Լուրեր
«Այդ ամենն արվում էր Բաբլոյանի լուռ համաձայնությամբ, իսկ Արսեն Բաբայանի մասով թող իրավապահները պարզեն». Արմեն Աշոտյան
29.10.2019
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հետևելով Հրայր Թովմասյանի դեմ արդարացիորեն հարուցված գործընթացներին և ցանկանալով կատարել իմ քաղաքացիական պարտքը, սույն հաղորդագրությամբ ցանկանում եմ Թովմասյնի մութ անցյալից մի քանի դրվագ ներկայացնել:
Երկրի նոր ղեկավարության ուշադրությունից վրիպել է այն փաստը, որ Հրայր Թովմասյանը "Ի՞ՆՉ: ՈՐՏԵ՞Ղ: Ե՞ՐԲ" ակումբի անդամ էր և խաղում մի թիմում, որի ավագը ես էի:
Օգտվելով իր պաշտոնական լիազորություններից, ինչպես նաև գործի դնելով իր անմիջական կապերը նախկին ռեժիմի հետ, նա բազմիցս փորձել է ուզուրպացնել իշխանույթունը թիմում և դառնալ թիմի ավագ: Սույն հակասահմանադրական արարքները իմ կողմից կանխվել են, սակայն արդարությունն առ այսօր չի վերականգնվել:
Ավելին, թեպետ շուրջ 2 տարի է մեր թիմը հանդես չի գալիս մրցույթներում, ես կարող եմ պնդել, որ չարագործը, առ այսօր ներքուստ չի հրաժարվել այդ մտադրությունից, և ես վստահ եմ, որ առաջին իսկ պատեհ առիթի դեպքում նա նորից կփորձի զավթել իշխանությունը մեր թիմում:
Միաժամանակ, Հրայր Թովմասյանը, ըստ ամենայնի, հանցավոր պայմանավորվածության արդյունքում իր հոգին գիտելիքի դիմաց վաճառելով սատանային , պարզապես փայլուն էր խաղում, իսկ մի տարի անգամ ճանաչվեց խաղաշրջանի լավագույն խաղացող: Կազմակերպիչներից և հովանավորներից ստանալով համապատասխան նվերները և պարգևները, այդ թվում՝ դրամական, նա իր անձի շուրջ կեղծ դրական տպավորություն ստեղծելու նպատակով հանցավոր սխեմաներով փոխանցել է բարեգործական նպատակներով:
Այսքանով Թովմասյանի հակաիրավական արարքները չեն սահմանափակվել: Ավելորդ չէ նշել, որ նա խաղերի ընթացքում մի քանի անգամ փորձել է ճնշում գործադրել ինձ վրա, թիմի անունից վերջնական պատասխանը ընտրելու ընթացքում, այդ թվում՝գործադրել է ինտելեկտուալ ճնշման եղանակներ, իսկ որոշ հարցերի դեպքում հետին թվով էր հնչեցնում էր ճիշտ պատասխանը:
Չբավարարվելով թիմի ներսում իր պառակտիչ գործունեությամբ, նա խաղերի ընթացքում պարբերաբար վիճաբանության էր բռնվում նաև խաղը վարողի հետ, այսպիսով փորձ անելով զավթել իշխանությունը ողջ հաղորդաշարում, կամ առնվազն՝ տաղավարում:
Վերոհիշյալ դրվագներն հաստատող տեսագրությունները պահպանված են և կարող են լույս սփռել Հրայր Թովմասյանի հանցավոր անցյալի վրա:
Նշված, ինչպես նաև այլ փաստերի ուսումնասիրության համար պատկան մարմիններին առաջարկում եմ ստեղծել հատուկ կարևոր ինտելեկտուալ հանցագործություններով զբաղվող խումբ:
Պատրաստ եմ համագործակցել նախաքննության հետ:
Հ.Գ. Մոռացա գրել, որ իհարկե այդ ամենն արվում էր Բաբլոյանի լուռ համաձայնությամբ, իսկ Արսեն Բաբայանի մասով թող իրավապահները պարզեն»: