Լուրեր
2020 թվականի հունվարի 28-ը հիշվելու է ոչ թե որպես բանակի, այլ որպես ՀՀ-ում քաղաքական ռեպրեսիաների նոր օր. Աշոտյան
28.01.2020
Նման բան անում են նաեւ հարեւան երկրում, երբ այլախոհերի գրպանում նարկոտիկ են գցում, գուցե ստրադիվարի ջութակ փնտրեն Նարեկի բնակարանում։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Ցավում եմ, որ 2020 թվականի հունվարի 28-ը հիշվելու է ոչ թե Բանակի օր, այլ որպես Հայաստանում քաղաքական ռեպրեսիաների նոր ալիքի օր։ Շատ խոսուն եւ սիմվոլիկ է, երբ արտաքին թշնամուց մեզ պաշտպանող փառապանծ բանակի օրվա շրջանակներում այս իշխանությունները շարունակում են ներքին թշնամիներ որոնել, թշնամանք սերմանել եւ վհուկների որսով զբաղվել։ Փորձում են այս 3-4 օրվա ընթացքում տապալված տեղեկատվական քաղաքական օրակարգի հարցը լուծել։ Փորձում են վախեցնել այլախոհերին եւ ընդդիմախոսներին, գուցե շեղում են նաեւ տեղեկատվական հոսքերը գալիք 2 օրերի ընթացքում Ադրբեջանի եւ Հայաստանի Արտգործ նախարարների հանդիպումից առաջ։ Այս քայլը վկայում է այն մասին, որ իշխանությունն իրոք ադեկվատ չէ։ Այս միջադեպերն ու հետապնդումները հասանելի կլինեն նաեւ միջազգային հանրության համար։ Այս իշխանություններն ամեն անգամ գալարակցկվում են, երբ մեր միջազգային գործընկերները տալիս են իրենց հստակ գնահատականները։ Մեր զինվորներն իրենց խրամատներում իրենց տոնն են նշում՝ պաշտպանելով մեզ Արցախն ու Հայաստանը թշնամուց եւ իրենք մեղավոր չեն, որ իրենց երկրում իշխում է մի ռեժիմ, որն արտաքին մարտահրավերները թողած՝ ատելություն ու անհանդուրժողականություն է սերմանում սեփական ժողովրդի մեջ»,- ասաց Աշոտյանը։
Նա անդրադառնալով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ հիբրիդային հեղաշրջման փորձ է արվել, Աշոտյանն ասաց. «Երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է հեղաշրջումից, փաստացի ստորագրում է ախտորոշումը ա. Որ նա չի տիրապետում պետական ինստիտուտների ներսում իրավիճակին, բ. Այդ ինստիտուտներում կան հազարավոր ուժեղ մարդիկ, որոնք իրենից չեն վախենում, գ. Այդ մարդիկ իրենից դժգոհ են»։
news.am