Լուրեր

«Համապատասխան կենդանու ականջում նիրհում ենք ու «վայելում» Նիկոլի մեկ դերասանի թատրոնը». Մարգարիտ Եսայան

20.11.2019

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Երկիր մոլորակին հսկայական երկնաքեր է մոտենում Քեոփսի բուրգի մեծության եւ եթե հասնի մեզ, միջուկային զենքի ավերածություններ կանի երկրի վրա։ Մեր կողքին Իրանում իսկական խառը վիճակ է, Սիրիան տաք է ու վտանգավոր, Վրաստանում դարձյալ վրացական գարնան բույրեր կան, Ադրբեջանը թուրքի նենգությամբ եւ լռիկ հզորացնում է իր ռազմական ուժերը եւ հանդարտ պատրաստվում է պատերազմի, իսկ մենք, համապատասխան կենդանու ականջում նիրհում ենք ու «վայելում» Նիկոլի մեկ դերասանի թատրոնը։ 
 
Ոչ մեկին իրո՞ք չի հետաքրքրում այն, ինչ կլինի մեր երկրի, մեր պետության, Արցախի հետ ասենք մեկ ամիս, երկու ամիս, կամ մեկ տարի հետո, ինչ կլինի, եթե երկնաքերը շրմփա մեր գլխին։Ոչ մեկիս մեջ չկա՞ վտանգի կանխազգացողություն, մինչեւ ե՞րբ պիտի այսպես դավին անտեղյակ, ցավին անտարբեր ապրենք։ Ամենայն հարգանքով բոլոր հոգեկան հիվանդների հանդեպ, բայց անգամ հոգեբուժարանում մոտ 50 մարդ երեկ ոտքի կանգնեց իր իրավունքները պաշտպանելու համար,մարդիկ դժգոհ էին հոգեբանական վերականգնողական կենտրոնի ղեկավարության որոշումներից եւ ոտքի կանգնեցին պահանջելով արդարություն։ Իսկ մենք, մեր հասարակությունը, որի իրավունքները ոտնահարվում են շատ «Թավշյա, հեղափոխական» կրունկների տակ, մինչեւ ե՞րբ ու հանուն ինչի՞ պիտի դեռ լռենք, ինչու պիտի հանդուրժենք Նիկոլի ինքնագործունեությունը, ինքնագոհությունը եւ ինքնաբավարարումը։
 
Չե՞ք զգում, որ մեր հասարակությունը, քաղաքական ուժերը սկսում են նմանվել այն գժերին, որոնք իրենց շարունակ գցում են դատարկ լողավազանը, վեր են կենում եւ նորից շրմփում դատարկ լողավազանի մեջ եւ երբ նրանց հարցնում են․«Ի՞նչ եք անում», միամիտ ժպիտով պատասխանում են․«Լողալ ենք սովորում, խոստացել են ՝ հենց լողալ իմանանք, լողավազանի մեջ ջուր կլցնեն»։
 
Գժուկներ ջան, եկեք սթափվենք, քանի քիթումռութներս վերջնականապես չեն ծածկել թավիշով եւ շնչահեղձ չեն արել»։

← Վերադառնալ ցուցակին