Լուրեր
ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը ավարտել է Ռոբերտ Շուման ինստիտուտի առաջնորդության դասընթացը
26.01.2020
Oրերս Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի է ունեցել Ռոբերտ Շուման ինստիտուտի կողմից կազմակերպված «Երիտասարդ առաջնորդներ 2019-2020» ծրագրի երրորդ՝ «Տնտեսական եւ սոցիալական մարտահրավերներ» խորագիրը կրող ամփոփիչ փուլը: Ծրագրին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը ներկայացնում էր Հայկազ Շահնազարյանը:
Ծրագրի այս փուլում քննարկված թեմաների շրջանակը բավականին լայն է եղել: Մասնակիցները քննարկել են ԵՄ երկրների առողջապահական համակարգերի աշխատանքը, վարվող տնտեսական քաղաքականության էությունը, կրթական բարեփոխումները, գործազրկության հիմնախնդիրները եւ այլն:
Մասնակիցները այցելել են նաեւ Հունգարիայի խորհրդարան, որտեղ հանդիպում են ունեցել Հունգարիայի Քրիստոնեա-դեմոկրատական Ազգային կուսակցության պատգամավոր Լորինս Նաչաի հետ: Վերջինս մասնակիցներին ներկայացրել է Հունգարիայի բարեկեցության ապահովմանը ուղղված քաղաքականության մանրամասները:
«Ծրագրի հիմնական նպատակն էր մեզ՝ երիտասարդներիս, տալ խորքային պատկերացումներ տնտեսության վարման եւ գոյություն ունեցող սոցիալական հիմնախնդիրների վերաբերյալ», - ասվում է ծրագրի մասնակից Հայկազ Շահնազարյանի խոսքում:
Ծրագրի ավարտին երիտասարդ առաջնորդները ստացել են իրենց «քաղաքական կրթության անձնագրերը»:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն