Լուրեր

«Դե ասել` ասել էիր, տեր կանգնեիր ասածիդ». Էդուարդ Շարմազանովը` Նիկոլ Փաշինյանին

22.10.2019

ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հիշեցնում է, որ մինչ օրս վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ներկայացրել Արցախի հարցի վերաբերյալ իր տեսլականը: «Միգուցե իր տեսլականը Ալիեւին կիրթ համարե՞լն է, Դուշանբեի վերելակում մութ պայմանավորվածությունների ձեռքբերո՞ւմը»,- այսօր «Sputnik Արմենիա» մամուլի սրահում կայացած ասուլիսում հեգնանքով նկատեց նա: Մի բան, սակայն, ըստ բանախոսի ակնհայտ է` մեր դաշնակից երկրի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Վալդայ» համաժողովում առաջին անգամ Հայաստանին մեղադրեց՝ բանակցություններն ապակառուցողական փուլ տանելու մեջ: «Ոչ Տեր-Պետրոսյանի, ոչ Քոչարյանի, ոչ Սարգսյանի իշխանության ժամանակ համանախագահ որեւէ երկրի ԱԳ նախարար ՀՀ իշխանությունների հասցեին ուղիղ նման մեղադրանք չի հնչեցրել»,- փաստում է բանախոսը`ապրիլյան պատերազմից հետո Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները համարելով դեղին քարտ Ադրբեջանին`ռազմական գործողություններ սկսելու համար եւ այդ ժամանակ առկա էր «կոնսեսուս-1», որն Ադրբեջանն էր: Մինչդեռ, ըստ նրա, այսօր առկա է Միլանի պայմանավորվածություն, որտեղ «արդար լուծում» բառակապակցությունն է եւ բացակայում է ժողովրդի ինքնորոշման իրավունքի թեզը:

 

Վերջերս մամուլի ասուլիսում Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը Արցախի հարցում, Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականության շարունակությունն է: Aravot.am-ի հարցին`կիսո՞ւմ է այդ կարծիքը, Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց 1992 թվականի մարտի 5-ին «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հայտնի հարցազրույցը, որում առաջին նախագահն ասել էր`դեմ չէ, որ ԼՂՀ-ն մնա Ադրբեջանի կազմում`լայն ինքնավարությամբ: «Մենք երբեւէ նման կարծիք չենք ասել: Բայց Նիկոլ Փաշինյանը, ի տարբերություն Տեր-Պետրոսյանի, տրամագծորեն հակառակ բանն է ասում: Մենք ապրում ենք մի ղեկավարի ժամանակաշրջանում, որն առավոտյան մի բան է ասում, կեսօրին`այլ, երեկոյան`այլ, ՄԱԿ-ի ամբիոնից մի բան է ասում, Ստեփանակերտում`այլ: Պետական գործիչը պետք է լինի կանխատեսելի. 2008-ի մայիսի 9-ին հայտարարեց, որ Արցախը պետք է դառնա բանակցությունների լիիրավ կողմ, ամիսներ անց`համանախագահները քննադատեցին Փաշինյանի այդ հայտարարությունը, Նիկոլ Փաշինյանը այլեւս լռեց: ՀՀ ԱԺ-ում ասաց`մեզ պետք է մի որոշում, որը պետք է ձեռնտու լինի նաեւ Ադրբեջանի ժողովրդին. մենք դեմ ենք, բայց դե մարդն ասեց, իր տեսլականն է: Հետո օգոստոսին գնաց Ստեփանակերտ`ասաց միացում, Արցախը Հայաստանն է, եւ վերջ: Դե ասել`ասել էիր, տեր կանգնեիր ասածիդ: Հետո ՄԱԿ-ում հայտարարեց, որ ես ՀՀ-ի առաջին ղեկավարն եմ, որը պնդում է, որ լուծումը պետք է ձեռնտու լինի նաեւ Ադրբեջանի ժողովրդին: Հիմա ես`ընդդիմադիր, միամիտ լոռեցի գործիչս, Նիկոլ Փաշինյանի ո՞ր ասածը հիմք ընդունեմ: Մեկ ասում է`ես արցախցիներից մանդատ չունեմ, որ հարցը լուծեմ, մեկ ասում է`հանրաքվե կանենք: Չի լինում այդպես, երբ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը ձեռք է առնում ՀԱՊԿ-ին, իսկ այսօր, երբ վարչապետ է, ՀԱՊԿ-ի համաժողովներին 11 անգամ «սպասիբոներ» է շռայլում»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

 
aravot.am
 
 

← Վերադառնալ ցուցակին