Լուրեր

«Տարբերություն եք ուզո՞ւմ մեր եւ ձեր միջեւ. ասեմ». Շարմազանովը Արցախի խնդրի մասին

24.12.2019

Դժբախտաբար, 2019-ը Արցախի հիմնահարցում չենք կարող համարել ձեռբերումների կամ առաջընթացի տարի: Այս մասին, այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

 
«Ամենեւին նպատակ չունեմ ասելու, որ Նիկոլ Փաշինյանը դավադիր գործիչ է, որ ուզում է հող հանձնել, որ փորձում է պարտվողական մոտեցմամբ մեզ մտածված տանել փակուղի, բայց փաստն այն է, որ Փաշինյանի անհեռատես, ոչ պրոֆեսիոնալ, շատ դեպքերում չմտածված եւ էմոցիոնալ հայտարարությունները վնաս են բերել հայկական կողմերի դիրքերին»,-ասաց նա:
 
Շարմազանովը անդրադարձավ երեկ կայացած Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստին՝ նշելով. «Փաշինյանն այդ նիստում ասում է, որ ավելացել է Լեռնային Ղարաբաղի ներգրավվածության մակարդակը բանակցություններում եւ նաեւ միջազգային հանրության ընկալումը, որ անհրաժեշտ է այդ ներգրավվածությունը: Հիմա հարց եմ տալիս՝ հիշո՞ւմ եք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցությունների սեղան, ի՞նչ արձագանք եղավ միջազգային հանրությունից: Մինսկի խմբի համանախագահները խիստ քննադատեցին Նիկոլ Փաշինյանի այդ դիրքորոշումը: Եթե մեր իշխանության օրոք, ապրիլյան պատերզմից հետո ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը հայտարարեց, որ բանակցությունների վերջնական փուլին անպայման պետք է մասնակցի  Լեռնային Ղարաբաղը, ապա այս անգամ համանախագահները քննադատեցին Փաշինյանի այդ դիրքորոշումը: Այսինքն ներգրավավծության մակարդակի ավելացում տեղի չի ունեցել: Կա Մինսկի խմբի  համանախագահների պաշտոնական հայտարարություն, որը ես ժամանակին համարել են դեղին քարտ ուղղված ՀՀ իշխանություններին»,-ասաց Շարմազանովը:
 
Նա ընդգծեց, որ այս 1,5 տարում Փաշինյանը դեռեւս չի արտաբերել ամենակարեւոր խոսքը, որ Արցախը որեւէ կարգավիճակում չի կարող լինել Ադրբեջանի կազմում. «Երեկ ասաց, որ 1986-1987 թվականների կարգավիճակին վերադարձ չի լինելու: լեւոն Տեր-Պետրոսյանը դեռեւս 1992 թվականի մարտին իր հարցազրույցում հստակ նշել է, որ ինքը դեմ չի, որ ԼՂ-ն որպես ինքնավար հանրապետություն լինի Ադրբեջանի կազմում: Այսինքն Փաշինյանի հայտարարությունից միջազգային հանրությունը կարող է հասկանալ, որ ԼՂԻՄ չի լինելու, բայց դա չի բացառում ԼՂ-ի որպես ինքնավար հանրապետության գոյությունը Ադրբեջանի կազմում»,-ընդգծեց Շարմազանովը:
 
Նա անդրադարձավ նաեւ Փաշինյանի հայտարարությունը, որը վերաբերում է Արցախի սուբյեկտայնության բարձրացման մասին. «Ի՞նչ սուբյեկտայնության մասին է խոսքը, երբ Գյումրիում Արցախի նախագահին մարզպետ են անվանում ու ինքը ծպտուն չի հանում: Երբ Փաշինյանի իշխանության շրջանում հրապարակ է նետվել ադրբեջանական համայնք բառակապակցությունը, երբ Փաշինյանը Արցախի նախագահի հասցեին «պարի ընկեր» արտահայտություն է հնչեցվում, երբ Արցախն ազատագրած գեներալների մասին ասվում է դավադիր ուժեր: Կարծում եմ, որ երեկվա Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում այս երեք կետերով մենք մտահոգվելու տեղեր ունենք»,-ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը՝ հավելելով, որ սրանով ինքը գնդակն ուղարկում է իշխանության դաշտ:
 
«Տարբերությո՞ւն եք ուզում մեր եւ ձեր միջեւ. ասեմ. Մեր օրոք Ալիեւը հայտարարում էր, որ համանախագահները ճնշում են իրեն ճանաչել Արցախի անկախությունը, իսկ Լուկաշենկոն հայտարարում էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարվում էր տարածքներ հանձնել: Այսօր Նիկոլ Փաշինյանը չի հայտարարել, որ Արցախը չի լինելու Ադրբեջւանի կազմում, հրապարակ է նետվել ադրբեջանական համայնք» բառակապակցությունը եւ մենք տեսնում ենք, որ որեւէ առաջընթաց չկա: Չորրորդն էլ ասեմ՝ երեկ Սանկտ Պետերբուրգի եւ Վիեննայի մասին չխոսեց: Առանց այդ պայմանավորվածությունների Կասպրշիկի գրասենյակի գործառույթների կամ թվաքանակի ավելացումը չասեմ գրոշ չարժե, բայց արդյունավետ չի լինի: Սա էլ չրորդր հետընթացը»:
 
news.am
 

← Վերադառնալ ցուցակին