Լուրեր
«Իշխանության քիմքին հաճո են բացառապես սեփական ԶԼՄ-ները». Մարգարիտ Եսայան
25.12.2019
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իշխանության քիմքին հաճո են բացառապես սեփական ԶԼՄ-ները
Զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ իրականացվում է կոշտ եւ անօրինական ռեկետ եւ ռեկետչիկն իշխանությունն է , իր լրագրող վարչապետով, ամեն ինչ ծրագրվում է իշխանության մակարդակում։ Այսօր ԶԼՄ-ները բաժանում են յուրայինների եւ օտարների, մերոնց եւ ձերոնց, սեւերի եւ սպիտակների, ճիշտ այնպես ինչպես մեկուկես տարի առաջ ամբողջ հասարակությունը բաժանեցին նույն տրամաբանությամբ։Այսօրվա իշխանությունը կոշտ մեթոդներով պայքարում է լրագրողների, ԶԼՄ-ների դեմ, բացառապես նրանց, որոնք իր քիմքին հարազատ չեն, որոնք ազնվորեն եւ պրոֆեսիոնալ կատարում են իրենց աշխատանքը։Այսօր մեր երկրում վտանգված է ազատ խոսքը, այսօր ազատ խոսքի իրավունքը տրված է միայն իշխանական ֆեյքային ֆաբրիկային, որոնք էլ ազատ խոսքը վերածել են հայհոյանքի եւ պոռոտախոսության։ Մյուսներին սպառնում է ձերբակալություն, ինչպես տեղի ունեցավ «5-րդ» ալիքի սեփականատիրոջ դեպքում, ինչպես տեղի ունեցավ «Կենտրոն» հեռուստաընկերության օպերատորի դեպքում, ինչպես սպառնում են բոլոր այն ԶԼՄ-ներին, որոնք դեռ մնում են պրոֆեսիոնալիզմի մասնագիտության հարազատ դիրքերում եւ չեն դառնում Նիկոլի վկաներ։ Այո, առանց չափազանցության, արձանագրում եմ՝ ազատ խոսքը այսօր ընդունելի չէ եւ իշխանության ամենաբարձր մակարդակով դա չեն թաքցնում, ինչպես եղավ «Yerevan Today» -ի համակարգիչները առգրավելու դեպքում, ինչպես եղավ «Հայելի» ակումբի դեպքում, կամ՝ «ժողովուրդ» լրատվականի պարագայում։ Այսօր իշխանության քիմքին հաճո են բացառապես սեփական ԶԼՄ-ները, նաեւ՝ հարկատուների հաշվին ապրող եւ բարգավաճող Հ1-ը իր ամբողջ պերճանքով։ Ազատ խոսքն այսօր վտանգված է եւ ամենեւին կապ չունի, որ դեռ սոցցանցերում կամ, մեկ-երկու լրատվականներում երեւում եւ իրենց մտահոգություններն են հնչեցնում ընդդիմադիր գործիչները։Իշխանությունը իր բոլոր քայլերով մոտեցնում է այն պահը, երբ կփորձի փակել դրանք եւս։
Բայց չեն հաջողելու, եւ չեն հաջողելու մի պարզ պատճառով՝ մենք ճիշտ ենք եւ իրենք ՝ սխալ․․
Հ․Գ․ Թողեք ԶԼՄ-ները հանգիստ աշխատեն։ ԶԼՄ-ների, խոսքի ազատության , մամուլի իրավունքները պաշտպանելուն միտված մի քանի ակումբներ կան մեր երկրում, որ ստեղծվել եւ բարգավաճել են նախկինների օրոք երբ անգամ ճանճի տզզոցն էին արձանագրում եւ հասցնում միջազգային հարթակներ, իսկ ո՞ւր են նրանք այսօր, ո՞ր անտառում, ո՞ր թփի տակ են ծվարել...Բա, ձայն հանեք, խոսեք, պաշտպանեք լրագրողների եւ ԶԼՄ-ների աշխատելու իրավունքը, էլ լրագրող-վարչապետի մասին չեմ խոսում, մի երկու թաթիկ կտրելու հրաման տուր, ինչո՞ւ չես ահազանգում, թե՞ դրանք քո անձնական օգտագործման թաթիկներն են, սեփական օգտագործման իրավապահ համակարգը իր ամբողջ թշվառությամբ...»: