Լուրեր

Եթե մտածում են, որ ԱԺ-ի շրջափակումն ու նոր ընտրությունների նշանակումը մարսեցին, չարաչար սխալվում են. Հովհաննես Սահակյան

30.10.2019

Այն, որ միջազգային հանրությունը արդեն անուններ շեշտելով մտահոգություն է հայտնում, առնվազն սթափեցնելու եւ մի պահ կանգնել մտածելու տեղիք պետք է տա գործող իշխանությանը։

 
«Փաստինֆո»-ի հետ զրույցում անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքքիքիոյի հայտարարություններին, ասաց ԱԺ նախկին պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Սահակյանը։
 
«Մեսիջը հետեւյալն է՝ Բարձր դատարանի հետ կապված գործողություններն ու գործընթացները մտահոգիչ են միջազգային այնպիսի փորձագիտական կենտրոնները, որոնք տարբեր պետությունների իրավական խորհրդատվություն են տրամադրում, այսինքն, այդ պրոցեսները ցանկալի չեն եւ դիտարկվում են որպես ճնշումներ»,-ասաց Հովհաննես Սահակյանը։
 
Հիշեցնենք, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքքիքիոն հայտարարություն է տարածել՝ կապված Հայաստանում ՍԴ շուրջ իրավիճակի հետ։ Հայտարարության մեջ շեշտվել է, որ Ժողովրդավարության պայմաններում խորհրդարանը ժողովրդական ինքնիշխանության պահապանն է և, այդպիսով, վայելում է բարձրագույն ժողովրդավարական լեգիտիմությունը: «Սահմանադրական դատարանը պաշտպանող հաստատություն է, որին վստահված են պահպանել սահմանադրական արժեքները»,-նշել է Բուքքիքիոն եւ կոչ արել բոլոր կողմերին ցուցաբերել զսպվածություն, փոխադարձ հարգանք և կառուցողական ինստիտուցիոնալ համագործակցություն՝ այս անհանգստացնող իրավիճակը հանդարտեցնելու և վերահաստատելու Հայաստանի Սահմանադրության բնականոն աշխատանքը:
 
Նկատենք, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այս հայտարարության առնչությամբ հայտարարել է. « Սա նշանակում է, որ վերջինս փաստացի ընդունում է, որ այսօրվա Սահմանադրական դատարանում հաստատված ստատուս քվոն Հրայր Թովմասյանի մասով չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը»:
Հովհաննես Սահակյանի խոսքով, բնական է, որ իշխանության ներկայացուցիչն այս կերպ պետք է մեկնաբաներ Բուքիքիոյի խոսքերը.
 
«Բա ի՞նչ ասեր, ասեր, որ օրինականությանը, իրավական պետությանը ոչ հարիր դրսեւորումնե՞ր են տեղի ունենում։ Բնական է, հիմնավորումներ չունենալով նման կերպ պետք է արձագանքեն, մինչդեռ Վենետիկի հանձնաժողովի նախագահի կոչը՝ ապահովել սահմանադրության բնականոն աշխատանքը, վերաբերում է նրան, որ պետք է ապահովել իշխանության տարբեր թեւերի միջեւ հակակշիռների եւ միմյանց գործերին չխառնելու մեխանիզմը։ Եթե մտածում են, որ ԱԺ-ի շրջափակումը, ԱԺ-ին հրաժարական ստիպելն ու նոր ընտրություններ նշանակելը, դատարանների շրջափակումը մարսեցին, չարաչար սխալվում են։ Գուցե այս պահին դրանց հետ կապված ակտիվ դրսեւորումներ տեղի չեն ունենում, բայց այդ ամենը ուղիղ ազդում է երկրի վարկանիշի վրա եւ ասել՝ մենք կառուցում ենք իրավական պետություն եւ այնուհետեւ այլ գործողություններ իրականացնելը բոլորին տեսանելի են»։
 
Ըստ Հովհաննիսյանի ցուցիչ էր նաեւ ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի հայտարարությունը։ Եվ այս հայտարարությունները, ըստ նրա, վերաբերում են առհասարակ դատարանների շուրջ ընթացող զարգացումներին։
 
Աղբյուր` Փաստինֆո

← Վերադառնալ ցուցակին