Լուրեր
«ԶԼՄ-ի շահագործում հանուն օրվա իշխանության». Մարգարիտ եսայան
30.01.2020
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԶԼՄ-ի շահագործում հանուն օրվա իշխանության
Մեր երկրում ընթանում է աննախադեպ գործընթաց, իշխանազավթումից հետո իշխանության եկածները սառնասրտորեն առաջ են տանում իրենց առջեւ դրված ճանապարհային քարտեզը, առանց աչքն իսկ թարթելու։
Ակնհայտ է, որ Նիկոլը նախապես գծված ուղղությամբ իր գործն առաջ է տանում։ Սահմանադրական կարգ, որպես այդպիսին կա գրված երկրի գլխավոր օրենքում, բայց այն այսօր չկա՝ իրականության մեջ, քանզի իշխող ուժը իր կրունկի տակ աշխատող ԶԼՄ-ներով եւ դատարաններով, իր պատգամավորներով եւ նախարարներով, ամեն օր խախտում է սահմանադրական կարգը։ Քայլ առ քայլ, փուլ առ փուռ։ ՍԴ-ի շուրջ ստեղծված աղմուկը թեժացնել է փորձում հանրային հեռուստաընկերությունը։ Հ1-ը,հարկատուների հաշվին վարձատրվելով, խաբում է նույն հարկատուներին, ՍԴ նախագահի մասին մտացածին «ռեպորտաժներով» մարդկանց փորձում է գցել թյուրիմացության մեջ, խաբել, այնպես ինչպես խաբում էր Նիկոլը որպես լրագրող եւ ապա, որպես պատգամավոր, եւ ինչպես այսօր խաբում է որպես վարչապետ։ ԶԼՄ-ի նման շահագործում հանուն օրվա իշխանության, խիստ անպարկեշտ է, եւ անպարկեշտ է այն, որ այս զավեշտը չնկատելու են տալիս մամուլի հարցերով զբաղվող մի քանի տասնյակ հկները, որոնք ժամանակին ցանկացած փոքր խախտման դեպքում շեփորներն ու կաթսաներն առած ընկնում էին ասուլիսների սրահներ եւ հայտարարություններ էին անում։ Հիմա, լռում են, եւ սա ոչ այլ ինչ է, եթե ոչ հանցավոր համաձայնություն օրվա իշխանության հետ։Սա հենց գաղջ մթնոլորտի ստեղծումն է, չկասկածեք։
Մի խումբ այլախոհ անձանց օրը ցերեկով խայտառակ մեթոդներով ձերբակալում եւ տանում են 6-րդ վարչություն եւ չի գտնվում մեկը մարդու իրավունքների հարցերին միտված ոչ մի կառույց, որ դատապարտող հայտարարությամբ հանդես գա։Նկատի ունեմ դարձյալ այն հկներին, որ նախկինում ամեն սխալից մեծ աղմուկ էին սարքում եւ զեկույցներ էին ուղարկում այս ու այն կողմ։
Երբ սորոսականության մասին Նիկոլին հարց ուղղվեց, դեմագոգիկ տոնով սկսեց նախկիններին մեղադրել, թե սորոսները նրանց ժամանակ են եկել Հայաստան, թե ինչ-որ մարդիկ էլ են դրամաշնորհներ ստացել եւ այլն։ Ինչպես ասում են, լեզվի տակ ոսկոր չկա, ինչ ուզում-ասում է, բայց, ինքը հաստատ հասկանում է, թե ինչո՞ւ տրվեց հարցը, թե ի՞նչ են անում այսօր նույն սորոսականները իր կառավարությունում, թե ինչ գործարքներ եւ պայմանավորվածություններ կան դրամաշնորհներ ստացածների եւ այս հիմնադրամի միջեւ։Ակնհայտ է, որ այսօր նրանք են վերցրել իշխանությունը մեր երկրում եւ այսօր իրենք են թելադրում խաղի կանոնները, որոնք հլու աշակերտի պես Նիկոլն իրականացնում է։ Ապացույցներ, որքան կուզեք, նայեք, թե տարբեր սորոսիկներ եւ ԱԺ-ում եւ Երեւանի ավագանում եւ կառավարությունում ինչ ցինիկ պահվածք ունեն, ինչ ցինիզմով են խոսում մարդկանց մասին, ինչ ցինիզմով են հակադարձում մտահոգություններին եւ քննադատությանը։
Ես լրջորեն մտահոգված եմ այս ամենով եւ ունեմ համոզմունք, որ այսօր ՀՀ-ում իշխանության են եկել հենց այդ հիմնադրամներով բարգավաճած անձինք, որոնք տարիներ շարունակ նպատակ են դրել՝ զավթել իշխանությունը եւ զավթել են։ Միայն մեկ պարզ հայացքը եւ ԱԺ դահլիճին եւ կառավարությանը եւ Երեւանի ավագանուն, միայն մեկ պարզ հայացք բոլոր այն գործերին եւ հայտարարություններին, որ անում են նրանք, ցույց է տալիս, որ այսօր Հայաստանում իշխանության են եկել հակահայ ուժեր, հակազգային, հակապետական ուժեր։
Անվերջ կարելի է եւ պետք է խոսել այս ամենի մասին, բայց եւ պետք է հասկանանք, որ խոսքը գործի վերածելու ժամանակը պիտի գա եւ այն հետաձգելու իրավունք ոչ ոք չունի»։