Լուրեր

«ԱԺ քննիչ հանձնաժողովը պարտավոր է կանչել Փաշինյանին ու հարցեր տալ». Արմեն Աշոտյան

25.01.2020

Նիկոլ Փաշինյանը այսօր Կապանում անցկացված իր ասուլիսին մի ուշագրավ հայտարարություն արեց՝ պատասխանելով հարցին, թե երբ 2016 թվականին ասել էր, որ Ապրիլյան քառօրյա պատերազմը տեղի է ունեցել Ռուսաստանի գիտությամբ և համաձայնությամբ, այս պահին այդպե՞ս է մտածում, թե ոչ: «Ինչ որ ասել եմ 2016 թվականին, մինչև հիմա էլ իմ ֆեյսբուքյան էջին կա»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով․«Ձեզ ավելին ասեմ՝ ես մեր հանրության շրջանում առկա մի շարք մտահոգությունների մասին քննարկում եմ ունեցել նաև Ռուսաստանի մեր գործընկերների հետ և շատ ուրախ եմ, որ շատ բարեկամական, եղբայրական, ռազմավարական դաշնակցային մթնոլորտում մենք այդ հարցերը քննարկել ենք, խոսել, վերլուծել ենք իրավիճակը մանրամասն և փոխադարձաբար ստացել ենք մեզ անհրաժեշտ հարցերի պատասխանները: Ես Ձեր հարցին պատասխանեցի»,-ասաց նա:

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանն այս առնչությամբ «Հրապարակին» ասաց, որ անհեթեթություններով, վտանգներով ու ստերով լի այդ ասուլիսում  այս դրվագն իհարկե առանձնանում է։ Արմեն Աշոտյանը Ապրիլյան քառօրյայի քննիչ հանձնաժողովի ուշադրությունն է հրավիրում այդ հայտարարության վրա՝ ասելով․«Փաստորեն, նա նաև հնարավորություն է ունեցել այդտեղ ՌԴ դերակատարության հարցը քննարկել Ռուսաստանի հետ և քանի որ  ԱԺ այդ հանձնաժողովը կոչվում է Ապրիլյան պատերազմի պատճառներն ուսումնասիրող, ապա նրանք պարտավոր են, հատկապես այս ասուլիսից հետո հրավիրել Նիկոլ Փաշինյանին և լսել իրենից , թե ինչու է նա այդպես ասել և ինչ է պատասխանել ռուսական կողմը ՝Նիկոլի մեղադրանքներին ի պատասխան»,-ասաց Արմեն Աշոտյանը։

Նա կրկին ուշադրություն է հրավիրում, թե ինչպես է կոչվում իմքայլական Անդրանիկ Քոչարյանի գլխավորած հանձնաժողովը․ 2016թ․ ապրիլին ծավալված գործողությունների հանգամանքները ուսումնասիրող։ Եվ ըստ հանրապետական նախկին պատգամավորի՝ հանգամանքների թվում է նաև արտաքին քաղաքական միջավայրը։ «Պարզապես բուտաֆորիկ այդ հանձնաժողովը պարտավոր է իր երեսը  փրկելու համար գոնե ձևական հրավիրել Նիկոլ Փաշինյանին՝ այդ պարզաբանումը ստանալու նպատակով»,-ասաց Արմեն Աշոտյանը։

Անուշ Դաշտենց

hraparak.am

 

← Վերադառնալ ցուցակին