Լուրեր

Մեր պետական ու քաղաքական համակարգը ռախիտ վիճակում է. Էդուարդ Շարմազանով

04.01.2020

ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ 2020 թվականին Հայաստանին սպասվող հիմնական մարտահրավերները վերաբերում են երկրի անվտանգությանը, ինչպես նաև Արցախի հիմնախնդրի հարցում օրվա իշխանությունների անհեռանկարային քաղաքականությանը, հայեցակարգի բացակայությանը:

Ըստ նրա՝ այս մարտահրավերների անբաժան մասն են դարձել արդեն երկու տարի իշխանության կողմից հասարակությանը սևերի ու սպիտակների բաժանելը, մերժողական քաղաքականությունը և ատելության քարոզը։

«Բառացի, սա նեո-բոլշևիկյան իշխանություն է։ Այսինքն՝ մի կողմից՝ մենք ունենք արտաքին մարտահրավերներ, ի դեմս պանթուրքիզմի, Ադրբեջանի և Թուրքիայի, որոնք գնալով  ավելանում են, մյուս կողմից՝ մի պետություն, որն ունի արտաքին բազում մարտահրավերներ, որը վերջին 30 տարին յուրաքանչյուր օր կանգնած է եղել պատերազմի առջև, և փոխարենը՝ միասնություն քարոզի, հասարակությանը մասնատում են, և այս ամենը շատ մտահոգիչ է։ Այս ամենից դուրս գալու համար ունենք երկու ճանապարհ՝ կա՛մ  պետք է հաղթի ժողովրդավարությունը և ազգային արժեհամակարգը, կա՛մ բռնակալությունը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Է. Շարմազանովը՝ անդրադառնալով 2020 թվականին Հայաստանին սպասվող մարտահրավերներին և ներքին ու արտաքին քաղաքական զարգացումներին։

Նա նկատեց, որ իրենց ամբողջ պայքարը ոչ թե նրա համար է, որ Հանրապետականը վերադառնա իշխանության և տեղ զբաղեցնի խորհրդարանում, այլ իշխանությունը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, կանգ առնի և սթափվի։

«Եթե նախկինում նման բան էին ասում միայն հանրապետականները և Քոչարյանի մի քանի աջակիցներ, ապա այսօր նույն կարծիքն ունեն նաև նրանք, որոնք ժամանակին կանգնած են եղել Փաշինյանի կողքին, օրինակ՝ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը ևս կոչ արեց սթափվել և կանգ առնել»,- հավելեց Էդուարդ Շարմազանովը։

Ըստ Շարմազանովի՝ երկիրը բռնապետության չտանելու համար  2020 թվականին պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, քանի որ ՀՀ անկախությունից ի վեր առաջին անգամ ձևավորվել է Ազգային ժողով, որի ձայների 3/5-ը գտնվում է մեկ մարդու գրպանում, որն էլ ինչ ուզում՝ անում է։

«Անկախ այն հանգամանքից՝ ո՞վ կլինի՝ ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն, «Լուսավոր Հայաստանը» թե քոչարյանականները, այս իրավիճակում ընդդիմությունը որևէ ազդեցություն չունի պետության համար որոշումներ կայացնելու վրա։ Այսօր Հայաստանում ընդդիմությունը չի հակակշռում իշխանությանը, մեր պետական ու քաղաքական համակարգը ռախիտ վիճակում է։ Կա իշխանությունը, որը կախված է մեկ հոգուց, և կա չափավոր ընդդիմություն, որը որևէ լծակ չունի՝ չափավորել կամ բալանսավորել իշխանության ախորժակը։ ՀՀ  վարչապետն Ադրբեջանի նախագահին կիրթ ու նորմալ անձ է համարում, իսկ Հայաստանի Երկրորդ և Երրորդ նախագահներին՝ սպառնալիք կամ դավադիր ուժեր։ Մեր այսօրվա իշխանությունն ապրիլյան պատերազմը սանձազերծածների մասին  թթու խոսք չի ասում, իսկ Արցախյան ազատամարտը և ապրիլյան պատերազմը հաղթած գեներալներին ու հերոսներին համարում է սպառնալիք»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։

Շնորհավորելով հայ ժողովրդի Ամանորը և Սուրբ Ծնունդը՝ Շարմազանովը մաղթեց, որ երկրում խաղաղություն լինի, զինվորներն անփորձանք ծառայեն. «Մեզ նաև համերաշխություն եմ մաղթում, պաշտոնյաներին, որոնք պետական մտածողությունից հեռու են, մաղթում եմ պետականամետության առկայություն, մեկ բան թող գիտակցեն, որ սեփական հայրենիքում ներքին թշնամիներ փնտրելն անշնորհակալ զբաղմունք է։ Նաև մաղթում եմ, որ 2020 թվականին հայ ժողովուրդն ազատվի պոպուլիստական իշխանությունից»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը։

 

168.am 

← Վերադառնալ ցուցակին