Լուրեր
ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը մասնակցել է Ռոբերտ Շուման ինստիտուտի առաջնորդության դասընթացին
21.11.2019
Օրերս Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի է ունեցել Ռոբերտ Շուման ինստիտուտի կողմից կազմակերպված «Երիտասարդ առաջնորդներ 2019-2020» ծրագրի երկրորդ՝ «Միջազգային եւ անվտանգության հիմնախնդիրներ» խորագիրը կրող մասը: Ծրագրին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը ներկայացնում էր Հայկազ Շահնազարյանը:
Եռօրյա ծրագրի ընթացքում կազմակերպվել են դասախոսություններ նվիրված տարածաշրջանային անվտանգության, քաղաքական ճգնաժամերի կառավարման, 21-րդ դարի մարտահրավերների, ԵՄ-Ռուսաստան հարաբերությունների եւ մի շարք այլ հիմնախնդիրների քննարկմանը:
Միջազգային եւ անվտանգության հիմնախնդիրների համատեքստում մասնակիցները հանգամանալից քննարկումներ են ունեցել ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի, ՕՊԵԿ- ի, ԵԱՀԿ-ի, ՀԱԿՊ-ի եւ այլ միջազգային կազմակերպությունների գործառույթների, լիազորությունների եւ տեսլականների շուրջ: Երիտասարդ քաղաքական գործիչները այցելել են նաեւ ՕՊԵԿ-ի գլխամաս եւ Ավստրիայի խորհրդարան:
Ծրագիրն ամփոփվել է աշխատաժողովով, որի առաջին փուլի ընթացքում մասնակիցները քննարկել են Եվրոպական խորհրդարանի հայեցակարգերի տեսակներն ու ընդունման կառուցակարգերը, իսկ երկրորդ փուլում իրենց ստացած գիտելիքները գործնականում ամրապնդելու նպատակով կատարել են խմբային աշխատանքներ:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն