Լուրեր

Ցավում եմ, որ կեղծ կամ չստուգված լուրերի և ոչ պրոֆեսիոնալիզմի մշակույթը վարչապետից ու կառավարությունից փոխանցվել է նաև պաշտոնական մամուլ. Արմեն Աշոտյան

10.01.2020

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկ «Հայաստանի Հանրապետություն» թերթում լույս է տեսել «ԵՄ-ն կոչ է արել պատժել Թուրքիային, իսկ ԵԽ-ն՝ Ադրբեջանին՝ ճանաչելով ԼՂՀ-ն» վերտառությամբ հոդված, որտեղ առկա է հետևյալ հատվածը․ «նախորդ տարեվերջին ԵԽ պատգամավորները բացարձակ մեծամասնությամբ պաշտոնական կոչ հղեցին՝ ուղղված միջազգային հանրությանը՝ ճանաչելու ԼՂՀ անկախությունը և պատժելու Ադրբեջանին՝ միջազգային ասպարեզում իր ստանձնած պարտավորությունները խախտելու համար»:Հոդվածում նշվում է, թե պաշտոնական կոչը արվել է «ԵԽ-ում Ղարաբաղյան հակամարտության սրման առիթով քննարկման ժամանակ»։

 
Այս հոդվածը տարածվել է տարբեր կայքերի մամուլի տեսություններում, սակայն պարունակում է փաստական անճշտություններ։
 
Եվրոպական Խորհրդարանը տարևերջին նման պաշտոնական կոչ չի ընդունել, համենայն դեպս այդպիսի պաշտոնական տեղեկատվություն որևէ այլ աղբյուրում առկա չէ, այդ թվում Եվրոպական Խորհրդարանի պաշտոնական կայքէջում։ Առկա չէ նաև տեղեկատվություն Ղարաբաղյան հակամարտության սրման առիթով տարևերջին անցկացրած որևէ քննարկման մասին։
 
Ցավում եմ, որ կեղծ կամ չստուգված լուրերի և ոչ պրոֆեսիոնալիզմի մշակույթը վարչապետից ու կառավարությունից փոխանցվել է նաև պաշտոնական մամուլ։
 
Հորդորում եմ «Արմենպրես» գործակալությանը կամ «Հայաստանի Հանրապետություն» թերթին արագ շտկել իրավիճակը և նշված հոդվածի հետ կապված տալ պարզաբանում կամ հերքում»։

← Վերադառնալ ցուցակին