Լուրեր

«Ահա և տարբերությունը Սերժի և Նիկոլի միջև». Էդուարդ Շարմազանով

17.12.2019

 ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Եթե ՀՀԿ-ի օրոք Ալիևին ճնշում էին ճանաչել Արցախի անկախությունը, ապա այսօր՝ «Իմ քայլի» օրոք, կարծես թե դեմ չեն փուլային տարբերակին ու ինչ-որ «ադրբեջանական համայնքի» մասնակցությանը բանակցություններին:

Անվտանգության մարտահրավերների դիմակայումն ու Արցախյան կարգավորումը եղել և շարունակում են մնալ մեր քաղաքական օրակարգի կարևորագույն խնդիրները:

Ավաղ, Փաշինյանի իշխանազավթումից հետո Հայաստանը ոչ միայն չի ամրացրել իր դիրքերը բանակցություններում, այլ ընդհակառակը՝ վեր է ածվել իզգոյի:

Տեսեք՝

* Արցախն այդպես էլ բանակցություններին լիարժեքորեն չի մասնակցում:Փաշինյանի այդ թեզը նախապայման դիտարկվեց համանախագահների կողմից և համանախագահների խիստ հայտարարությունից հետո պաշտոնական Երևանում, կարծես թե, մոռացավ իր այդ թեզի մասին:

* Չգիտես ինչու, ՀՀ վարչապետը պատերազմի հնարավոր վերսկսման վտանգը Ադրբեջանից գցեց Ռուսաստանի վրա՝ նշելով, թե Ռուսաստանը ունի բոլոր մեխանիզմները թույլ չտալու պատերազմի վերսկսում:

* Ապրիլյան պատերազմ սանձազերծած Ալիևը Փաշինյանի վրա թողեց կիրթ և նորմալ մարդու տպավորություն:

* Հայաստանը հրաժարվեց Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի օրակարգերից:

* ՀՀ վարչապետը Արցախում սկսեց «դավադիր ուժեր» փնտրել, որոնք պատերազմի միջոցով փորձում են հող հանձնել Ադրբեջանին և հետո մեղքը գցել իր վրա:

* Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարեց Արցախը Հայաստան է և վերջ, որով թուլացրեց Արցախի բանակցային դիրքերը և, փաստացի, Հայաստանը դարձրեց հակամարտության կողմ:

* Փաշինյանի այդ հայտարարությունը քննադատվեց նույնիսկ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի կողմից:

* Դրան հաջորդեց ՀՀ վարչապետի հերթական անհեթեթ թեզը, թե հակամարտության լուծումը պետք է բավարարի թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի և թե՛ Ադրբեջանի ժողովուրդներին և որ ինքը պատրաստ է երկխոսելու ոչ միայն Ալիևի, այլ նաև Ադրբեջանի ժողովրդի հետ:

* Այս թեզը օդում կրակած փամփուշտ էր, որը չարժանացավ ո՛չ համանախագահների և ո՛չ էլ Ալիևի արձագանքին:

* Ավելին, իշխանության ներկայացուցիչը ուղիղ նշեց, որ Փաշինյանը դեմ չէ, այսպես կոչված, «ադրբեջանական համայնքի» մասնակցությանը բանակցություններին:

Սրանք փաստեր են, որոնք գալիս են ապացուցելու Փաշինյանի ապաշնորհ գործողությունները Արցախյան կարգավորման հարցում:

Հ.Գ. Ժողովուրդ, «Սերժի վախտ» Ադրբեջանի նախագահ Ալիևը բողոքում էր, որ իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը, իսկ Նիկոլի օրոք «Իմ քայլի» պատգամավորը նշում է, թե Փաշինյանը դեմ չէ «ադրբեջանական համայնքի» մասնակցությանը բանակցություններին:

Ահա և տարբերությունը Սերժի և Նիկոլի միջև»։

← Վերադառնալ ցուցակին