Լուրեր
ՀՀԿ ԵԿ անդամները մասնակցել են «Քաղաքական կուսակցությունների երիտասարդ ներկայացուցիչների առաջնորդության» սեմինարին
27.10.2019

Հոկտեմբերի 26-27-ը Ծաղկաձորում ՀՀԿ ԵԿ անդամների մասնակցությամբ անցկացվել է հերթական սեմինար-ծրագիրը: Այս անգամ այն կազմակեպվել էր Ռոբերտ Շուման ինստիտուտի, Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի և «Ժառանգություն» կուսակցության համատեղ ջանքերով: Քաղաքական կուսակցությունների երիտասարդ ներկայացուցիչների առաջնորդության սեմինարին մասնակցել են ՀՀԿ ԵԿ անդամներ Հասմիկ Ղազարյանը և Տիգրան Վարդանյանը:
Ծրագրի օրակարգը շատ հագեցած և բազմաշերտ է եղել: Դասընթացի ընթացքում քննարկված հիմնական թեմաները կապված են եղել կուսակցաշինության և կուսակցական ռազմավարության մշակման նրբությունների, ընդդիմադիր և իշխանական կուսակցությունների համագործակցության և դրանց միջև հնարավոր կոալիցիաների ձևավորման հմտությունների փոխանցման հետ: Ռոբերտ Շուման ինստիտուտի տնօրեն Գաբոր Բերցզելին ներկայացրել է եվրոպական քաղաքական կառույցները և դրանց փոխկապակցվածությունը այլ միջազգային կառույցների հետ, ինչպես նաև ԵՄ անդամ չհանդիսացող երկրների հետ հարաբերությունների հնարավորությունները:
Սեմինարի մյուս հիմնական թեման եղել է ժողովրդավարությունը: Երիտասարդ քաղաքական գործիչները քննարկել են ժողովրդավարության քաղաքական համակարգը, անդրադարձ է կատարվել նաև ներկուսակցական ժողովրդավարությանը:
Մասնակիցները հանդես են եկել խմբային ելույթներով և առաջադրված թեմաների վերլուծություններով: ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչները խմբային աշխատանքների շրջանակներում ներկայացրել են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, նրա գաղափարախոսությունը, ռազմավարական հիմնական դրույթները և ընթացիկ քաղաքական կուրսը:
Ծրագրի ավարտին մասնակիցներին տրվել են վկայականներ:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն