Լուրեր
«Այսօր կա միանձնյա որոշումներ եւ հրովարտակներ արձակող վարչապետ». Մարգարիտ Եսայան
15.01.2020
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր կա միանձնյա որոշումներ եւ հրովարտակներ արձակող վարչապետ, հետեւաբար չկա ժողովրդի իշխանություն
Արդյո՞ք ամեն ինչ բնականոն ընթացք ունի մեր երկրում, արդյո՞ք ներքաղաքական զարգացումները տրամաբանության ծիրին մեջ են, արդյո՞ք, միջանձնային, միջխմբային, միջքաղաքական, միջթայֆայական հարաբերությունները իրենց ներսում չունեն պայթուցիկ նյութեր եւ, վերջապես՝ հեղափոխական կրքոտ դեգերումներից հետո, արդեն շուրջ մեկ տարի 9 ամիս անց, մեր երկրում կա՞ հանդարտություն եւ ներդաշնակություն,կա՞ սեր եւ համերաշխություն եւ չկա՞ ատելություն եւ անհանդուրժողականություն։
Հարցեր են, որոնց պատասխանները կարող են եւ երկիմաստ լինել, մեզանում վաղուց է արմատացած երկու Հայաստան ունենալու ավանույթը։Ինչպես առաջ, այնպես էլ հիմա մեր հասարակությունը ապրում է երկակի ճշմարտությունների հարթության մեջ։ Մի կողմից հասարակությանը հրամցվում է իշխանական ճշմարտություն առ այն, որ ամեն ինչ ընթանում է բնականոն եւ ընտիր հունի մեջ, մյուս կողմից ընդդիմությունը փորձում է հասարակությանը արթուն վիճակում պահել եւ ներկայացնել ճշմարտությունները, իսկ երրորդ կողմը բուն հասարակական ընկալումն է, երբ սթափ մարդիկ լսելով երկուսին էլ, անում են իրենց սեփական եզրահանգումները։ Սա, թերեւս ամենալուրջ խնդիրն է այսօրվա իշխանության եւ ընդդիմության համար։ Մի կողմից մարդիկ հասկանում են, որ այս անգամ այլեւս ոչ մեկին մեղադրելու իրավունք չունեն, այլեւս չեն կարող ասել, թե իրենց խաբել են, ֆռռացրել են եւ իշխանությունը իրենցը չէ, իրենց սրտով չի ձեւավորվել։ Սա ասելու իրավունքից հասարակությունն այլեւս զրկված է։ Մյուս կողմից, հասկանալի է, որ խնդիրները չեն պակասել, հակառակը, դրանք լույսի արագությամբ եւ մուլտիպլիկացիայի օրենքով ավելի ու ավելի են բազմանում, եւ չկա դրանք լուծողը, չկա այն «մեղավորը» ում վզին պիտի փաթաթեն դրանց լուծման անհրաժեշտությունը եւ պահանջը։ Հասարակությունը հասկանում է, որ ինքը մնացել է միայնակ եւ իրեն այլեւս չի հմայում «իր սրտի վարչապետը», այնպես ,ինչպես մեկ տարի իննը ամսի առաջ։
Հասարակությունը/պողոսներին հանած/, հասկանում է, որ իշխանության եկածները այլեւս չունեն երբեմնի վստահությունը, ավելին, նրանք շատ ավելի խնդրահարույց եւ կասկածելի են, ինչպես երբեք։ Մարդիկ սկսում են իրենք իրենց հարց տալ՝ ի՞նչի համար էր այս մեծ աղմուկը։ Տաշտակը նույն կոտրած տաշտակն է եւ ձկնորսի ուռկանը ավելի մաշված է, քան երբեւէ։
Փաստ է, որ կա «ժողովրդի վարչապետ»։
Փաստ է նաեւ, որ չկա ժողովրդի իշխանություն։
Այսօր կա միանձնյա որոշումներ եւ հրովարտակներ արձակող վարչապետ, հետեւաբար չկա ժողովրդի իշխանություն։
Գուցե եւ հակասական թվա այս միտքը, բայց սա է իրականությունը։ Մեր ամբողջ իրականությունն է այսօր հակասական։
Այսպիսով, հասարակությունը կանգնած է մեծ հարցականի առաջ՝ ի՞նչ կատարվեց եւ ի՞նչ ունի ինքը կատարվածի արդյունքում։
Մարդը մտածում է, թվում է կատարվեց իր ուզածը, բայց ինքը դարձյալ անտեսված է, ինքը դարձյալ մերժված է, իր հետ դարձյալ հաշվի չեն նստում, իշխանությունը անում է այն, ինչ մտքին դրել է եւ հաշվի չի առնում մարդկանց եւ մարդկանց պահանջները եւ իրավունքները։
Ի՞նչ պիտի անի առողջ հասարակությունն այս դեպքում։ Պիտի փորձի իր պահանջների եւ իրավունքների համար կռիվ տալ, պահանջատեր լինել։
Մի քանի օր շարունակ տեսնում ենք, որ հասարակության ինչ-ինչ շերտեր այդպես էլ անում են։ Թե մինչեւ ուր կհասնեն, դեռ անորոշ է։
Ի՞նչ պիտի անի իշխանությունը այս դեպքում։ Կա երկու ճանապարհ, կամ պիտի անուշադրության մատնի հասարակական պահանջը եւ իր էշը առաջ տանի/ինչպես եւ անում է/։ Մյուս կողմից՝ պիտի հաշվի առնի, եւ փորձի կատարել հասարակության պահանջները։Վերջինը գրեթե անհնարին է, քանի որ իշխանությունը, մասնավորապես, վարչապետը, ով աստիճանաբար գնում է միահեծան իշխանության, երբեք չի անսալու հասարակության ձայնը։
Ապացույց․
1․Քայլիստները ոչ թե իր՝ Փաշինյան Նիկոլի համար են քայլել, այլ՝ յուրաքանչյուրը ինքն իր համար, Փաշինյանն արդեն այսպես է մտածում եւ հայտարարում։
2․Վարչապետը որոշումներն է կայացնում առանց օրեր շարունակ բողոքող, միտինգներ անող, մայրուղի փակող իր ընտրողներին, իրեն իշխանության բերած մարալիկցիներին, եղվարդցիներին, գյումրեցիներին, ապարանցիներին, մասիսցիներին եւ այլոց, հանդիպելու, լսելու։ Անգամ լայվի լայեղ չի անում։Իշխանությունը կոշտ մեթոդներով առաջ գնում։ Ոտքի ելածները ծննդատների, ավտոմեքենաների, խաղաղ պայմաններում զոհվածների եւ այլ թեմաներով դժգոհություն ունեցողները իրենց դժբախտությունների մեղքը առայժմ նախարարների կամ այլ մանր ու միջին պաշտոնյաների վրա են գցում։ Նաեւէ նախկինների եւ ընդդիմության։ Նրանք դեռ հավատում են «իրենց վարչապետի» միֆին, ասում են, թե Նիկոլը կարող է հարցերը շտկել, բայց արդեն տեսանելի է օրը, երբ բոլոր սլաքները դեպի Նիկոլ կուղղվեն։ Մանավանդ, մեկն ու մեկը հաստատ կհիշի, թե ինչպես ԿԳՄՍ-ի հարցերի նախարարի հերթական աղմկհարույց որոշումից հետո, /հայոց լեզուն եւ պատմությունը ոչ պարտադիր դարձնելու մասին որոշումը/երբ երիտասարդները պահանջեցին նախարարի հրաժարականը, վարչապետը փեշերը փռեց նախարարի վրա ,հայտարարելով որ նախարարը կապ չունի, դա իր որոշումն է։ Մարդիկ շուտով կհիշեն եւ գուցե սկսեն հասկանալ, որ ծննդատները եւս Նիկոլն է փակում, ավտոմեքենաների մաքսատուրքի դաշտում խառնակությունը Նիկոլն է ստեղծել, որ անչափ բարձր պարգեւավճարները եւս նա է որոշել, որ իր ընտանիքի բոլոր շռայլությունները իր կողմից են ղեկավարվել,որ դատավորներին ինքն է դարձրել վնգստացող, եւ այսպես շարունակ։
Տարին սկսվեց բավական լարված թե արտաքին աշխարհում թե ներսում եւ այս լարվածությունը դեռ պիտի շարունակվի․․․Հանգույցը խորանում է ․․
Եվ եթե հասարակությունը/պողոսներին հանած/ չսթափվի ու չհասկանա, որ այն, ինչ այսօր կատարվում է մեր երկրում, ծննդատների փակումներից մինչեւ ՍԴ դատավորների անկողիններ մտնելու մասին հրամաններ, ավտոմեքենա ներկրողների խնդիրներից մինչեւ միլիոնների հասնող պարգեւավճարներ, նաեւ այլ խնդիրներում դիրիժորություն է անում մեկ մարդ եւ այդ մարդը Փաշինյան Նիկոլն է, ոչինչ չի փոխվի եւ խնդիրները ավելի ու ավելի կխորանան։ Եվ ,երբ կհասկանան, որ ոչ նախկինները, ոչ ընդդիմությունը եւ ոչ էլ այլոք, այս ամենի հետ կապ չունեն եւ այս ամենի համար պատասխանատու է մեկ մարդ եւ այդ մեկ մարդը Փաշինյան Նիկոլն է, ուրեմն կդառնան մտածող հասարակություն եւ մտածող մարդիկ, ովքեր թացը չորից կտարբերեն եւ այլեւս չեն կարող հանգիստ նստել, այլ՝ կգործեն եւ կփորձեն ուղղել սեփական սխալը։Վերադառնալով առաջին հարցիս՝ մեր երկրում կա՞ սեր եւ հանդուրժողականություն, չկա՞ ատելություն․․․Ավելացնեմ՝ կա՞ հույս, որ այս ատելության եւ անհանդուրժողականության վախճանը մոտ է․․․
Վստահ եմ՝ կա եւ հավատում եմ մեր հասարակությունը մտածող հասարակություն է․․Որովհետեւ մենք պետություն եւ պետականություն ունեցող հասարակություն ենք․․․
Հ․Գ․Այո, մտահոգ եմ»: