Լուրեր
Եթե որոշումը ստվերային չէր, ինչու՞ տեղ չգտավ Փաշինյանի «100 քայլ»-ում․ Գագիկ Մինասյանը՝ նախարարների աշխատավարձերի բարձրացման սկանդալի մասին
24.10.2019
«Դա, ըստ էության աշխատավարձի բարձրացում է, որտեղ պարգեւավճարը հավասարեցված է աշխատավարձին» - «Փաստինֆո» - ի հետ զրույցում ասաց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Մինասյանը՝ անդրադառնալով վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձերի բարձրացման սկանդալին։
Գագիկ Մինասյանի խոսքով, սա նորմալ կընկալվեր, եթե չիրականացվեր ստվերային կերպով՝ թաքուն։ Ըստ Մինասյանի, առհասարակ, ստվերային որոշումների կայացումը բնորոշ է, այսպես կոչված, հեղափոխական իշխանություններին։
«Իր նախաիշխանական, հեղափոխական գործունեության ընթացքում քարկոծում է իշխանությունների քայլերը, բայց իշխանության գալով, այդ նույն քայլերը, ավելի ծանր եւ ավելի կատարելագործված ձեւով է իրականացնում»,-նշում է Մինասյանը։
Անդրադառնալով վարչապետ Փաշինյանի՝ նախօրեին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում արած հայտարարությանը, թե որոշման գաղտնիությունը պայմանավորված է եղել ներքին ընթացակարգով, որը նախկինի իներցիայի հետեւանք է՝ Գագիկ Մինասյանն ասաց․ «Եթե նույնիսկ հավատանք, որ դա ինչ-որ ընթացակարգային գործընթաց է եղել, Փաշինյանն ուներ բազմաթիվ առիթներ այդ մասին հրապարակային հայտարարելու։ Օրինակ, կարող էր նշել իր կողմից առաջընթաց գնահատված «100 քայլերի» շարքում։ Պատկերացրեք, եթե նա կարողանում է իր կառավարությունում կարեւորագույն պաշտոններ զբաղեցրած մարդկանց աշխատավարձը կտրուկ բարձրացնել, դա ամբողջ աշխարհում կընկալվեր որպես կարեւորագույն քայլ ՝ ուղղված այդ անձանց ֆինանսական անկախության ապահովմանը, բայց ինքը դա չի արել, այն պարզ պատճառով, որ այդ քայլն արել է հասարակությունից թաքուն, այսինքն, դեմ է գնացել հենց իր իսկ սկզբունքներին»։
Գագիկ Մինասյանի խոսքով, էականն այս իրավիճակում ոչ թե նախարարների աշխատավարձերի բարձրացման բուն փաստն է, այլ այն, որ Նիկոլ Փաշինյանը գործում է հակառակ այն սկզբունքների, որոնցով իր շուրջն էր համախմբում ժողովրդին․ «Քաղաքական գնահատականը սա է՝ նա անում է քայլեր, որոնց դեմ պայքարում էր ընդդիմադիր եղած ժամանակ եւ դա անում է գիտակցաբար։ Իսկ հարցի պատասխանը, թե ինչու նա այդ քայլի մասին բացահայտ չէր հայտարարում, շատ պարզ է՝ որովհետեւ նա պոպուլիստ է»։
Աղբյուր` Փաստինֆո