ տեղի ունեցած ապօրինի գործողությունները անհետևանք մնալ չէին կարող»։
 
Ըստ մասնագետի, այսօր օտարերկրյա ներդրողները ոչ միայն նոր ներդրումներ չեն բերում այլ նույնիսկ նախորդ տարիների իրենց ներդրումների արդյունքում ստացված շահույթը չեն վերաներդնում Հայաստանում։ «Օտարերկրյա կապիտալը փախչում է Հայաստանից, մասնավորապես, հեռահաղորդակցության ոլորտի հզոր Բիլայն ընկերությունն է լքում Հայաստանը։ Ներդնողները սիրում են կայունություն, կանխատեսելիություն և օրենքի գերակայություն։ Սրանցից ոչ մեկը այսօր չկա Հայաստանում, և կարծում եմ այս իշխանության օրոք չի էլ լինի։ Այս վտանգավոր իրողությունների մասին միայն վերջերս ահազանգեցին աշխարհահռչակ տնտեսագետ Դարոն Աջեմողլուն, Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության վեհաժողովը, ԵԽԽՎ Հայաստանի հարցով մոնիտորինգի համազեկուցողները»,-շեշտում է Գագիկ Մինասյանը։
 
Ինչ վերաբերում է նման պայմաններում վարչապետ Փաշինյանի նշած դոլարային առատ ներհոսքին, ըստ մասնագետի, իրականում դա որևէ կապ չունի գործող կառավարության տնտեսական քաղաքականության հետ։ Մինասյանի խոսքով, սրանում համոզվելու համար բավարար է նշել, որ անցյալ տարի Հայաստան ապրանքների ներմուծումը երկու անգամ գերազանցել է արտահանումը՝ նպաստելով երկրից դոլարային արտահոսքին։ «Այս դոլարային ներհոսքի պատճառը բացառապես Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցումն է, ինչն ի դեպ այսօրվա իշխանության ներկայացուցիչների համառորեն դիմադրում էին։ ԵԱՏՄ-ին անդամակցելու համաձայնագրով մինչև 2020թ Հայաստնը արտոնյալ պայմաններ ուներ ավտոմեքենաների ներկրման համար։ Անցյալ տարվա ընթացքում այդպիսի պայմաններով Հայաստան են ներկրվել շուրջ 200 հազար ավտոմեքենա, դրանց ճնշող մեծամասնության համար ներկրվել են նաև պահեստամասեր, այստեղ այդ մեքենաները վերանորոգվել են և շուրջ 140 հազար ավտոմեքենա արտահանվել է ԵԱՏՄ այլ երկրներ (հիմնականում Ղազախստան)։ Այսինքն, գործել է մի հզոր տնտեսական շղթա, որը ապահովել է աշխատանք ու եկամուտ մեր հազարավոր քաղաքացիների համար, հարկային եկամուտներ պետական բյուջեի համար, էապես բարելավել է 2019 թվականի հիմնական տնտեսական ցուցանիշները և երկիր է բերել զգալի ծավալի արտարժույթ»,-բացատրում է մասնագետը։
 
Որպեսզի պարզ լինի թե ինչ հզոր տնտեսական շրջանառություն է դա եղել, Գագիկ Մինասյանը մի քանի տվյալ է նշում՝ շեշտելով, որ այդ գործունեության արդյունքում ամենահամեստ հաշվարկներով վճարվել է շուրջ 115 մլրդ դրամ հարկային եկամուտներ, որը կազմում է պետության անցյալ տարվա հարկային եկամուտների 8% և 2 անգամ գերազանցում է անցյալ տարվա թիվ մեկ հարկատուի՝ «Գրանտ Տոբակո»-ի մուծած հարկերը։
 
«Շուրջ 140 հազար ավտոմեքենաների արտասահմանում իրացման արդյունքում Հայաստանում մնացել է մոտ 400 մլն դոլար։ Ահա այս 400 միլիոն դոլարն է, որ կենտրոնական բանկը պարբերաբար գնում է շուկայից, լրացնելով երկրի արտարժութային պահուստներ։ Մեկ անգամ ևս ցանկանում եմ շեշտել, որ այս դրական տնտեսական երևույթները ոչ մի կապ չունեն այսօրվա կառավարության հետ, այլ նախորդ իշխանությունների ներդրած ջանքերի արդյունք են»,-ասում է Մինասյանը։
 
Հարցին, թե արդյո՞ք ավտոմեքենաների բիզնեսի ոլորտում ունենք միայն դրական արդյունքներ, Գագիկ Մինասյանը, արձագանքեց. «Ոչ, այսօր արդեն ակնհայտ են լրջագույն խնդիրներ այդ ոլորտում։ Քանի որ ավտոմեքենաների ներկրումն իրականացվեց հախուռն ձևով, այսօր Հայաստանում մնացել են հազարավոր չիրացված ավտոմեքենաներ, որոնց գինը օրեցօր նվազում է՝ մեծ վնասներ բերելով ավտոներկրողներին և կասկածի տակ դնելով այդ գործունեության համար բանկերից ստացած վարկերի մարումը»։
 
Տնտեսագետն ակնկալում է, որ կառավարությունը գոնե այս խնդրի լուծումը պետք է վերցնի իր վրա՝ ապահովելով այս ավտոմեքենաների իրացումը ԵԱՏՄ գործընկեր Ղազախստանում։
 
«Համոզված չեմ , որ կառավարությունը դա կկարողանա անել, քանի որ Նիկոլ Փաշինյանն է կառավարության նիստում հայտարարել, որ այսօր Հայաստանում չկա ռազմավարական ծրագիր մշակելու և իրականացնելու ունակ կառավարություն»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում եզրափակեց Գագիկ Մինասյանը։
 
Աղբյուր` Փաստինֆո
 
pastinfo.am

← Վերադառնալ ցուցակին