Լուրեր

«Որքանով ես ճանաչում եմ Նիկոլ Փաշինյանին, կարծում եմ, որ նա հասկանում է այս պարզ ճշմարտությունը». Արտակ Զաքարյան

24.01.2020

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«ԷԼԻՏԱՅԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ:
 
ԵԿԵԼ Է ԷԼԻՏԱ ԵՎ ԿՈՆՏՐԷԼԻՏԱ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ:
 
Իշխանափոխություն-հեղափոխություն եզրույթների հակադրությունների ֆոնի վրա արդեն շուրջ երկու տարի է, մեր երկիրը քայլ առ քայլ մոտենում է մարդ-մարդ, մարդ-պետություն հարաբերությունների վերջնական քաոսին: Մտածող և մտահոգ մարդիկ սկսել են ավելի հաճախ հարցնել միմյանց՝ “ի՞նչ է կատարվում երկրում և ի՞նչ է լինելու սրա վերջը”: Պատասխան չկա:
 
“Հեղափոխության” հետևորդները՝ հեղափոխականության անվան տակ ցանկանում են հասարակության քարտ բլանշը ստանալ իրենց իշխանությանը խանգարող բոլոր հարցերի ուժային և անօրինական լուծումներն ապահովելու համար: Բայց չեն բացատրում թե, ինչո՞վ են իրենք հեղափոխականներ և ի՞նչն են հեղափոխել: Եվ կա՞ արդյոք Հայաստանում իրեն հարգող քաղաքագետ-գիտնական, որը ևս համոզված է, որ տեղի ունեցածը հեղափոխություն էր:
 
2018թ. ապրիլ-մայիսյան իրադարձություններն իշխանափոխություն համարողները լավ կանեն այլևս չշեշտադրեն այդ հանգամանքը, քանի որ այն առավել քան ակնհայտ է դառնում: Մեր երկրում ոչ մի հեղափոխություն չի եղել: Տեղի է ունեցել քաղաքականությանը հայտնի սովորական պայքար իշխանության համար, որտեղ տարբեր ուժերի աջակցությամբ հաղթել է ընդդիմությունը: Ի՞նչ գնով է հաղթել, կամ ի՞նչ հետևանքներ է ունենալու այդ հաղթանակը հայ մարդու համար՝ առավել քան մշուշոտ է:
 
Ի՞նչն է այսօր ձևավորում մեր երկրի քաղաքական համակարգը, որո՞նք են այդ համակարգի ինստիտուտները և ի՞նչպիսի բացահայտ կամ թաքնահարույց խնդիրներ են նրանք դրել իրենց առջև, ինձ համար մոտավորապես պարզ է: Բայց այն բարդ է հասանելի դարձնել լայն հանրությանը:
 
Ընդդիմությունը շարունակաբար քննադատում է իշխանության մեջ հայտնված մարդկանց, սակայն միակ բանը, որտեղ նրանք մեղավոր չեն, դա այն է, որ նրանց ճնշող մեծամասնությունը, շատ պատահաբար, կոպտացիայի սկզբունքով հայտնվել է քաղաքական իշխանության իրացնողի և պատասխանատուի աթոռներին: Նրանք նույնիսկ չեն պատկերացնում, թե ապագայի ի՞նչ պատասխանատվություն են ստանձնել, և որ իրենց անպատասխանատվության աստեղային ժամն արդեն ավարտվել է:
 
Հետևելով ներհայաստանյան զարգացումներին, վստահ կարելի է ասել, որ եկել է էլիտաների ձևավորման ժամանակը և ապագան պետք է որոշվի քաղաքական, տնտեսական, գիտական, մշակութային, ռազմական և հոգևոր էլիտաների պայքարի արդյունքում (երկրորդ փողոցից իշխանությունը մեր երկրի վերջը կլինի): Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի՞ գաղափարներ ու արժեքներ են գեներացնելու այդ էլիտաները:
 
Որքնով ես ճանաչում եմ Նիկոլ Փաշինյանին, կարծում եմ, որ նա հասկանում է այս պարզ ճշմարտությունը: Առանց իշխող ռազմավարական էլիտայի ձևավորման, նա հեռու գնալ չի կարող: Այսօր իր պայմանական թիմը (լինի դա սորոսական, լևոնական թե քպական) չունի էլիտար բնույթ: Նրանց ճնշող մեծամասնությունը քաղաքականության համար սովորական դիլետանտներ են և զբաղված են Նիկոլի անձի պաշտամունքով: Պատակահական չէ, որ սոցիալական ցանցերում ցանկացածին կարելի է քննադատել, բացի Նիկոլից: Իշխանության մեջ հայտնվածներից քիչ թե շատ խելացիները (նախարար կամ պատգամավոր) փակուղու մեջ են, և առավել զգույշ են իրենց հայտարարություններում, իսկ Փաշինյանի հետ անձնական կապվածություն ունեցողները շարունակում են էյֆորիկ, իներցիոն սկզբունքով արտաքին և ներքին քաղաքական անհեթեթություններ սփռել՝ ի վնաս իշխանությունների ու հենց Փաշինյանի:
 
Եկել է էլիտայի ու կոնտրէլիտայի ձևավորման ժամանակը: Եվ եթե ցանկանում ենք, որպեսզի մեր պետությունը հաջողված դուրս գա այս անորոշությունից ու վտանգավոր քաոսից, շատ կարևոր է, որպեսզի և՛ իշխող էլիտան, և՛ կոնտրէլիտան լինեն գաղափարականացված: Դա կլինի մեր բոլորի հաջողությունը: Եթե իշխանության մեջ հայտնվածները կաշկանդված են տարբեր ազդեցություններով, ապա գոնե կոնտրէլիտան պետք է անաչառ լինի այս հարցում:
 
Կոնտրէլիտայի (այսինքն՝ ընդդիմադիր կամ այլընտրանքային էլիտայի) որակից է կախված լինելու, թե ի՞նչ ապագա մենք կունենանք: Եթե պետք է ապագայում փոխենք իշխանությունը նմանատիպ վատ, կամ վրեժխնդրությամբ լցված մեկ այլ մարդկանց խմբով, ապա քաոսը և հասարակական նեգատիվ հարաբերությունները շարունակվելու են նաև ապագայում: Իսկ եթե կոնտրէլիտան լինի ամբողջությամբ գաղափարականացված, ազգային-պետական արժեքների, պահպանողականության ու բացառապես օրինականության սկզբունքների կրող, ապա մենք կունենանք ցանկալի ապագա, երաշխավորված անվտանգ զարգացող Հայաստան և Արցախ:
 
Ոչ մի պետականություն և քաղաքացիական հասարակություն առանց սեփական էլիտայի (ոչ օտարի կողմից ստեղծված) գոյություն չունի: Իմ համոզմամաբ, այսօր մենք ունենք մեկ ճշմարիտ ճանապարհ. իշխանությունները պետք է փորձեն ձևավորել որակյալ էլիտա, իսկ ընդդիմությունը՝ որակյալ կոնտրէլիտա: Քաղաքական պայքարը պետք է լինի միայն գաղափարական: Փողոցային ցածր ինտելեկտի, հայհոյանքի, հուզականության, շոուի, մանիպուլյացիաների, խաբեության ու մոլորությունների տանող էժանագին միտքը պետք է դուրս շպրտվի քաղաքական հարաբերություններից:
 
P.S.
Վատ (անբարո, տեսակով դավաճան ու անսկզբունք) մարդիկ ևս պետք է տեղ չունենան էլիտաներում»:

← Վերադառնալ ցուցակին