Լուրեր
Սերժ Սարգսյանի գործը օդ է, արագացնում է հականիկոլական կոնսոլիդացիան, շնորհակալություն, Փաշինյան Նիկոլ. Արմեն Աշոտյան
06.12.2019
ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի դեմ հարուցված գործը շաղկապում ենք արտաքին ու ներքին քաղաքական խմորումների հետ։ Այս մասին ՀՀԿ գրասենյակում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ հավելով, որ ՀՀԿ ԳՄ հայտարարությունը վերահաստատում է ամբողջությամբ:
«Ավելի մանրամասն ուսումնասիրելով ներկայացված մեղադրանքի հղումները, որոնք փորձ են` իրավական փաթեթավորում տալու բացառապես քաղաքական գործընթացին, գալիս ենք հետևյալ եզրակացությունը. հիշում եք Ռոբերտ Քոչարյանի գործի հետ կապված հայտնի հեռախոսազրույցի արտահոսքը, որտեղ իշխանավորները պնդում են և ասում են, որ Քոչարյանի նկատմամբ գործը ջուր է, եթե գնանք այս տրամաբանությամբ և դիտարկենք Պլատոնի կողմից նկարագրված 4 էլեմենտներով, ապա եթե Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը ջուր է, Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված գործը օդ է»,-նշեց նա:
Արմեն Աշոտյանն ասաց, որ անհամբեր կսպասեն պատմության դատին տեսնելու համար, թե որ գործը կդառնա կրակ, հուր, հող:
Արմեն Աշոտյանի դիտարկմամբ՝ քրեական գործը տեղեկատվական ռումբի էֆեկտ ունեցավ, բայց այն ոչ մի կերպ չի կարող ազդել ՀՀԿ ներքին և արտաքին քաղաքականության վրա:
«Հարուցված քրեական գործն արագացնում է հականիկոլական կոնսոլիդացիան: Այստեղ պետք է ասենք՝ շնորհակալություն քեզ, Փաշինյան Նիկոլ»,-ասաց նա:
Արմեն Աշոտյանն ասաց, որ գործը ծիծաղելի է, ինչի մասին փաստում է նաև «Իմ քայլի» պատգամավորների «մանթրաշը»:
Նա ասաց, որ մեղադրանքը նաև Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական գործունեությանն է ուղղված:
«Մենք պլանավորում էինք արտաքին այցեր՝ ազգային օրակարգով։ Իշխանությունները դրա մասին տեղյակ էին։ Քրեական գործի համատեքստում տեսնում ենք փորձ՝ կանխելու նախագահի արտաքին քաղաքական գործունեությունը։ Սերժ Սարգսյանի անձնագիրն իր մոտ է, բայց նա սահման հատելու հնարավորություն չի ունենալու։ Դա չի ազդելու նրա գործունեության վրա։ Մենք նախաձեռնելու ենք նրա այցերը»,-նշեց նա:
Հեղինակ Անի Գևորգյան
tert.am