Լուրեր

«Ուշացած, բայց երկար սպասված ճանաչում». Արտակ Զաքարյան

30.10.2019

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Ուշացած, բայց երկար սպասված ճանաչում
Ցեղասպանությունը համարվում է միջազգային ամենազազրելի հանցագործություններից մեկը, այսպես ասած «crime of the crime», որը խոր ազդեցություն է գործել մարդկային խղճի վրա: Այն իր մեջ ներառում է ծանր հանցագործությունների գրեթե ամբողջ ցուցակը` սպանություն, բռնաբարություն, երեխաների սպանություն, ստրկավաճառություն, բռնի տեղահանում, ուրիշի գույքին ապօրինի տիրացում կամ ոչնչացում, մշակութային արժեքների ոչնչացում եւ այլն. մի խոսքով` այն իր մեջ ներառում է համարյա ամբողջ քրեական օրենսդրությունը:
 
Ցեղասպանությունը, իսկ որոշ երկրներում նաեւ ցեղասպանության ժխտումը, ընդգրկված է քրեական օրենսդրություններում: Ուստի ցեղասպանությունը նախ եւ առաջ ոչ թե պատմական երեւույթ է, այլ իրավական խնդիր:
 
Ինչպես առանձին անձանց սպանությունը, այնպես էլ ցեղասպանությունը չի կարող որեւէ կերպ արդարացվել ինչ-ինչ դրդապատճառներով: Մի ամբողջ ժողովրդի սպանությունը եւ, թերեւս ամենասուրբ իրավունքից` կյանքի իրավունքից զրկումը, ուղղված է ոչ միայն զոհ դարձած ժողովրդի, այլեւ համայն մարդկության դեմ` վտանգի տակ դնելով ցանկացած ժողովրդի կամ նրա մի մասի գոյության, կյանքի եւ արժանապատվության իրավունքը:
 
Ցեղասպանությունների ժխտման քրեականացումը երբեմն գնահատվում է որպես խոսքի ազատության սահմանափակում: Սակայն խոսքի ազատության իրավունքը չպետք է ուղղված լինի այլ իրավունքների ոչնչացմանը կամ արժեզրկմանը, իսկ ցեղասպանության ժխտումը ոտնահարում է միջազգային բոլոր հումանիտար արժեքները եւ ոտնահարում ցեղասպանության զոհ դարձածների ու նրանց հետնորդների արժանապատվության, սոցիալական արդարության վերականգնման իրավունքները:
 
Ցավոք, ցեղասպանությունների դեմ պայքարը ժամանակակից աշխարհում չափից ավելի քաղաքականացված է, որը հնարավորություն չի տալիս իրագործել ժխտողականության դեմ պայքարի, սոցիալական արդարության եւ խեղված իրավունքների վերականգնման, ինչպես նաեւ ցեղասպանության վտանգի տակ հայտնվող ազգային եւ կրոնական փոքրամասնությունների արդյունավետ պաշտպանության ու անվտանգության հարցերը:
 
Ցեղասպանություն վերապրած ժողովուրդները, կարծում եմ պետք է զգան համաշխարհային հանրության միանշանակ աջակցությունն այս հարցում, թեկուզեւ դա միայն իրենց խնդիրը չէ:
 
Ժամանակակից աշխարհի ուշադրության հարց է միասնական անվտանգությունն ու օրեցօր ահագնացող սպառնալիքների դեմ պայքարը, պետությունների հակաահաբեկչական ջանքերն ու դրանց միավորման անհրաժեշտությունը: Եվ տրամաբանական է, որ այս պարագայում պետք է ճանաչվեն ու դատապարտվեն բոլոր տիպի ցեղասպանական հանցագործությունները:
 
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում, մենք հաճախ են լսել հետեւյալը «այո հայոց ցեղասպանությունը եղել է, մենք դա չենք ժխտում, բայց մենք ունենք լավ հարաբերություններ Թուրքիայի հետ»: Իսկ ինչ է այն մի քանի տասնյակ պետություններն, ովքեր ճանաչել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, չունեն արդյոք լավ հարաբերություններ թուրքիայի հետ: Կամ ներկայումս ի՞նչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղի շուրջ, արդյո՞ք դա ցեղասպանության սպառնալիք չէ Ադրբեջանի կողմից Ղարաբաղի բնակչության նկատմամբ: Կամ այն ինչ տեղի է ունեցել եւ շարունակվում է ունենալ Մերձավոր Արեւելքում ԻԼԻՊ-ի կողմից ցեղասպանական ակտեր չե՞ն այնտեղ բնակվող կրոնական փոքրամասնությունների նկատմամբ:
 
Ցեղասպանությունների կանխարգելման համար պայքարում դատապարտումն ու ժխտողականությունը դարձել է քաղաքական նպատակահարմարության հարց, ինչի փայլուն դրսևորումն է ԱՄՆ-Թուրքիա ներկայիս հարաբերությունները։
 
Անվտանգ ու խաղաղ ապրելն այսօր դարձել է բոլոր ժողովուրդների ու պետությունների առաջնահերթությունը: Մարդկության պատմությունը արյան գնով հաղթահարել է բազմաթիվ էջեր, ինչպիսիք են Օսմանյան կայսրությունը, որը չարիք դարձավ հույների, ասորիների, հայերի, Փոքր Ասիայի եւ Արեւելյան Եվրոպայի մյուս ժողովուրդների համար, ֆաշիզմը՝ որը չարիք դարձավ հրեաների եւ եվրոպայի շատ ժողովուրդների համար, տարբեր տիպի ռեժիմներն ու ահաբեկչական խմբավորումները, որոնց գործողությունների թիրախում հայտնվեցին Դարֆուրի, Կամբոջայի, Ռուանդայի ժողովուրդները եւ այսօր էլ շարունակում են գտնվել տարբեր ազգային ու կրոնական փոքրամասնությունները Մերձավոր Արեւելքում:
 
Սրանք մարդկության պատմության կողմից բացթողնված, կամ որոշ դեպքերում ցավոք անտեսված էջեր են, որոնց անդրադառնալը մեծ անհրաժեշտություն է»:
 
 

← Վերադառնալ ցուցակին